Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԹՓԻ ՏԱԿ՝ «ԻՆՍՊԵԿՏՈՐ»

Սեպտեմբեր 29,2001 00:00

ԱՄԵՆ ԹՓԻ ՏԱԿ՝ «ԻՆՍՊԵԿՏՈՐ» Լրացել էր Արցախի ազատագրման տասը տարին։ Ոչ մի հայ չէր կարող անտարբեր լինել այդ իրադարձության նկատմամբ։ Մեծ դժվարություններ հաղթահարելով, մեկնեցի Արցախ, ականատես եղա փառապանծ այդ տոնակատարության զանազան դրվագներին եւ վերադառնում էի Երեւան։ Վերադառնում էի խարխլված մի տաքսիով, որի վարորդը Երեւանի տաքսիստներից էր։ Ճանապարհին, մինչեւ Լաչինի միջանցք եւ դրանից հետո՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, բախվեցի մի երեւույթի, որին էլ վերաբերում է իմ այս «ռեպլիկը»։ Ասացի, որ տաքսին բավականին խարխլված էր եւ ցավալի տեսք ուներ, բայց ամենացավալին այն էր, որ ամբողջ ճանապարհի ընթացքում, ձեռքի փայտի միջոցով, փողոցային երթեւեկության կարգուկանոնը հսկելու կոչված տեսուչները բազմիցս կանգնեցնում էին մեքենան։ Պարզվում էր, որ վարորդը ներկայանում էր ավտոտեսուչին, «ապացուցում», որ Երեւանից գալիս արդեն «վճարել է պարտքերը», որ նորից չպետք է վճարի։ Նստում էր, գործի գցում մեքենան։ Մի քանի կիլոմետրից նորից կրկնվում էր նույն պատկերը։ Անցանք Գորիսով, մոտենում էինք Եղեգնաձորին ու այդ ամբողջ ճանապարհին ամեն ծառի ստվերում, ամեն թփի տակ կանգնած ավտոտեսուչը իր պարտքն էր համարում «ճշտել»՝ վարորդը վճարե՞լ է, թե՞ ոչ։ Հանրապետության ավտոտեսչության մեծարգո պետ, բոլոր երեւանցիները, ինչպես նաեւ դուք, քաջատեղյակ եք քաղաքի խաթարված երթեւեկությանը, երեւի ականատես եք եղել, թե ինչպես քաղաքին անհրաժեշտ երթուղային տաքսիների թիվը տասնապատիկ գերազանցող մեքենաները, ոտքի կոխան անելով երթեւեկության բոլոր մեծ ու մանր կանոնները, սլանում են փողոցներով՝ տեղ չտալով չքավոր խավին՝ թոշակառուներին սպասարկող փոխադրամիջոցներին՝ տրոլեյբուսներին, ավտոբուսներին։ Իսկ ձեր բազմաթիվ տեսուչները իրենց գրպանի պրոբլեմն են լուծում՝ դիվադադար անելով վարորդներին, ուղեւորներին։ ՍԻՐՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել