Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում

Սեպտեմբեր 29,2001 00:00

Փորձագիտական քաոս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է Լիլիթ Մուղնեցյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դատավարության որոշ նիստեր հրավիրվում են դռնփակ, ուստի «Առավոտը» տուժող Գագիկ Ինջիղուլյանի իրավահաջորդների խոսքը ներկայացնում է ձեզ։ 2000թ. փետրվարի 16-ի ուշ երեկոյան Գուգարքի զինվորական կայազորի պահեստապետ Աբգար Ավետիսյանը, նույն կորպուսի վաշտի հրամանատար որդուս՝ Գագիկին, հյուրասիրության պատրվակով հրավիրել է Վանաձոր քաղաքում գտնվող իր բնակարանը։ Նախաքննությամբ չպարզված հանգամանքներում Ավետիսյանի կինը՝ Լիլիթ Մուղնեցյանը ատրճանակի մեկ կրակոցով բնակարանի միջանցքում սպանել է որդուս։ Գուգարքի զինդատախազությունը նախաքննության առաջին փուլում այնպես էր ներկայացրել, թե իբր Գագիկը ինքնասպանություն էր կատարել, շտապելով այդ մասին մամուլում հաղորդագրություն տալ։ Այնուհետեւ առաջ էր քաշվել այն վարկածը, թե իբր Լ. Մուղնեցյանը հոգեկան հիվանդ վիճակում էր կատարել սպանությունը, իսկ վերջին վարկածն էլ այն էր, թե Գագիկը բռնաբարության եւ սեքսուալ հարաբերությունների է մղել Լիլիթին (այն դեպքում, երբ ննջասենյակում էր ամուսինը՝ Աբգար Ավետիսյանը)։ Լիլիթ Մուղնեցյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր կալանքը։ Մինչ այդ նշանակվել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ ստացիոնար կարգով։ Ըստ այդ փորձաքննության եզրակացության, Լ. Մուղնեցյանը ինչպես դեպքից առաջ, այնպես էլ դեպքի պահին եւ դեպքից հետո եղել է մեղսունակ, հոգեպես առողջ եւ սպանություն կատարելիս չի գտնվել աֆեկտի վիճակում։ Այդ եզրակացությունը տվող հանձնաժողովի անդամների ձեռքի տակ էին քրեական գործի նյութերը, այդ թվում՝ 2000թ. փետրվարի 17-ից մինչեւ մարտ ամիսը Լիլիթ Մուղնեցյանի ձեռքով շարադրված ցուցմունքները։ Դատաքննության ընթացքում (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան) արվեց ամեն ինչ, որպեսզի դատաքննությունն ընթանա դռնփակ։ Նիստից նիստ տեսնելով, որ իրոք սեւ ամպեր են կուտակվում ամբաստանյալ Լիլիթ Մուղնեցյանի գլխին, որ համաներման ակտը չի տարածվում նրա վրա, դատավորը բավարարեց ամբաստանյալի պաշտպանի կողմից լրացուցիչ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը։ Չնայած գործով մեղադրողը, մենք՝ տուժողի իրավահաջորդներս, մեր ներկայացուցիչը՝ փաստաբանը, հիմնավոր փաստարկներ բերեցինք այդ միջնորդության դեմ։ Փորձագետները դատարանին մատուցեցին տրամագծորեն ճիշտ հակառակ եզրակացություն ամբաստանյալ Լ. Մուղնեցյանի վերաբերյալ, ըստ որի, իբր նա դեպքի օրը եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ «Միաժամանակ նշվել է, որ կրիմինոգեն պայմաններում փորձաքննվողը գտնվել է հոգեկան լարվածության վիճակում,- շարադրել էին փորձագետները եւ շարունակել,- փորձաքննվողի կողմից կատարված հանցագործության ընթացքը համապատասխանում է ֆիզիոլոգիական աֆեկտին բնորոշ զարգացման դինամիկային եւ հուզական ռեակցիային. պայթուցիկ բնույթի կտրուկ բռնկում, գիտակցության մասնակի նեղացում՝ պայմանավորված հոգեկան գործունեության փոփոխություններով, հիշողության մասնակի կորուստ՝ ամնեզիա, հետաֆեկտային ասթենիա»։ Այդ փորձագետների հանցավոր միտումը առավել ցայտուն է դառնում, երբ կարդում ենք նրանց կողմից տրված լրացուցիչ եզրակացությունը, որտեղ միայն փորձաքննության համար տվյալներ են համարվել Լ. Մուղնեցյանի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ հետապնդող մտացածին պատճառաբանությունները, որոնք հերքվել են նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով։ Սա ամենամեծ խայտառակությունն է այդ եզրակացության տակ ստորագրող, գիտական մեծ աստիճաններով զարդարված անձանց համար (Մ. Ա. Մելիք-Փաշայան, Է. Ա. Գրին, Ս. Զ. Թադեւոսյան, Ա. Մ. Ղահրամանյան եւ Ս. Տ. Մաթեւոսյան)։ Բնական է, որ արդեն առաջ է գալիս կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը, որը պահանջում ենք՝ կատարվի անկախ մասնագետների կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել