Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մամուլի

Սեպտեմբեր 29,2001 00:00

ԺԱՆՏԱԽՏԸ, ՀԱՅՏՆԻ ԲԱՆ Է, ՉԻ ԿԱՇԱՌՎՈՒՄ Մամուլի տան երկրորդ հարկում երեկ հրավիրվել էր «Արդարադատությունն ու մենք» խորագրով կլոր սեղան։ Կազմակերպիչներն էին դատապարտյալների «Տանիք» նորաստեղծ իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրները։ Բացելով կլոր սեղանը՝ օրերս թիվ 1 քննչական մեկուսարանից վերադարձած Աշոտ Բլեյանը նախաբան խոսքում ասաց. «Լավ է, որ մեր կալանումը լավ սկիզբ եղավ օրգանի, պետական իշխանության բռնության եւ անօրենության դեմ մեր միության։ Կալանքի կրումը այդ միության, մեր համատեղ պայքարի վախճանը չեղավ, այլ եղավ ազատության մեջ մեր եւ այլոց ազատությունների պաշտպանության մեր նոր պատասխանատվության շրջանը»։ Ա. Բլեյանը ներկայացրեց իր կալանքի ընկերներին, որոնք էլ պատմեցին «վերադաստիարակման», անազատության մեջ գտնվելու տարիների մասին։ Պապին Խաչատրյան. Ծնվել է 1960 թ., 1993թ. դատապարտվել է ազատազրկման՝ 6 ամիս ժամանակով։ 1996թ. եղել է վարպետ, 2000թ. ձերբակալվել է կեղծ մեղադրանքով, առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրօրի 229 հոդվածի 2-րդ մասով։ Դատավճռով (1 տարի ազատազրկում) «օրինականացվել» է 1 տարվա նախաքննական կալանքը՝ ընտրված որպես խափանման միջոց։ Ապրում է վարձով, կինը չի աշխատում, մեծ որդին ծառայել է բանակում, փոքր որդին հաշմանդամ է, աղջիկը՝ դպրոցական։ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի 47 խցի կալանավոր Պ. Խաչատրյանը պատմեց, թե ինչպես մի փոքրիկ շարժառիթով ընտանիքը հասել էր քայքայման եզրին, թե ինչպես մի օրինապահի պատճառով, իրեն տանը չհայտնաբերելով, կնոջն ու տղային վերցրել էին պատանդ. «Վեց օր տղայիս ԿՊԶ-ում ծեծի ենթարկեցին, պահանջելով հայտնել իմ տեղը, իսկ կնոջս վրա քիչ էր մնում հոդված դնեին, թե ծեծել է հանրահայտ վարչության 10 աշխատակիցների»։ Նախկին դատապարտյալը պատմեց, թե ինչպես իր անմեղությունը ապացուցելու համար անգամ դատարանում կտրել է կոկորդը («Առավոտը» գրել է այդ մասին)։ Արդյունքում քայքայվել է առողջությունը, իսկ երբ ազատության մեջ հայտնվելով փորձել է իր իրավունքները պաշտպանել՝ քրգործ հարուցել արդարության պահապանների նկատմամբ, այն մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Արամ Քոչարյան. Ծնվել է 1966թ., առագաստանավային սպորտի վարպետի թեկնածու է, Հայաստանի, Վրաստանի բազմակի չեմպիոն, աշխատել է Բրեստում, Մոսկվայում, Լեհաստանում, զբաղվել է շինարարությամբ։ 2001թ. ապրիլի 19-ին դատապարտվել է ՀՀ քրօրի 175 հոդվածով՝ ազատազրկվելով 1 տարի 6 ամիս։ Երկու ամիս գտնվել է կալանքի մեջ։ Ունի երկու երեխա։ Արամի մեղքն այն էր, որ վարձակալության տրված նրա մեքենայով տեղի էր ունեցել վթար։ Ինչպես ինքն ասաց, դատապարտվեց դատարանում «ծամոն ծամելու համար», ինչը չէր վրիպել դատավորի աչքից։ Նախկին դատապարտյալն ասաց, որ դատավճիռ կայացնողը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ ինքը երբեք չի դատվել։ Անգամ Սեւանի քաղաքապետի կողմից եղել է միջնորդություն։ Ընդհակառակը, տեղափոխելով նրան թիվ 1 քննչական մեկուսարան, պահում էին 67 խցում՝ խիստ ռեժիմի։ Վահան Հարությունյան. Ծնվել է 1960թ., 1999-ին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզ, աշխատել է Դոնի Ռոստովի միկրոբիոլոգիայի բժշկական ինստիտուտում, որտեղ մշակել է քաղցկեղի, շաքարախտի, լյարդի ցիռոզի բուժման նոր տարբերակներ։ 1999-ի հոկտեմբերին վերադարձել է Հայաստան եւ արտոնագրային վարչությանը հայտ է ներկայացրել 22 գյուտի գրանցման համար։ Նոյեմբերի 24-ին իր աշխատասենյակում ԱԱՆ աշխատակիցները ձերբակալում են նրան՝ ներկայացնելով պաշտոնեական դիրքի չարաշահման, լրտեսության, խարդախության, փաստաթղթերի կեղծման, դիտավորյալ սպանության… բռնաբարության մեղադրանքներ։ Եղել է Արթիկի ուղղիչ-աշխատանքային գաղութում, թիվ 1 մեկուսարանում, ունի 3 երեխա։ Այժմ ղեկավարում է «Արագած» բժշկական կենտրոնը։ Նախկին դատապարտյալը հատկապես ազդված էր հայ չեկիստների՝ բուժհիմնարկ ներխուժելու, ապօրինաբար իրեն կալանավորելու, իր նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար։ Նա ասաց, որ իր առեւանգման մասին բավականին ուշ են իմացել ընտանիքի անդամները եւ իմացել են այն Մնջոյան ինստիտուտի մոտ կանգնած մի մարմնավաճառ կնոջից… Սարգիս Շահմուրադյան. Բրյուսովի անվան ինստիտուտի դասախոս, թիվ 1 մեկուսարանի նախկին դատապարտյալ։ Վերջինս նախ ընթերցեց իր բանաստեղծությունը կլոր սեղանի մասնակիցների համար եւ ապա մեջբերեց փիլիսոփայի հայտնի մտքերը, թե մարդուն կարելի է հետապնդել, բայց ոչ պատվազրկել։ Ինչպես Ս. Շահմուրադյանի, այնպես էլ Վ. Հարությունյանի, Արթուր Գյուրջինյանի մասին «Առավոտը» բազմաթիվ անդրադարձներ է արել։ Արթուր Գյուրջինյան. ՍՍՀՄ սպորտի վարպետ, մարմնամարզիկ, Հ. Շահինյանի անվան մարզադպրոցի տնօրեն, միջազգային մրցույթների բազմակի հաղթող։ Կալանքի մեջ է եղել 9 ամիս, 2000թ. դեկտեմբերին դատապարտվել է 9 ամիս ազատազրկման։ Արթուրի թեման էր՝ «Օրենսդրական քաոս ու անպաշտպան քաղաքացի»։ Նա անդրադարձավ հատկապես ԱԺ պատգամավորների գործունեությանը (ձեռնարկատիրական), որոնք ոչ մի բանի առաջ չեն կանգնում այս կամ այն յուղալի պատառն իրենցով անելու համար։ Կլոր սեղանը բացառիկ էր այն իմաստով, որ գրանտային չէր, որ անցկացնողները իրենց մաշկի վրա օրենքի ողջ ուժը զգացած մարդիկ էին եւ ամենազարմանալին այն էր, որ առաջացրին ներկա իրավապաշտպանների զարմանքը։ «Մենք պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնենք եւ գործենք այնպես, կարծես հիվանդությունը ժանտախտ է, իսկ ժանտախտը, հայտնի բան է, չի կաշառվում։ Ժանտախտի դեմ պայքարելու միակ ձեւը մեր՝ պայքարողներիս պարկեշտությունն է»,- ասում էին «Տանիքի» անդամները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել