Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-վրացական

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԿԱՄ «ՀԱՅԵՐԸ՝ ՎԵՐՋԻՆ ՎԱԳՈՆ…» Հայ-վրացական հարաբերություններում «Եղբայր ենք մենք…» չարչրկված, մաշված արտահայտությունը միշտ հերթապահ է եւ հնչում է պատեհ ու անպատեհ առիթներով՝ իր տակ թաքցնելու համար դաժան ու ծանր իրականությունը։ Երբ Վրաստանն ընդգրկվում էր Եվրախորհրդի մեջ, երկրի իշխանությունները, իրենց «խղճին համապատասխան», երկրի ազգային փոքրամասնություններին ներկայացնում էին դրախտում… Չնայած արդեն կային Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ այլ ազգամիջյան կոնֆլիկտները։ Վրաստանի բազմազգ հանրապետության երկրորդ ազգությունը հայությունն է։ Հայերը հոծ բազմությամբ բնակվում են Թբիլիսիում (մոտ 300 հազար), հարավում՝ պատմական Հայաստանի Գուգարք նահանգի հյուսիսային մասում (Ջավախք, Թռեխք, Սոմխիթ, Մանգլացփոր եւ այլն), եւ Գոդերձականում (Սամցխե, Աճարա) (մոտ 300 հազար), Կախեթում եւ այլուր։ Հայախոս եւ վրացախոս հայերը միասին կազմում են երկրի բնակչության 20%-ից ավելին։ Այս թիվն, իհարկե, ավելի մեծ կլիներ, եթե հարյուրհազարավոր հայեր չվրացացվեին, այսինքն, չվերացվեին որպես հայեր։ Ձուլման գլխավոր մեթոդը հետեւյալն էր. ուզո՞ւմ ես աշխատանք ու պաշտոն, լավ վերաբերմունք իշխանությունների կողմից, կարճ՝ լավ ապրուստ՝ վրացի դարձիր… Սպիտակ եղեռնը տեղի է ունենում նաեւ հայկական մշակույթի ոչնչացմամբ (սկսած 19-րդ դարի կեսերից)։ Վրաստանի իշխանությունները, օգտվելով 20-րդ դարի 30-ականների բարենպաստ պայմաններից, ոչնչացրին Թիֆլիսի, Բրոսսեի ձեւակերպմամբ, հայ մոքալաքների (քաղաքացիների) համար կառուցված այդ քաղաքի 33 հայկական եկեղեցիների մեծ մասը (իսկ այժմ թողել են միայն երկուսը)։ Ենթադրենք, այս եւ նման այլ բարբարոսությունները խորհրդային աթեիստական բռնապետության գաղափարախոսության արգասիք էին… Իսկ ի՞նչ մեղք ունեին գերեզմանները։ Խորհրդային իշխանությունները գերեզմանների նկատմամբ առանձնապես նման վերաբերմունք չունեին։ Այդ դեպքում ի՞նչը մղեց Վրաստանի իշխանություններին Խոջիվանքի եկեղեցու հետ միասին գլխովին ոչնչացնելու հարյուրավոր տարիների գոյությունը պահպանած Խոջիվանքի հայկական գերեզմանատունը՝ զբոսայգի դարձնելու պարզունակ պատճառաբանությամբ։ Այսօր այդ չլսված ու չտեսնված վանդալիզմը Եվրախորհրդի անդամ պետության կողմից իր տրամաբանական վախճանին է հասցվում։ Հայ հանգուցյալների նկատմամբ տարած «փայլուն» հաղթանակի պատվին՝ խորհրդանշորեն նրանց աճյունների վրա վեր է խոյանալու վրացական եկեղեցին… Խորհրդային շրջանից դեռեւս ձեւականորեն գոյություն ունեցող Խոջիվանքի հայ Մեծերի պանթեոնը այսօր էլ շարունակում են պղծել եւ ոչնչացնել… Ընդամենը վերջերս էր, որ տապալեցին Մեծն Րաֆֆու հուշարձանը… Վերջին 10 տարում երկու անգամ այրեցին Թբիլիսիի հայկական թատրոնը։ Գիտակցելով, որ դպրոցն ու լեզուն են պահում ազգը, վրաց իշխանությունները փակում էին հայկական դպրոցներն ամենուրեք՝ Կախեթում, Աբխազիայում, Քարթլիում, Թբիլիսիում եւ այլուր։ 20-րդ դարի 30-ական թվականներին Թիֆլիսի 150 հազար հայերի 37 հայկական դպրոցներից այսօր, քաղաքի 300 հազար հայերի համար, թողել են ընդամենը 3-4 դպրոց, այն էլ՝ «ինտերնացիոնալ»։ Եղած հայկական դպրոցներում էլ չեն դասավանդվում հայոց պատմություն։ Սպիտակ եղեռնի իրականացմանը նպաստող վերոհիշյալ երեւույթների մաս է կազմում նաեւ այն հանգամանքը, որ հայկական արվեստի կենտրոններ, բուհեր չկան Թբիլիսիում եւ երկրում ընդհանրապես (թերեւս մանկավարժական ինստիտուտում «հայկական» բաժին կա, որը հայկական դպրոցների համար վրացերենի, ինչպես եւ հայերենի ուսուցիչներ է պատրաստում)։ Հայ բնակչությունը երկրի քաղաքական կյանքին համարյա չի մասնակցում (բացառությամբ՝ ընտրությունների ժամանակ «ընտրողի» դերում հանդես գալուց)։ Երկրի խորհրդարանի 235 պատգամավորից միայն հինգն են հայ (սա առաջընթաց է, որովհետեւ նախորդ խորհրդարանում հայերի թիվը երկուսն էր), այն դեպքում, երբ հայ պառլամենտականների թիվը պետք է լիներ 40-45 հոգի։ Ոչ մի հայ նախարար եւ բարձրաստիճան պաշտոնյա չկա կառավարության կազմում եւ այլուր՝ ընդհանրապես։ Վերջերս վրացական մամուլը մի այնպիսի վայնասուն բարձրացրեց Զ. Ժվանիայի՝ նախագահի հնարավոր թեկնածության կապակցությամբ, մոր հայ լինելու հանգամանքի շուրջ, որը, ինչպես միանգամայն ճիշտ է բնորոշել Վալերի Այդինյանը «ծՏՉՏպ ՉՐպՎ255» թերթում՝ ֆաշիզմի ոչ սովորական դրսեւորում է։ Հայերիս համար բոլորովին նշանակություն չունի, թե ով կդառնա Վրաստանի նախագահ՝ Զ. Ժվանիա՞ն, թե՞ մեկ ուրիշը։ Բայց ցավն այն է, որ վրաց մամուլը միաձայն դեմ է Ժվանիային՝ նրա «հայկական ծագման» պատճառաբանությամբ։ Հայերը, որ անհիշելի ժամանակներից այդ երկրի քաղաքացիներն են, ինչո՞ւ չպետք է օգտվեն այն նույն իրավունքներից, ինչ վրացիները, որոնք, ի դեպ, երկրում երբեք էլ մեծամասնություն չեն։ Եթե վրացի չհաշվեն իրենց կողմից սպիտակ եղեռնի զոհեր դարձած մեգրելներին, սվաններին, օսերին, հայերին եւ այլոց, ապա վրացիները Վրաստանի «Հանրապետության» բնակչության 30%-ն էլ չեն կազմի։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են հայերիս հետ վարվում մուսուլմանական երկրներում եւ այլուր։ Վրացիների ավագ եղբայրների՝ թուրքերի Ստամբուլ քաղաքում 70 հազար հայերի համար գործում են 30 հայկական դպրոց, այդքան էլ եկեղեցի։ Իրանի Իսլամական Հանրապետությունում գործում են 50 հայկական դպրոց, այդքան էլ եկեղեցի։ Ի դեպ, մեր իսկապես պարսիկ եղբայրները հայկական եկեղեցիները ոչ միայն չեն ոչնչացնում, ինչպես վրացիներն են անում, այլ ընդհակառակը՝ պետության միջոցներով վերականգնում են ու վերանորոգում։ Թեհրանում 12 հեկտար տարածության վրա գործում է Հայկական մարզական համալիր։ Թեհրանի եւ Սպահանի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ, լույս են տեսնում հայերեն թերթեր եւ այլն։ Իրանում հայերի թիվը 250 հազար է, սակայն 70 միլիոնանոց այդ երկրի պառլամենտում մշտապես 2 հայ պատգամավոր է ընտրվում (1 հրեա, 1 զրադաշտական եւ այլն)։ Լիբանանում 150 հազար հայերի համար գործում են 60 հայկական դպրոց, տասնյակ եկեղեցիներ, կուսակցություններ, մարզական կազմակերպություններ, բազմաթիվ թերթեր ու ամսագրեր։ Ըստ այս 3 միլիոնանոց պետության Սահմանադրության, պառլամենտի 99 անդամներից 6-ը հայեր են, կառավարության 2 նախարար եւս հայեր են (այդպես է նաեւ մյուս փոքրամասնությունների համար)։ Այսպես կարելի է թվարկել բազմաթիվ երկրներ, որտեղ հայերի, ինչպես նաեւ մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվում է հարգանք ու հանդուրժողականություն։ ԱՐՏՅՈՒՇ ՍԱՆՈՍՅԱՆ Պատմագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել