Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավստրիայի հայկական համայնքին մոտիկից շփվելու առիթը Հայաստանի եւ հայերի լավագույն բարեկամ, Վիեննայի ք

Սեպտեմբեր 29,2001 00:00

Մերոնք Ավստրիայում Ավստրիայի հայկական համայնքին մոտիկից շփվելու առիթը Հայաստանի եւ հայերի լավագույն բարեկամ, Վիեննայի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի կովկասյան տարածաշրջանի հարցերով պատասխանատու, արմատներով հայ Շտեֆան Ռայների հրավերն էր։ Օգտվելով առիթից, անմիջապես հետաքրքրվեցինք Ավստրիայում բնակվող մեր հայրենակիցների կյանքով ու համայնքի խնդիրներով։ Մեր զրուցակիցը Ավստրիայի հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյանն է, ըստ որի, Ավստրիայում ապրում է շուրջ 4000 հայ, որոնցից 3000-ը՝ Վիեննայում։ Համայնքը Ավստրիա է ներգաղթել հիմնականում Պարսկաստանից, բայց հիմա նկատվում է արտագաղթելու միտում, այս անգամ արդեն՝ Ամերիկա։ Հայկական մշակութային ընկերության նախագահը, անդրադառնալով համայնքի մշակութային կյանքին, առանձնացրեց ապրիլի 24-ի եւ մայիսի 28-ի միջոցառումները, որոնք արվում են ամեն տարի՝ հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանի մոտ համախմբելով ոչ միայն Ավստրիայի, այլեւ Գերմանիայի, Իտալիայի հայերին։ Ամեն անգամ այդ միջոցառումները վերածվում են հայկական հարցի միջազգայնացման մի յուրօրինակ ակցիայի։ Ի տարբերություն շատ երկրների, Ավստրիայում հայերը ներգրավված չեն պետական կառավարման մարմիններում, սակայն աշխատանքով ապահովված են գրեթե բոլորը։ Հիմնականում բժիշկներ են, ինժեներներ, դասախոսներ, իրավաբաններ եւ անհատ ձեռներեցներ։ Ըստ կեցության, դասվում են միջին եւ միջինից բարձր խավերի շարքում։ Համայնքի պահպանման համար թեեւ ստեղծված են համապատասխան կառույցները, սակայն դրանք ակտիվ չեն գործում. ոչ բոլոր հայերն են մասնակցում համայնքի նախաձեռնություններին, արձանագրեց Ռազմիկ Թամրազյանը։ Ի դեպ, այստեղ է ապրում Գարեգին Նժդեհի թիկնապահներից մեկը՝ 82-ամյա Կարպիս Փափազյանը, որը հեղինակություն է վայելում համայնքում։ Անչափ քչախոս, համեստ անձնավորություն է։ Հայաստանում եղել է տասն անգամ, վերջինը՝ երկրաշարժի առիթով եւ շոշափելի օգնություն է ցուցաբերել աղետի գոտուն։ Այժմ ամբողջ աշխարհում գործում է «Կարպիս Փափազյան» հիմնադրամը, որի միջոցներով պարգեւատրվում են օտարազգի այն գործիչները, որոնք աչքի են ընկնում հայանպաստ գործունեությամբ։ Վիեննայում գործում է Հովհ. Շիրազի անվան շաբաթօրյա հայկական դպրոցը, որը տեղավորված է Սբ. Հռիփսիմե եկեղեցում։ Միակն է Ավստրիայի տարածքում, որտեղ հայ երեխաները կարողանում են սովորել հայերեն։ Այսօրվա դրությամբ դպրոց է հաճախում 120 հայ երեխա, սակայն շուտով կմնա 80-ը, մնացածը ծնողների հետ մեկնելու է ԱՄՆ։ Ըստ ներկայացված վիճակագրության, հայկական դպրոց հաճախող երեխաների թիվը գնալով նվազում է։ Բավական է նշել, որ շատ հայ ծնողներ իրենց երեխաներին պարզապես չեն ուզում հայկական դպրոց ուղարկել։ Դպրոցում դասավանդվում են հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, կրոն եւ հայոց լեզու՝ արեւելահայերեն ու արեւմտահայերեն տարբերակներով։ Ուսուցիչները վարձատրվում են յուրաքանչյուր աշակերտի մուծած 10 դոլար ամսական վարձավճարի հաշվին։ Վիեննայի Մխիթարյան միաբանության կենտրոնակայանը յուրահատուկ հավաքատեղի է հայ ժողովրդի մշակույթի, ազգային ավանդույթների պրոպագանդման համար։ Այստեղ պահվում է 400 հազար կտոր գրականություն, որից 150 հազարը՝ ձեռագիր մատյաններ։ Հարյուրավոր ավստրիացիներ են այցելում միաբանության թանգարան, ծանոթանում հայ ժողովրդի մշակույթին ու արվեստին, ազգային տարազի նմուշներին, հայի նիստուկացին։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով հոկտեմբերի 20-ին միաբանության թանգարանում կազմակերպվելու է խոշոր ցուցահանդես։ Ավստրիայում արբանյակային հեռարձակմամբ կարողանում են դիտել Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրերը եւ ծանոթ են մեր երկրում կատարվող իրադարձություններին։ Դիտում են բոլոր հաղորդումները։ Սակայն դատապարտում են Հայաստանի անդորրը խախտող «անհարկի միտինգները»։ Ինչպես իրենք են ասում, այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը գոնե այս տարի թող իրենց զսպեն։ «Քրիստոնեության 1700-ամյակի առիթով ուզում են Հայաստան գալ բազմաթիվ հյուրեր, աշխարհին ուզում ենք ցույց տալ մեր ով լինելը, սակայն նրանք նախագահի հրաժարականն են պահանջում՝ ապակայունացնելով իրավիճակը։ Ո՞ր զբոսաշրջիկը կցանկանա այցելել անկայուն երկիր։ Հայաստանյան իրականությանը այսպես են արձագանքում Ավստրիայի մեր հայրենակիցները»։ Հայ եկեղեցին դարեր շարունակ համախմբման միջոց է եղել, մանավանդ հայրենիքից դուրս։ Սակայն Ավստրիայի հայ համայնքի միասնությունը ճաքեր է տվել, որում իրենց «լուման» ունեն տեղի հոգեւորականներն ու եկեղեցու միության վարչությունը։ Մի քանի տարի առաջ աղմուկ հանած անախորժ պատմություններին, որոնք սեպ են խրել համայնքի միասնության մեջ, անդրադարձել է հայաստանյան մամուլը։ Ցավոք, այսօր էլ այդ հակասությունը շարունակվում է։ Պատճառները փորձեցինք պարզել, սակայն եկեղեցու միության վարչության նախագահ Ժորա Անտոնյանը մեր ժամադրությունը խախտեց մեկ ժամ ուշացումով, ինչը եւս մեկ անգամ ցույց տվեց այս վարչության աշխատանքի ոճը։ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել