Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության պահպանության ներկայիս խնդիրները մեծ մասամբ ժառանգություն

Սեպտեմբեր 29,2001 00:00

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ Է Բնության պահպանության ներկայիս խնդիրները մեծ մասամբ ժառանգություն են նախկին հասարակարգից եւ ավելի են խորացել տնտեսական ճգնաժամի պատճառով: 90-ական թվականների սկզբներին բնապահպանական շարժումն օգտագործվեց քաղաքական նպատակներով, իսկ Նաիրիտ գործարանի եւ Հայկական ատոմակայանի աշխատանքների խափանումը քայքայեց մեր տնտեսական համակարգը, ինչի արդյունքում բնապահպանության ճգնաժամը միայն խորացավ: Ներկայումս բնության պահպանության խնդիրները եւս ենթարկվել են գլոբալիզացիայի, եւ առանձին անհատներ, կազմակերպություններ եւ, որոշ դեպքում ՝ պետություններ, ի վիճակի չեն միայնակ գտնել անհրաժեշտ լուծումները: Արդեն ձեւավորված միջազգային քաղականությունը հիմնականում ուղղված է հետեւյալ գլոբալ խնդիրների լուծմանը՝ մթնոլորտի «ջերմոցային» երեւույթների կանխարգելում, բույսերի եւ անասունների կենսաբանական բազմազանության պահպանում, սննդի աճող դեֆիցիտի վերացում, բնակչության միգրացիայի կանխարգելում /հիմնականում դեպի զարգացած հյուսիսային երկրները, ինչի արդյունքում գրանցվում է նաեւ որոշ տարածքների դուրսբերումը մարդկային ստեղծագործական գործունեության ոլորտից/, աղքատության եւ հարստության հակադրության մեղմացում (արդեն 1997թ. հարուստները (բնակչության 20%) տիրապետում էին երկրագնդի նյութական արժեքների 86%-ին): Սրանք բնության արժեքների պահպանման համար կարող են ունենալ ճակատագրական նշանակություն: Միամիտ պատկերացում է, որ միայն ծառատունկերով, վարչական միջոցներով եւ կոչերով, առանց բնակչության կենսամակարդակի ապահովման կարելի է ակնկալել շոշափելի արդյունքներ: Ոլորտի խնդիրների լուծման ստրատեգիական տեխնոլոգիական մոտեցումները մասնագետները տեսնում են արեւային էներգիայի օգտագործման գործակցի բարձրացման մեջ (էլեկտրական էներգիայի ստացում արեւային կայաններով, կանաչ տեխնոլոգիաների զարգացում, որոնք պետք է փոխարինեն նաեւ մի շարք քիմիական արտադրատեսակների, էկոտեխնոլոգիաների զարգացում եւ այլն): Զարգացած երկրներում բնության պահպանության խնդիրների նշանակությունը հասցված է մինչեւ պետությունների քաղաքականության որոշիչ ոլորտ: Հայաստանի կառավարությունը եւս չի կարող իր քաղաքականությունում հաշվի չառնել այդ մոտեցումները /չի կարելի բացառել, որ բնության պահպանության խնդիրները կարող են խոչընդոտել մեր տնտեսության զարգացման գործընթացին, մյուս կողմից՝ տնտեսության զարգացումը նաեւ բնապահպանման խնդիրների լուծման միակ երաշխիքն է/: Ընդունելի չեն այն մոտեցումները, որոնք Հայաստանը տեսնում են որպես միայն ագրարային եւ տուրիստական երկիր, որի հիմնական արտադրանքները պետք է լինեն տարբեր տեսակի ջրեր, պահածոներ եւ այլն: Այդ մոտեցումները մշակողները երեւի վատ են ծանոթ մեր ժողովրդի պատմությանը եւ դարերով կուտակված ինտելեկտուալ պոտենցիալին, որը թույլ տվեց սովետական ժամանակաշրջանում ապահովել հանրապետության զարգացումը՝ որպես առաջադեմ արդյունաբերական եւ գիտական կենտրոն: Այժմ միջազգային օգնությունը հիմնականում ուղղված է մեր տնտեսական ճգնաժամի պատճառով բնությանը հասցված վնասի մեղմացմանը եւ դեռեւս ոչ միշտ է համապատասխանում ոլորտի եւ արտադրության կայուն զարգացման արմատական խնդիրների պահանջներին: Հետեւապես մենք դեռ չենք կարողացել համոզել միջազգային հանրությանը, որ Հայաստանը ունի արդյունաբերությունը բարձր կուլտուրայով կազմակերպելու պոտենցիալ եւ չենք ձեւավորել արդյունաբերության զարգացման այնպիսի քաղաքականություն, որը կհամընկնի մեր ժողովրդի ցանկություններին եւ միաժամանակ հաշվի կառնի բնապահպանության ոլորտին միջազգային հանրության մոտեցումները: Այսօրվա զարգացած երկրներն իրենց ինտենսիվ ինդուստրիալիզացիայով ավելի շատ վնասներ են հասցրել բնությանը, քան կարող է հասցնել մեր փոքր հանրապետությունը: Այնուամենայնիվ բնապահպանության ոլորտում միջազգային հանրությունից մենք պետք է ունենանք որոշ աջակցություն, որը թույլ կտա նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի հասցրած վնասները: Իսկ այս բնագավառում մեր կառավարության անելիքները՝ նախկինից ժառանգած խնդիրներով, բազմազան են՝ սկսած արդյունաբերական ոլորտի էկոտեխնոլոգիաների մշակումից, վերջացրած ֆինանսավորման հայթայթման եւ կայուն զարգացման ուղղությունների հիմնավորումից, որոնք կնպաստեն բնության պահպանության գլոբալ խնդիրների լուծմանը եւ միաժամանակ կբացառեն անբարենպաստ զարգացումների հնարավորությունները: ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ254254 Նաիրիտ254254 ԲԲԸ փոխտնօրեն, ՀՀ Ապրանք արտադրողների միության վարչության նախագահության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել