Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 29,2001 00:00

Մաշտոցի պողոտան «կբեռնաթափվի» «Լինսի» հիմնադրամի միջոցներով 7 մլն դոլար է հատկացվել Երեւան քաղաքի գլխավոր փողոցների ու կենտրոնական հատվածների բարեկարգման համար։ Կարգի կբերվեն Աբովյան, Սայաթ-Նովա փողոցները, Բաղրամյան պողոտան՝ ոչ ամբողջությամբ, Հանրապետության հրապարակը, ինչպես նաեւ Մյասնիկյանի հրապարակը Հաղթանակ կամրջին միացնող հատվածը։ Ի դեպ, այդ բազմաբնույթ աշխատանքների կազմակերպման համար կազմակերպչական խորհրդի կազմում ընտրվել է մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչ՝ տարբեր գերատեսչություններից։ Խորհուրդը նախագահելու է Երեւանի փոխքաղաքապետ եւ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նրա հավաստմամբ, «անսովոր այդ ձեռնարկի» արդյունքում լիովին բեռնաթափվելու է Մաշտոցի պողոտան՝ մյուս փողոցների հաշվին քաղաք ելքն ու մուտքը ապահովելու դեպքում, լուծվելու է Երեւան մուտք գործող մի ամբողջ քաղաքաշինական հանգույցի խնդիր, եւ այդ «լուրջ քաղաքական ձեռքբերումը դրական է անդրադառնալու նաեւ հարակից կառույցների բարեկարգման վրա, ասֆալտապատվելու են փողոցներն ու հրապարակները, կառուցվելու է եռանկյունի հրապարակ, կանաչազարդ զբոսայգի, բազալտե հենապատկերներ եւ այլն»։ Շինարարական աշխատանքները սկսվելու են 2 շաբաթից եւ ավարտվելու են 2002թ. հունիսի 2-ին։ Ծրագրի ու մրցույթի կարգը ներկայացրեց ճանապարհաշինության հարցերը համակարգող Էդուարդ Բեզոյանը, որը հրապարակեց նաեւ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 8 շինարարական կազմակերպություններից 6-ի անունները (2 կազմակերպություն հոկտեմբերի 28-ի, ժամը 2-ի դրությամբ դեռեւս չէր ներկայացել)։ Ներկա կազմակերպություններն էին՝ «Ուկրշինը», «Խաչհատը», «Վառմաշը», «Արեգ Բլոկը», «Ինտերը», «Բերման», «Դորոժնիկը» եւ «Սահակյանշինը»։ Ներկայացված փաթեթների ու փաստաթղթերի, ինչպես նաեւ բանկային երաշխիքների ճշտումից 1 շաբաթ հետո միայն հայտնի կդառնա հաղթող կազմակերպության անունը։ Էդուարդ Բեզոյանը, ծրագրի հիմնական բովանդակությունը ներկայացնելիս՝ վերջում քաղաքի մակետի վրա ցույց տվեց բոլոր նշանակալի կառույցներն ու փողոցները՝ Հաղթանակ կամուրջը, «Մետրոպոլ» հյուրանոցը (որն, ի դեպ, նախկին գլխավոր ճարտարապետներից մեկը որակել էր որպես պարսկամոնղոլական ոճի, քաղաքի հետ ոչ մի կերպ չներդաշնակվող անորոշ կառույց)։ Նա նշեց, որ Իսակովի պողոտան կկապի ֆրանսիական դեսպանատունը Վ. Սարգսյանի փողոցին եւ ավելացրեց, որ կարելի է ավարտված համարել Շահումյան հրապարակում կատարվող շինարարական աշխատանքները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել