Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրումների արտահոսքը եւ ներհոսքը աճում են քառատրոփ արագությամբ։ Խոսքը ոչ թե Հայաստանի,

Սեպտեմբեր 29,2001 00:00

ԿԱՊԻՏԱԼԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ Օտարերկրյա ներդրումների արտահոսքը եւ ներհոսքը աճում են քառատրոփ արագությամբ։ Խոսքը ոչ թե Հայաստանի, այլ աշխարհի մասին է։ 2000թ. օտարերկրյա ներդրումների բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ 1,3 տրիլիոն դոլար։ Այս տեղեկությունները ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի ամենամյա լույս ընծայվող միջազգային ներդրումների զեկույցի հիման վրա հայտնեց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Հիշյալ թիվն, ի դեպ, 10 տարի առաջ 200 մլն դոլար էր կազմում։ Այսինքն, 1990թ. ողջ աշխարհի բոլոր երկրներում եւ դրանց կողմից կատարված ներդրումները 6 անգամ պակաս էին անցած տարվա համեմատությամբ։ Իսկ Հայաստանում 2000թ. 133 մլն դոլարի ներդրում է եղել (ավելի քիչ, քան Վրաստանում եւ Ադրբեջանում)։ Այսինքն, ներդրումների այդ մեծ «հոսքի» 0,01%-ը դեպի Հայաստան է ուղղված։ Հակառակ ուղղությամբ առայժմ ոչինչ չի հոսում՝ հասկանալի պատճառներով։ Իսկ երբ իմանում ենք, թե այդ օտարերկրյա ներդրումների ներհոսքը հիմնականում դեպի որ երկրներ է ուղղված, պարզ է դառնում, թե ինչու են մեր երկրի ղեկավարներն այդքան շահագրգռված ներդրումների ներգրավմամբ. ԱՄՆ (280 մլրդ դոլար), Գերմանիա, Անգլիա, Հոնգ-Կոնգ (որը, ըստ Դ. Հակոբյանի, միակ ոչ տրադիցիոնալ երկիրն է, որ առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել)։ Արտահոսքն էլ է զարգացած երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հոնկ-Կոնգից։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա), ապա ներդրումներն աճել են 7%-ով եւ, ըստ Դ. Հակոբյանի, հիմնականում կապված սեփականաշնորհման ակնկալիքների հետ։ Կարծիք կա, որ հենց այդ ռեսուրսն սպառվի, կապիտալի ներհոսքի տեմպը կարող է թուլանալ։ Ըստ հիշյալ զեկույցի, ամենամեծ չափով աճել է «Ջեներալ էլեկտրիկի», «Էքսոն Մոբիլի» եւ «Ջեներալ Մոթորսի» կապիտալը, դարձյալ օտարերկրյա ներդրումների շնորհիվ։ Մի խոսքով, Դավիթ Հակոբյանի եզրահանգմամբ, քանի դեռ համաշխարհային տնտեսությունն ընդհանուր առմամբ աճում է 3%-ով, ներդրումներն աճում են 20%-ով։ Ուստիեւ, համաշխարհային տնտեսության արագ ինտեգրացիա է տեղի ունենում, եւ կապիտալը շատ արագ տեղափոխվում է մի երկրից մյուսը։ Առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Տիգրան Դավթյանը նկատեց, որ իր զբաղեցրած ծավալից՝ 0,01%-ից դատելով, դժվար չէ հասկանալ, որ Հայաստանը ներդրումներ ընդունող երկիր է միայն։ Բայց պրն Դավթյանի վերլուծությամբ, «այս ընդհանուր նկարագրի մեջ համաշխարհային մասշտաբով նկատվում է զարգացած երկրների արագընթաց զարգացման միտում։ Այսինքն, զարգացած եւ զարգացող երկրների միջեւ ճեղքվածքը մեծանում է»։ Ըստ Տ. Դավթյանի, համաշխարհային տնտեսության մեջ զարգացող երկրների տեսակարար կշիռը տարեցտարի պակասում է։ Իսկ Հայաստանին նա քնքշաբար եւ պայմանականորեն դասում է անցումային տնտեսություն ունեցող երկրների շարքին։ Փոխնախարարի դիտարկմամբ, բավականին մեծ կապիտալի կուտակում է նկատվում տեղական ներդրումների ոլորտում։ Օտարերկրյա ներդրումների հետ մեկտեղ տեղական ներդրումների ծավալների մեծացում է նկատվում։ Ընդ որում, ըստ նրա, ավելի առաջընթաց տեմպերով։ Դրանք ուղղված են դեպի տնտեսության իրական հատված։ Հետեւաբար, իրական հատվածը դառնում է տնտեսապես շահութաբեր։ Փոխնախարարը թվարկեց «Արմենալ», ադամանդի գործարանները, «Մանես եւ Վալլեքսը», «Լույսը», Գրանդ խմբի գործարանները։ Եթե նույնիսկ ոչ նշված տեմպերով, այնուամենայնիվ, տեղական կապիտալի կուտակումն ակնհայտ է, ինչը, բնականաբար, բեւեռացման պատճառ է։ «Առավոտի» հարցին, թե այդ բեւեռացումն ինչպե՞ս կարելի է կանխել կամ ընդհանրապես կանխելու համար որեւէ միջամտություն պե՞տք է, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Հակոբյանը պատասխանեց, որ «բեւեռացումն ինքնին մեծ խնդիր չէ, եթե չի դառնում մոնոպոլիա (մենաշնորհ)։ Այսինքն, ձեռնարկությունները պրոբլեմի են վերածվում, եթե գործելու համար ունենում են մենաշնորհային իրավունքներ։ Իսկ երբ որոշակի բնագավառներում կապիտալի խտացում է տեղի ունենում, ինչ-որ տեղ դրական է, քանի որ տեղական ձեռնարկությունները, կարողանալով մեծացնել իրենց կապիտալը, հզորություններն ավելացնել, աշխարհի մասշտաբով ավելի մրցունակ են դառնում։ Միակ խնդիրը հակամենաշնորհային կանոնների մշակումն է»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել