Անկախություն… ձեռքբերումներ եւ բացթողումներ Անկախության 10-ամյա հոբելյանի առիթով միեւնույն հարցով դիմեցինք ԳԽ-ի մի քանի պատգամավորների՝ անկախության 10 տարիների մեր ձեռքբերումներն ու բացթողումները։ Ռուբեն Թորոսյան- Անկախ պետականությունն ինքնին ձեռքբերում է։ Հաջողություններն առկա են, բացթողումները՝ նույնպես։ Սակայն ամենացավալին այն է, որ այս 10 տարիների ընթացքում մեզ չհաջողվեց ինչպես քաղաքական վերնախավին, այնպես էլ ժողովրդին համախմբել անկախության միասնական գաղափարի շուրջը։ Եթե մինչեւ 1995թ. անկախության հռչակման մասնակիցներս հոբելյանը միասնաբար էինք նշում, ապա այսօր բոլորովին այլ է. առաջին պառլամենտականների մի մասը այն պաշտոնական օղակներում է հիշում, մյուս մասը՝ ընդդիմության շարքերում, իսկ մեծ մասը՝ «ԳԽ» պատգամավորական ակումբում, որի անդամները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի (ԳԽ պատգամավոր) «ծանրակշիռ ու լուրջ» խորհրդով հոբելյանական եւ ոչ մի միջոցառման չհրավիրվեցին։ Քավ լիցի, անկախության հսկայական ձեռքբերումների կողքին նման մանր-մունր հարցերը կարող են միայն մտահոգություն առաջացնել։ Պատմությունը ոչ ոք չի կարող սրբագրել եւ անկախ այն բանից, թե ՀՀ նախագահը հասարակության որ «շերտին» է համակրում, մենք բոլորս պիտի համախմբվենք անկախությունն ամրապնդելու, մեր ապագան հաջողությամբ կերտելու ճանապարհին։ Գեւորգ Բաղդասարյան- Իր կարեւորությամբ համազգային նշանակության մեր ձեռքբերումը Արցախի եւ պատմական տարածքների մի հատվածի ազատագրումն է։ Մեծ նվաճում է հայոց բանակի ստեղծումը, որը ձեւավորվեց ամբողջ ազգի նվիրումով։ Որեւէ մեկը չպիտի համարձակվի իրենը համարել բանակի ստեղծումը, քանզի այն համազգային կառույց է, որն այսօր ամբողջ աշխարհին հայ ժողովրդի ներկայանալու միակ անձնագիրն է, հայի՝ Հայաստանում պաշտպանված զգալու երաշխիքը, որն առիթ պիտի տա բոլոր տարագիր հայերին վերջիվերջո հանգրվանել հայոց հողում։ Որպես բանակի սպա, այս հոբելյանական առիթով հարկ չեմ համարում անդրադառնալ բացթողումներին։ Ռոբերտ Հակոբյան- Ցավոք, մեր ցանկությունների շատ չնչին մասն է այսօր իրականացել։ Շատ զրկանքներ կրեց հայ ազգը անկախության ձեռքբերման ճանապարհին։ Մինչ այսօր չեղավ այն իշխանավորը, որին իսկապես հետաքրքրեր ազգի, ժողովրդի ճակատագիրը։ Հայտնի է, որ տնտեսության զարգացումը անկախության հիմնաքարն է, սակայն տնտեսության ինտենսիվ զարգացման ուղուց դեռ շատ հեռու ենք։ Մենք կարողանում ենք ծանր պահերին միավորվել, տոկունությամբ դիմագրավել բոլոր դժվարությունները, բայց երբ անհրաժեշտ է վճռականություն դրսեւորել, մասնատվում ենք, տրոհվում։ Չնայած իշխանությունները հայտարարում են տնտեսության զարգացման իրենց հեռանկարների մասին, կարծում եմ, ժողովուրդը հասկացել է, որ դա իրականությունից շատ հեռու է։ Վարդան Պետրոսյան- Ազատության ու անկախության գիտակցումը պիտի օգնի ինքնուրույն կառուցել հայոց տունը։ Այլեւս մեր խնդիրների համար չպիտի մեղադրենք ռուսին, ամերիկացուն, թուրքին… Պետք է հասկանանք, որ սա է մեր տունը եւ, չնայած ապրելը դժվար է, այստեղից փախչել պետք չէ։ Թեեւ ամենահին ժողովուրդներից ենք, սակայն չունենք կառավարման այն ճկուն համակարգը, որը ժողովրդին հետ կպահեր վայրիվերումներից, փոսերից։ Տարիներ առաջ, չնայած տարբեր ուժերի միջեւ եղած անջրպետին ու լարվածությանը, նման անհանդուրժողականությունը ինչպիսին այսօր է, չկար։ Բոլոր ուժերին համախմբում էին միասնական գաղափարները։ Ներկա իշխանությունները իրենք են ստեղծում այդ անջրպետը տարբեր միտումներով, որը լավ ավանդույթ չէ։ Տիգրան Կյուրեղյան- Կարեւորագույն ձեռքբերումը արցախյան ազատամարտի հաղթանակն է։ Ես հույս ունեմ, որ ազատագրված բոլոր տարածքները ամբողջությամբ կվերաբնակեցվեն։ Բնականաբար, դրանց հետ վերադարձման մասին որեւէ խոսք չպետք է լինի։ Ապաշնորհ իշխանությունների կարծիքով, տարածքները զիջելու, հանձնելու ճանապարհով կարելի է հաջողությունների հասնել, որը բացարձակ մոլորություն է։ Հակառակը, ազատագրված տարածքները պաշտպանելու եւ անկախությունն ամրապնդելու միջոցով է հնարավոր հաղթահարել սեփական ուժերի հանդեպ թերահավատության զգացումը։ Հուսով եմ, որ կկարողանանք կերտել բոլոր առումներով անկախ Հայաստան։ ՌՈՒԶԱՆՆԱ ԻՍԱՂՈՒԼՅԱՆ