Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին ճակատ. Խորհրդային կենտրոն

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՀՇ-Ն ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ Առաջին ճակատ. Խորհրդային կենտրոն Անկախությունը պետք է ձեռք բերվեր խորհրդային կենտրոնից, եւ, բնականաբար, վերջինս էր դրա առաջին հակառակորդը: Կենտրոնի համար ՀՀՇ-ի անկախության ծրագիրը հատկապես վտանգավոր էր: Այդ վտանգն այն էր, որ դա նախատեսվում էր իրականացնել միայն սահմանադրական, օրինական ճանապարհով, եւ Հայաստանն ուներ այդ հնարավորությունը հաղթահարելու ԽՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված բոլոր խութերն ու արգելքները: Որպես այդպիսին, այն կարող էր «վատ օրինակ» դառնալ մյուսների համար: Կենտրոնի լծակները բազմազան էին եւ, ըստ առիթի ու անհրաժեշտության, որպես ճնշամիջոցներ օգտագործվում էին բոլոր հանրապետությունների ժողովրդավարական եւ անկախական շարժումների դեմ: Կենտրոնի հիմնական միջոցը ուժի գործադրումն էր, ռազմական պատժիչ գործողությունը: Ի տարբերություն նախորդ տասնամյակների, «վերակառուցվող» կենտրոնը այժմ չէր կարող այդ միջոցից անսեթեւեթ օգտվել: Դրա համար նա աշխատում էր նվազագույն «իրավական», «օրինական» հիմքեր ներկայացնել: Այդպիսիք էին դառնում տնտեսական, քաղաքական լծակների գործադրմամբ, ազգամիջյան հակամարտությունների բորբոքումով եւ այլ մեթոդներով՝ հանրապետություններում ներքին անկայուն իրավիճակ ստեղծելը, նրանց ոչ սահմանադրական քայլերի դրդելը: Նման հիմքեր նրա համար հայթայթում էին նաեւ ռուսալեզու բնակչության հիմքի վրա ստեղծված «ինտերֆրոնտները»: Հայաստանում այդ բազան չկար, այն պետք էր ստեղծել «տեղական» հումքից: Հայաստանն առանձնահատկություն ուներ ղարաբաղյան հարցով, դրանով Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությամբ, երկրաշարժի հետեւանքով ավերված լինելով: Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իրականացվող շրջափակմանը կենտրոնն այդպես էլ երբեք քաղաքական գնահատական չտվեց եւ որեւէ միջոց չձեռնարկեց այն վերացնելու համար. դա նրա ձեռքին հիանալի միջոց էր հանրապետության վրա տնտեսական ճնշում գործադրելու համար: Շրջափակման հետեւանքով հանրապետության կրած ուղղակի վնասներն ավելի մեծ էին՝ քան աղետի գոտում կատարվող ներդրումները: Շրջափակման հետեւանքով կտրուկ մեծանում էր գործազրկությունը, իջնում կենսամակարդակը: Դրանով նա նպատակ ուներ առաջացնել սոցիալական լարում, հասարակությանը տրամադրել Շարժման քաղաքական ուղեգծի, իսկ ժողովրդավարական ուժերի հաղթանակից հետո՝ նոր իշխանության դեմ սոցիալական բողոքի եւ դժգոհության առաջացմանը: Ըստ էության, նույն նպատակին էր ուղղված 1990 թ. վերջերին կենտրոնից առաքվող ապրանքների մեծածախ գների կտրուկ բարձրացումը, ապա՝ 50 եւ 100 ռուբլիանոց թղթադրամների անակնկալ, կարճ ժամկետում եւ սահմանափակ քանակությամբ փոխանակման միջոցառումը: Քաղաքական ճնշումների իրականացման մարտադաշտը հիմնականում Լեռնային Ղարաբաղն էր: Այն, ինչ 1988թ. փետրվարից ի վեր կենտրոնը հասկացնում էր հարցի անընդհատ ձգձգումներով եւ թափանցիկ մանյովրներով, 1989թ. նոյեմբերի 28-ին արձանագրեց հատուկ որոշմամբ. Ղարաբաղը անվերապահորեն մնալու է Ադրբեջանի կազմում, Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվում էր, մարզը հանձնվում էր Բաքվում ստեղծված եւ այնտեղից ղեկավարվող մի կազմկոմիտեի: Իր քաղաքական օրակարգում անկախության խնդիր դրած հանրապետության ժողովրդավարական ուժի դեմ, ըստ էության, պետական ահաբեկչության ձեռնարկումներ էին՝ կենտրոնի թողտվությամբ Իրանի պետական սահմանի ավերումը, Բաքվում եւ Ադրբեջանի դեռեւս հայաբնակ այլ վայրերում հայկական ջարդերը եւ զանգվածային տեղահանությունը, զինվորականների՝ բազմաթիվ սպանություններով ուղեկցվող կամայականությունները Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանակից շրջաններում: Որքան ավելի իրական էր դառնում սպասվող ընտրություններում ՀՀՇ-ի հաղթանակը, այնքան ավելի դաժան էին դառնում կենտրոնի կողմից իրականացվող ահաբեկչական ակտերը: 1990թ. մայիսի 20-ի ընտրությունների առաջին փուլից հետո արդեն պարզ էր, որ, այդպես շարունակվելու դեպքում, ՀՀՇ-ն անվերապահ հաղթանակ է արձանագրելու: Մայիսի 27-ին կազմակերպված սադրիչ մի միջադեպ առիթ դարձավ խորհրդային բանակի համար արյունոտ հաշվեհարդարի՝ արդեն Երեւանի փողոցներում: Երբ ի հեճուկս բոլոր ձեռնարկումների, Շարժման հաղթանակն արդեն արձանագրված փաստ էր, ի հայտ եկավ ԽՍՀՄ նախագահի հրամանագիրը «ապօրինի զինված կազմավորումները զինաթափելու մասին»՝ որպես հանրապետության գլխին կախված ուժային միջամտության «օրինական հիմք»: Անկախության մասին հռչակագրի ընդունմանը հաջորդեց ճնշումների կտրուկ մեծացումը Լեռնային Ղարաբաղում եւ մասնավորապես Շահումյանում ու Գետաշենում: «Նորացված միության» պայմանագրի ստորագրումից եւ ԽՍՀՄ հանրաքվեին մասնակցելուն հրաժարվելուց եւ անկախության սեփական հանրաքվեն անցկացնելու որոշմանը հաջորդեց խորհրդային բանակի բացահայտ մասնակցությամբ իրական պատերազմի սանձազերծումը Լեռնային Ղարաբաղում, Շահումյանում, Գետաշենում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Կենտրոնի դեմ Շարժման, ապա նաեւ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության դիրքորոշումը հստակ էր. դուրս չգալ սահմանադրական պայքարի շրջանակներից, բայց նաեւ՝ տեղի չտալ ճնշումների ու ահաբեկումների առջեւ, քայլ առ քայլ ապահովել երկրի ինքնիշխանությունը, լայնացնել դրա շրջանակները: Տասնյակ այդպիսի քայլեր ռիսկի բարձր մակարդակ ունեին, բայց դա հաշվարկված եւ արդարացված ռիսկ էր: Անկախության հանրաքվեի նախօրերին Հայաստանը դե ֆակտո կայացրել էր իր անկախությունը եւ կենտրոնի հետ, ըստ էության, գործընկերային հարաբերությունների մակարդակի հասել: Երկրորդ ճակատ. Հայաստանի Կոմկուս Ժամանակին եւ այժմ էլ տարածված կարծիք կա այն մասին, որ Հայաստանի Կոմկուսը ողջախոհություն ցուցաբերեց. հասկանալով իրավիճակը՝ անարյուն հանձնեց իշխանությունը, չխոչընդոտեց անկախության հաստատմանը եւ պետականության կառուցմանը: Դա, անշուշտ, իրականությանը չի համապատասխանում: Սկսած 1988-ի փետրվարից, Հայաստանի Կոմկուսը եղավ եւ հավատարիմ մնաց որպես ԽՄԿԿ-ի ամենակարգապահ ջոկատը՝ անվերապահորեն կատարելով կենտրոնից եկած հրամաններն ու հրահանգները, ընդհուպ՝ մինչեւ ԽՍՀՄ վերջնական փլուզումը: Ավելին՝ այսօր էլ այդ նույն ուղեգիծն արտահայտվում է Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու ծրագրով: Ոմանք կարող են ասել՝ ի՞նչ կա որ. որպես կուսակցություն նրան նախ սպառնում էր իշխանության կորստյան վտանգ, իսկ ապա նա զրկվեց իշխանությունից, ուստի, բնական է, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում կարող էր պայքարել ՀՀՇ-ի դեմ, նախ՝ իշխանությունը պահելու, ապա՝ այն հետ բերելու համար: Սակայն խոսքը ՀՀՇ-ի դեմ եւ իշխանության համար պայքարելուն չի վերաբերում, խոսքը վերաբերում է անկախության գաղափարի եւ քայլերի դեմ նրա դիրքորոշմանը: Ազգային հանրապետությունների մեջ Հայաստանի Կոմկուսը միակն էր, որ ազգային առումով առավել միատարր էր: Ազգային հանրապետությունների կոմկուսները անվերապահորեն կանգնած էին անկախական դիրքերում եւ այդ խնդրի լուծումից հետո էին իշխանության հարց դնում: Միակ բացառությունը Հայաստանի Կոմկուսն էր, որը սկզբունքորեն դեմ էր անկախության գաղափարին, քանզի իր իշխանության հարցը այլ կերպ չէր պատկերացնում, քան ԽՍՀՄ կազմի մեջ մնալու միջոցով, կենտրոնի օգնությամբ: Անկախության մասին հռչակագրի ընդունման նախօրյակին նրա պաշտոնական դիրքորոշումն այսպիսին էր. «Ընդունելով անկախության գաղափարը, մենք գտնում ենք, որ անկախ եւ ինքնուրույն Հայաստանը տեսանելի ապագայում, որպես ինքնիշխան պետություն, կամավոր հիմունքներով պետք է գտնվի Միության նորացված համակարգում»: Իսկ 1990 թ. հոկտեմբերին, երբ արդեն սկսվել էր անկախության գործընթացը, ըստ հայտնի դարձած գաղտնի մի փաստաթղթի, Կոմկուսը իր հիմնական նպատակ եւ իշխանությունը վերադարձնելու միջոց՝ համարում էր երկրում ներքաղաքական անկայունության հրահրումն ու խորացումը: Այդ նպատակով նա մասնավորապես ծրագրում էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաջողության հասնել, դրանց եւ իշխանության միջին ու ներքեւի օղակներում իր ներկայացուցիչների միջոցով կազմակերպել սաբոտաժ, վարկաբեկել նոր իշխանությանը, հրահրել եւ մեծացնել հասարակական հիասթափությունը եւ դժգոհությունը՝ ընտրված քաղաքական ուղեգծի՝ անկախության գործընթացի նկատմամբ: 1991թ. ապրիլ172հունիսին, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Մոսկվայի անմիջական մասնակցությամբ սանձազերծված իրական պատերազմի ընթացքում, Հայաստանի Կոմկուսը նրա թարգմանն էր եւ քարոզում էր՝ Ղարաբաղը կկորցնենք, եթե չհրաժարվենք անկախության հանրաքվեի մտքից եւ չստորագրենք Միութենական պայմանագիրը: Անկախության դեմ Հայաստանի Կոմկուսի պայքարի մասին խոսելիս չի կարելի մոռանալ այնպիսի մի յուրահատուկ կառույց, ինչպիսին էր ՊԱԿ-ը: Վերջինս, ըստ էության, ոչ թե գործադիր իշխանության մարմին էր, այլ լիակատար գտնվում էր կուսակցական վերահսկողության տակ, անվերապահորեն կատարում էր նրա ու կենտրոնական ՊԱԿ-ի առաջադրանքները եւ հանձնարարությունները: Չնայած իր ունեցած բազմամյա փորձին ու գործելու աննկատ մեթոդներին, անկախացման տարիներին ներքին անկայունության հրահրման տարբեր էպիզոդներում հաճախ էր հստակ նկատվում վերջինիս ձեռագիրը: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ (շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել