Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ

Սեպտեմբեր 29,2001 00:00

ԱՆՑԱԾ ՉՈՐՍՈՒԿԵՍ ՏԱՐԻՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԵԼԻ Ռոբերտ Քոչարյանի կերպարի հոգեվերլուծության փորձ Վերջին չորսուկես տարիներին Ռոբերտ Քոչարյանի կերպարը մշտապես եղել է հասարակության ուշադրության կենտրոնում, սակայն, ցավոք, այն մշտապես էլ դիտարկվել է զուտ քաղաքականության տեսանկյունից: Հոգեվերլուծության գրեթե չեն ենթարկվել Քոչարյանի անձնային հատկանիշները, չեն քննարկվել նրա գործողությունների պատճառահետեւանքային կապերը, որոնք էլ առավելապես բնութագրում են մարդուն եւ հատկապես քաղաքական գործչին: Չհավակնելով տալ Քոչարյան երեւույթի հոգեբանության ամբողջական վերլուծությունը, փորձենք մի քանի դրվագներով որոշակիորեն անդրադառնալ վերջինիս կերպարին: Օտարությունը՝ որպես հիմնական մտահոգություն 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանին որպես վարչապետ բերեցին Հայաստան, հասարակության հիմնական մտահոգությունը Քոչարյանի՝ հայաստանյան սոցիալական միջավայրին օտար լինելն էր: Քայլի ընկալումը միանշանակ չէր նաեւ հիմնական քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, տնտեսական շրջանակների կողմից, որոնք դրանում տեսնում էին ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ թե Հայաստանի եւ թե Ղարաբաղի համար: Անշուշտ, այս մտահոգությունների հիմքում կային թե քաղաքական, թե տնտեսական եւ թե սոցիալ-հոգեբանական մոտիվացիաներ: Եթե անդրադառնանք քաղաքականությանը, ապա քաղաքական գործիչների մի մասը կարծում էր, որ իշխանությունները Քոչարյանին Հայաստան բերելու լուրջ եւ հիմնավորված պատճառներ ունեին, եւ ամենահիմնականը, ինչպես հետագայում խոստովանեց Վազգեն Սարգսյանը, համարում էին այն, որ Քոչարյանին բերել էին, որպեսզի վերջինս հասկանար, որ «պատերազմն արդեն հերոսության դաշտից մտել է տնտեսական-քաղաքական դաշտ եւ այսուհետ տնտեսությունն է որոշելու մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագրերը»: Նրանք համոզված էին, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ամենավճռական ու ամենաշահեկան պահին մոտենալու նախաշեմին՝ ունենալով վարչապետական իշխանություն, Քոչարյանը պետք է կարողանար հայաստանյան իրականության մեջ Ղարաբաղի խնդիրն ընկալել ոչ միայն զուտ Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի եւ հայկական երկու պետությունների ընդհանուր շահերի տեսանկյունից ու Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում ունեցած իր դերակատարությամբ չվնասեր ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը, ոչ էլ առավելապես երկուսը միասին: Մյուսները կարծում էին, որ իր անձի մեջ մեկտեղելով ղարաբաղյան խնդրի կարգավորման հայաստանյան եւ ղարաբաղյան դիրքորոշումները (ինչով Քոչարյանը նույնիսկ հպարտանում էր իր պաշտոնավարության սկզբում), նա նախ զրկվելու է միջազգային քաղաքական դաշտում մանեւրելու հնարավորությունից, հետո նաեւ Ղարաբաղը դուրս է թողնելու բանակցային գործընթացից, ինչը վերջին տասը տարիներին խնդրի քաղաքական կարգավորման ամենակարեւոր ձեռքբերումներից էր թերեւս: Կարծիք կար նաեւ, որ Քոչարյանը այս կամ այն չափով նպաստելու է Ղարաբաղից Հայաստան ներգաղթին, ինչը ռազմավարական խնդիր է Ղարաբաղը հայկական պահելու անվերապահորեն բացառիկ հարցում: Տնտեսության մասնագետները եւ տնտեսական շրջանակները համոզված էին, որ Քոչարյանը ղարաբաղիզացիայի է ենթարկելու Հայաստանի տնտեսությունը: Առկա խնդիրները լուծելու փոխարեն, վերաբաժանելու է տնտեսական դաշտը, ինչը խորքային եւ համակարգային հետեւանքներ է ունենալու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունների՝ իրականում մեկ տնտեսական միավորի համար եւ այլն: Ոչ քաղաքական գործիչները, ոչ տնտեսագետները Քոչարյանի՝ հայաստանյան սոցիալական միջավայրին օտար լինելու հանգամանքը չէին դիտարկում զուտ հոգեբանական գործոններով, որոնք դուրս են քաղաքական շահարկումների դաշտից եւ պատկանում են գիտականությանը: Օտարությունը՝ որպես սոցիալ-հոգեբանական մտահոգություն Հայաստանյան սոցիալական միջավայրին օտար լինելու հանգամանքը հոգեբաններիս ու հասարակագետներիս համար որպես մտահոգություն գլխավորապես պայմանավորված էր նոր սոցիալական միջավայրին Քոչարյանի հարմարվելու խնդրով, ասել է թե Քոչարյանի սոցիալական ադապտացիայով, որի հետեւանքներն են, ըստ էության, այսօրվա Քոչարյանի քաղաքական ու սոցիալ-տնտեսական գործողությունների դրդապատճառները: Հոգեբանությունը փաստում է, որ սոցիալական ադապտացիայի համար որոշակի ժամանակաշրջան է հարկավոր: Անձը պիտի կարողանա հարմարվել սոցիալական նոր իրադրություններին: Այդ գործընթացն իրագործվում է հատուկ պաշտպանական եւ ոչ պաշտպանական հոգեկան մեխանիզմների՝ հիմնականում ագրեսիայի, ինքնաարդարացման օգնությամբ: Այս երեւույթները Քոչարյանի մոտ առավելապես պետք է նկատվեին վարչապետության շրջանում, թեպետ վերջինս կարող էր խուսափել միջավայրին հարմարվելու դասական գործընթացից այն պարզ պատճառով, որ թե քաղաքական գրեթե բոլոր ուժերը, թե տնտեսական շրջանակները չափազանց բարեհաճ էին տրամադրված Քոչարյանի նկատմամբ: Բացի այդ, Քոչարյանի ուսերին չէին արտաքին քաղաքական եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման կնճռոտ հարցերը: Այս ճանապարհն ընտրելու համար, սակայն, Քոչարյանը հոգեկան հզոր ներաշխարհ էր պարտավոր ունենալ, ինչը, ժամանակը ցույց տվեց, որ չունի: Այդ շրջանում ակումուլացնելով ինքնաարդարացման եւ ագրեսիայի դրսեւորումները (հավանաբար Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ նրա հզոր թիմից ազդված), միայն 1998 թվականի փետրվարին, Վազգեն Սարգսյանի աջակցությամբ իրականացրած հեղաշրջմամբ, հետո նաեւ նախագահական լծակներին տիրանալով, ի դերեւ ելան Քոչարյանի ինքնաարդարացման ու ագրեսիայի բուռն պոռթկումները: Թվում էր, թե մի քանի տարիները բավական են միջավայրին հարմարվելու համար, մանավանդ որ ագրեսիվությունը մարման հատկություն ունի: Բայց Քոչարյանի հետագա գործողությունները՝ ագրեսիվությունն իր քաղաքական ընդգծված հակառակորդների նկատմամբ (Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Աշոտ Բլեյան, Արամ Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, Ալբերտ Բազեյան, Արկադի Վարդանյան, Պետրոս Մակեյան եւ այլն), ուժային ամենակտրուկ քայլերի կիրառումն ամենապարզ իրավիճակներում անգամ (մինչեւ ատամները զինված ոստիկանների դուրսբերում թոշակառուների, զոհվածների մայրերի, նույնիսկ ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած սայլակավորների առաջ եւ այլն), ինքնաարդարացման հստակ դրսեւորումները (հրաժարում Հայոց Համազգային Շարժման վարչության իր երբեմնի անդամությունից, իր երբեմնի ընկերներից՝ Բաբկեն Արարքցյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Սամվել Բաբայան եւ այլն, հավատարմության երդումներ իր երբեմնի քաղաքական հակառակորդներին՝ դաշնակցությանը, Ազգային ինքնորոշում միավորմանը, ԱԺՄ-ին եւ այլն), ցույց են տալիս, որ Քոչարյանը դեռեւս չի հարմարվել հայաստանյան միջավայրին: Բացառիկ այս իրավիճակը հավանաբար պետք է բացատրել խորհրդային յոթանասուն տարիներին Լեռնային Ղարաբաղի բացարձակ ադրբեջանականացմամբ, Քոչարյանի ծննդավայրի սոցիալական միջավայրով, լեզվի, կրթական ու մշակութային արժեքային համակարգերի հետ վերջինիս շփմամբ, դրանով պայմանավորված անհատի դաստիարակությամբ ու հոգեւոր ներաշխարհի ձեւավորմամբ: Հիշենք, որ Լեռնային Ղարաբաղն անհամեմատ վատ իրավիճակում էր, քան, ասենք, Ջավախքը, հայկական եւ հայաշատ այլ տարածաշրջաններ եւ այլն: Այս դրդապատճառները, Քոչարյանի երկարատեւ աշխատանքը կոմունիստական կուսակցության նոմենկլատուրայի հիմնականում ներքին օղակներում եւ ձգտումը դեպի վեր, հետագայում նաեւ իրավիճակից բխող չմարող ագրեսիվությունը Քոչարյանի մեջ ձեւավորել են ավտորիտար բնավորություն: Այն անձի բնավորության որոշակի կերտվածք է, վարքի ու կառավարման ոճ, որի մեջ մտնում են մտածողության ստերեոտիպությունը, դոգմատիզմը, մտքի ընդհանուր պահպանողականությունը, այլոց կյանքի պրոցեսի վրա վերահսկողություն սահմանելու եւ նրանց իր կամքը թելադրելու հակումները եւ այլն: Մտքի ստերեոտիպության դրսեւորումներ են այն, որ Քոչարյանի համոզմամբ իր կողմից քառասուն հազար աշխատատեղի մասին խոսելը միայն կխթանի բիզնեսի ներկայացուցիչների կողմից աշխատատեղերի բացմանը կամ, բավական է ցեղասպանության մասին խոսել ՄԱԿ-ի ամբիոնից եւ ողջ աշխարհը կճանաչի հայերի ցեղասպանությունը, եւ այլն: Դոգմատիզմին եւ մտածողության կաղապարվածությանը (որն ի դեպ նույնպես հոգեբանական կատեգորիա է եւ նշանակում է մտածողության պրոցես, որն ընթանում է ձեւական տրամաբանության օրենքներով եւ առաջնորդվում է համընդհանուր ճանաչման արժանացած հասկացություններով ու պատկերացումներով) բնորոշ դրսեւորումներ են Քոչարյանի կողմից երեւույթների մեկնաբանությունները. օրինակ վատ պարողի մասին արտահայտությունը, գոտկատեղից ներքեւը, կլիզման, բառաչող կովերը, կարամելի մեջ մտած ջեմը եւ այլն: Թերեւս հոգեբանական այս դրսեւորմանն է պատկանում նաեւ այն, որ Քոչարյանն իր բոլոր հանդիպումների, բանակցությունների, ուղեւորությունների արդյունքների մասին լրագրողների հետ զրուցելիս դրանք հիմնականում բնութագրում է որպես հետաքրքիր, որեւէ երկրի նախագահի հետ նախատեսված ասենք 40 րոպեանոց հանդիպման 45 րոպե տեւելը համարում է իր նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն եւ այլն: Հոգեկան այս իրավիճակի արտահայտություն են նաեւ Քոչարյանի արտահայտիչ շարժուձեւերը, մարմնախոսությունը, ինչը հոգեբանությունը դիտում է որպես ապրումների ու հոգեվիճակների արտահայտություն: Որպես օրինակ կարող ենք բերել նկատելի դիմախաղը հատկապես բերանի մասում, ամբողջ մարմնով ծիծաղելը, գրեթե միշտ բռունցքները սեղմած պահելը, որեւէ հեղուկ օգտագործելիս այն բերանում պտտեցնելը եւ այլն: Ի դեպ, շարժուձեւերը կամ ժառանգական են, կամ ձեռք են բերվում սոցիալականացման ընթացքում, ունեն պայմանական ու սիմվոլիկ բնույթ եւ յուրաքանչյուր անձի անհատական կուլտուրայի մասն են կազմում: Քննարկման առարկա է նաեւ Քոչարյանի ինքնավստահությունը: Հոգեբանությունն արձանագրում է, որ այդ բնավորության գիծն ունեցող անձը վստահ է իր ուժերին ու հնարավորություններին, ազատ է կասկածներից եւ համարձակություն է դրսեւորում, գործում է առանց վարանելու: Սակայն միշտ չէ, որ ինքնավստահությունը հենվում է իրական դրական գծերի եւ ընդունակությունների վրա: Այն կարող է լինել նաեւ անձի սխալ ինքնարտացոլման, իր մասին ունեցած խեղաթյուրված պատկերացման դրսեւորում: Հակված ենք կարծել, որ Քոչարյանի պարագայում այն պատկանում է երկրորդ խմբին, այլապես իրականացված կլինեին 2000 թվականն առանց աղետի գոտու դիմավորելու, դեռեւս գարնանը քառասուն հազար աշխատատեղ ունենալու, հարյուր հիսուն հազար զբոսաշրջիկի, ամեն սփյուռքահայի Հայաստանում տուն ունենալու, երկքաղաքացիության, ի վերջո Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարճ ժամանակում կարգավորելու՝ ասել է թե Քոչարյանի հետհեղաշրջումային եւ հետնախագահական խոստումները: Հոգեկան այս վիճակը Քոչարյանին մղում է նաեւ ձեւամոլության: Ձեւամոլությունը երեւույթների, սոցիալական գործողությունների ձեւին գերապատվություն տալու հակումն է՝ ի վնաս բովանդակության, եւ ձեւամոլը սոցիալական դերեր կատարելիս շեշտը դնում է արտաքին, ձեւական կողմի վրա: Անձի բնավորության մեջ ձեւամոլությունը, որպես կանոն, տրված է լինում մանրախնդրության հետ սերտ կապի մեջ: Ձեւամոլության փայլուն, դասական դրսեւորումներ են Քոչարյանի մի քանի զրահապատ մեքենաները, պահակախմբի ավտոմեքենաների համապատասխանեցումն իր զրահապատ մեքենաներին, նախագահական նստավայրի եւ ամառանոցների պարբերական թանկարժեք նորոգումները եւ թանկարժեք կահույքի գնումը արտասահմանյան անհատ վարպետներից, իր մարզական համակրանքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը, ջազին, սերֆինգին, ջրային դահուկասպորտին գերապատվություն տալը, հասարակությանն ի ցույց մոտորանավակներ վարելն ու բասկետբոլային մրցախաղերը: Ակնհայտ է, որ դրանք Քոչարյանի դաստիարակության եւ մշակութային արժեքային համակարգի բովանդակային մասը չեն կազմում եւ ձեւամոլության արդյունք են: Ձեւամոլության փայլուն, դասական դրսեւորումներ են նաեւ Քրիստոնեության 1700 ամյակը շուի վերածելու, համազգային նշանակության իրադարձությունները ձեւական, բովանդակությունից զուրկ միջոցառումներով հասարակությանը պարտադրելու ջանքերը: Ձեւամոլությունը մղում է դեպի հոգեբանական մեկ այլ կատեգորիայի. պարծենկոտության, որը անձի այն առանձնահատկությունն է, որի առկայության դեպքում նա չափից ավելի է գովաբանում իրեն եւ իր գործերը: Շատ հաճախ պարծենկոտությունը եսասիրության եւ եսակենտրոնության դրսեւորումն է՝ խոսքի օգնությամբ: Հիշենք թեկուզ Քոչարյանի վերջերս արած այն արտահայտությունը, որ իր օրոք ոչ մի գործարան չի փակվել եւ այլն: Հասարակությունը չտեսնելով Քոչարյանի կառավարման շրջանի ոչ մի իրական դրական տեղաշարժ (ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվել եւ մտել է փակուղի, Հայաստանը ստիպված է լինելու ընդունել իր համար նվաստացուցիչ եւ ոչ շահեկան պայմաններ, կորցրել իր վարկը որպես տարածաշրջանային կարեւորագույն պետություն՝ վկա թեկուզ Ջոնսթոնի վերջին գործողությունները, չի բացահայտվել վերջին երկու-երեք տարվա յոթ-ութ աղմկոտ սպանություն եւ դեռ տեղի են ունենում նորերը, անընդհատ կտրվող կարմիր ժապավենների ֆոնին ավելանում է արտագաղթը եւ գործազրկությունը եւ այլն), փաստորեն հանգում է այն մտքին, որ Հայաստանում Քոչարյանի միակ խնդիրն իր իշխանությունն իր անձին ծառայեցնելու ժամանակաշրջանը ամեն գնով պահպանելն է եւ երկարացնելը: Ի՞նչ է հարկավոր անել Այս խնդիրը դուրս է հոգեբաններիս մտահոգության ոլորտից եւ առավելապես վերաբերում է քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, հասարակական վերաբերմունքին… ԱՆԱՀԻՏ ՊՈՂՈՍՅԱՆ Հոգեբանական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել