Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՀԵՇՏ ԳԼՈՒԽ ԲԵՐՎՈՂ ՇԻՆԻՉ ԱՌԱՋԱՐԿ Ժողովրդի ձայն Բա սա անելու բա՞ն էր։ Էս մարդն իր շեն տունուտեղը, իր անշառ պրեզիդենտությունը թողել-եկել էր, «տասնամյակը՝ մեկ օրում» ծրագիրը փայլուն կատարել՝ դարձել էր էս քամբախի քաղաքացի ու պրեզիդենտ… Էս մարդն ախր իր գործը պրծնելու վրա էր։ Էս մարդու բերանից ինչ խոստում դուրս էր եկել, բոլորը հատ-հատ կատարել էր, ներքին թշնամիներին էլ՝ դե, կամաց-կամաց… Հասկանում եք։ Մնացել էր «փրկիչներին» տված խոստումն էլ կատարի՝ մահապատիժը վերացնի ու գնա իրենց տուն, մի պուճուր օբյեկտ դնի՝ գլուխը պահի։ Սա օյի՞ն էր, որ էս մարդու գլխին սարքեցին էս ներքին թշնամիները։ Էլ հրաժարակա՜ն, էլ ահաբեկչություն հովանավորող, էլ պատասխանատվություն… Դե, էս մարդն էլ հասկացավ, որ իր «ամագը» ջուրն է ընկնելու ու ստիպված իր որոշումից հետ կանգնեց։ Կյանքում առաջին անգամ։ Հանուն մեր էս քամբախի։ Հա, ճիշտ է, էս մարդը ոչ մի անգամ չէր ասել, որ մտքին չկա նորից պրեզիդենտություն անել, բայց հո կույր չէինք, տեսնում էինք, չէ՞, թե ինչ համեստ մարդ է էս մարդը։ Գլուխը կա՜խ իր խոստումներն էր կատարում։ Տարեկան երկու անգամ հեռուստաէկրանին երեւա՜ր-չերեւա՜ր։ Քիթ սրբելու ժամանա՞կ ուներ։ Սկի թրաշվելու ժամանակ չուներ։ Աղաչանք-պաղատանք էինք անում, արեւին ասում էինք՝ դու դուրս մի արի, արե՛ւ, դու դուրս արի, ա՛յ էս մարդ, ախր կուսակցությանդ պռոշը կարոտից ճաքել է։ Ասում էր՝ չէ որ չէ, թրաշված չեմ։ Ասում էինք՝ ոչինչ, անթրաշ դուրս արի։ Ասում էր՝ ես ձեզ պես անդաստիարակ չեմ։ Ամեն ինչից երեւում էր, որ էս մարդը համեստ մարդ է, իր գործը հենց պրծներ՝ շիշը խփելու էր ծառին, ասելու էր՝ ավել-պակասի համար կներեք, ու գնալու էր իրենց տուն։ Մեկ էլ հանկարծ… Ճիշտ է ասել էն մեծ Մարդը. «Չարն էլ է միշտ ապրում հավետ»։ Եղածը եղած է։ Էս մարդը ներքին թշնամիների ջգրու որոշել է նորից իր անդարդ գլուխը ցավի տակ դնել։ Հանուն իր կուսակցության ու էս քամբախի։ Իր խոսքի տեր էն տղամարդ է՝ կանի։ Բայց դե մեզանից թաքցնենք, Աստծուց ո՞նց թաքցնենք, էս մեր ժողովուրդը շատ անաղուհաց ժողովուրդ է, ու ոնց որ երեւում է՝ գնալու է ու ջնջելու է էս մարդու անունը։ Էս մարդն էլ, դե, ո՞վ չգիտի, որ ազատ, արդար, թափանցիկ մարդ է, ու ընտրություններն էլ պիտի իր պես ազատ, արդար ու թափանցիկ լինեն։ Եվ վերջապես, իրեն հեչ պետք չի սրա-նրա մուննաթի տակ ընկնել. էդ մոսկաները իր օգտին մի քանի քվեաթերթիկ են գցելու քվեատուփերի մեջ, ու հենց էս մարդն ընտրվի, գալու են, թե՝ տա՛ր Գառնի, տա՛ր Գեղարդ, մինիստրի միս եմ ուզում… Վիճակը, հա, վիճակ չի, բայց հուսահատվել էլ պետք չի՝ ճար ու ճամփա կա։ Էդ ճար ու ճամփան, անկախ իրենցից, երկու միլիոն դոլարը իր հավեսի համար ծախսած սփյուռքահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին տեղը-տեղին ամոթանք տվողներն են մեզ հուշել։ Մեկ-մեկ մտածում ենք՝ բա որ հանկարծ Վաչե Մանուկյանը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Էլթըն Ջոնին հրավիրեր, այլ Ռոբերտ Քոչարյանին ու Թաթային, ու էս քամբախի գիտակից մասսան միամտորեն գովերգեր հայ մեծ բարերար Վաչե Մանուկյանի ու հայ մեծ էս մարդու դարավոր բարեկամության մասին, ստացվում է՝ էս հանճարեղ շինիչ առաջարկն էդպես էլ չէր փայլատակելու մեր ազգափրկիչ գլխում, ու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններում պիտի ջնջեինք էս մարդու անունն ու խաղք-խայտառակ լինեինք իր մեծ ախպերներ Պուտինի ու Շիրակի առաջ, «Վածիկանի» առաջ… Ախր որ Վաչե Մանուկյանը ՀՀ առաջին նախագահին չհրավիրեր, մենք որտեղի՞ց պիտի իմանայինք, որ նա ոչ թե բարերար է, այլ ազգադավ փտած կապիտալիստ։ Բայց դե ինչ էլ ասենք, ոնց էլ ասենք, միեւնույն է, չենք կարող նրա կապիտալիստական գիտակցությանը հասցնել, որ հանուն հայրենիքի ինքը պարտավոր էր կամ՝ էս մարդու հետ ծախսել իր միլիոնները, կամ՝ ապրել քոլիկում, ուտել հումանիտար բրինձ ու մարգարին, ու իր միլիոնները մինչեւ վերջին սենթը ուղարկել էս մարդուն (լույսի փողը, կարելի է, թող պահի)։ էս մարդը բայց հո փտած կապիտալիստների թայը չի, ժողովրդի ծոցից ելած կոմսոմոլ տղա է։ Էս մարդուն կեսբերան էլ ասենք, թե մեր ուզածն ինչ է, անմիջապես կհասկանա։ Ու էս մարդը եթե մեր շինիչ առաջարկը կետ առ կետ կատարի, աչքերը փակ կարող է ընտրվել՝ առանց իրենից Գառնի, Գեղարդ, մինիստրի միս ուզողների մուննաթի եւ ներքին թշնամիների ջգրու։ Մեր շինիչ առաջարկը հեշտ ու հանգիստ գլուխ բերվող գործ է։ Նախ, էս մարդը իր դաչաները տալիս է անտուն մարդկանց, ինքը Դավթաշենում երկու սենյականոց բնակարան է գնում։ Պարզ է, էս մարդն էդքան փող չունի, ու Հրանտ Վարդանյանն է, հանուն դարավոր բարեկամության, էդ երկու սենյականոցը նվիրում իրեն։ Ուզում է, թող մի համեստ ռեմոնտ էլ անի։ Կարելի է։ Դավթաշենի իր բնակարանից առավոտյան վեր է կենում էս մարդը, նստում է երթուղային տաքսին, անաղուհաց ժողովրդի հետ դեսից-դենից՝ մոսկաների, կլիզմայի, վատ պարողների, բառաչող կովերի ու մզզացող եզների մասին, ասել-խոսելով գալիս-հասնում է Բաղրամյան փողոց։ Մտնում է էս մարդը նստավայր ու վաճառում զրահապատ ավտոմեքենան, կատերները, կաստըմ-շալվար-վիզկապները, ու հենց տեղում հավաքված փողերը բաժանում բժիշկներին, ուսուցիչներին, թոշակառուներին։ Հետո էս մարդը նամակ է գրում աշխարհում սփռված իր պրեզիդենտ ախպերներին, որ՝ էսպես ու էսպես, ես իմ դրախտից ոտս դուրս դնողը չեմ, աջ ու ձախ փող ցփնողը չեմ, թե ուզում եք ինձ տեսնել՝ դուք եկեք, ձեր պայոկն էլ ձեզ հետ բերեք, ես իմ կուսակցության բերանից չեմ կտրելու՝ ձեզ կշտացնեմ։ Գալիս են ու գալիս, գալիս են ու գալիս։ Զբոսաշրջությունը հո չի ծաղկում, հո չի ծաղկում։ Նախ՝ գալիս են, որովհետեւ առանց էս մարդու թանկագին տեսության կյանքը համայն մարդկության համար իմաստ չունի, երկրորդ՝ մեկ էլ որտեղ կարող են տեսնել երթուղային տաքսիով աշխատանքի գնացող պրեզիդենտի։ Առանց թիկնապահների։ Թիկնապահներին էս մարդն ուղարկում է գործարաններում աշխատելու։ Նախ՝ բոլորս էլ գիտենք, որ շաբաթական մի գործարան է բացվում ու արդեն աշխատուժի պակասություն ենք քաշում, հետո էլ՝ մենք ահաբեկիչներ բուծող մի կուսակցություն ունենք, էն էլ, մեր բախտից, էս մարդու թեւ ու թիկունքն է։ Ումի՞ց պիտի զգուշանա էս մարդը, որ անտեղի թիկնապահների վրա փող ծախսի։ Այնուհետեւ էս մարդը աշխատանքից հետո հոգնած գնում է տուն, ուտում է բրինձ, բադրիջան… Կարելի է նաեւ բազուկով սալաթ։ Տոն օրերին էլ՝ «Գրանդ քենդիի» արտադրության մակարոն… Այնուհետեւ, հենց էս մարդը էս քայլերն անում է, բոլոր իշխանավորները հետեւում են նրա օրինակին, դեռ մի բան էլ ավելի։ Ժողովուրդն ապրում է մեկը մեկից շքեղ առանձնատներում, ուտում է սեւ խավիար ու խորոված, խմում՝ կոնյակ ու վիսկի, իսկ իշխանությունները՝ էս մարդու գլխավորությամբ, յոլա են գնում բրնձով, բադրիջանով ու թանով… Մի քիչ Արմեն Խաչատրյանի վիճակն է բարդանում, բայց դե բոլորս էլ գիտենք, որ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Էսքանից հետո, անաղուհաց ժողովուրդ, դե արի ու միաձայն մի ընտրի էս մարդուն։ Ցմա՛հ։ ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել