Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հարցերին է պատասխանում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը

Սեպտեմբեր 29,2001 00:00

Ձայն վերեւից «Առավոտի» հարցերին է պատասխանում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը – Նախկին քաղկալանավորները դիմել էին ՀՀ նախագահին Ազատ Արշակյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով։ Ինչպե՞ս է նախագահը վերաբերվում այդ խնդրանքին։ – Որքան ինձ հայտնի է, նման դիմում չի ստացվել, սակայն ամեն դեպքում որեւէ անձի խափանման միջոցի ընտրությանը կամ փոփոխությանը ՀՀ նախագահն առնչություն չի կարող ունենալ։ Կարծում եմ, այդքան իրավական գրագիտություն ոչ ոքի չէր խանգարի։ – Տեղեկություններ հնչեցին, որ իրավապահ մարմիններում իմացել են այդ զենքի առկայության մասին։ Կամ եղածն ընդհանրապես ժանգոտած զինամթերք է եղել, որն այդքան ուշադրության չպետք է արժանանար, եւ, ընդհանրապես, Ազատ Արշակյանին պետք էր ավելի մեղմ վերաբերվել։ – Ձեր առաջին դրույթի կապակցությամբ ասեմ, որ որոշ անհեթեթ հրապարակումներ իսկապես եղան։ Իսկ զինամթերքի քանակն ու որակը ոչ մի կերպ չեն կարող առողջ տրամաբանություն ունեցող որեւէ մեկին համոզել, թե «կռվից հետո տանը, պահարանի ներքեւի դարակում պատահմամբ մոռացված մի երկու փամփուշտի» մասին է խոսքը։ Խոսքը լուրջ զինանոցի մասին է, որով ակնհայտորեն հնարավոր է իրականացնել ահաբեկչական գործողություններ։ Կարծում եմ, առանց որեւէ մեկի ասելու էլ պարզ է, որ ով էլ նման զինանոցի առնչություն ունենար, նրա նկատմամբ պետք է կիրառվեն խստագույն միջոցներ։ Իրավապահ մարմիններին այս գործողության համար մեղադրելը պարզապես երեսպաշտություն է։ – Ըստ ձեզ, պե՞տք է հաշվի առնել Ազատ Արշակյանի անձը, թե՞ ոչ։ – Մարդուն մեղավոր կարող է ճանաչել միայն դատարանը, եւ մենք հիմա այդ մասին չենք խոսում։ Սակայն թույլ տվեք հարցնեմ. ո՞վ զոհվեր այդ գնդակներից, ո՞ւմ տանը կամ աշխատավայրում գործի դրվեին այդ պայթուցիկ նյութերը, որ հարցը նման կերպով ձեւակերպողներն ասեին՝ ոչինչ, չէ՞ որ դա Ազատ Արշակյանի (կամ հանրության այս կամ այն հատվածին հայտնի որեւէ ուրիշ անձի) զինամթերքն է։ Մնում է զարմանալ, որ զենք, զինամթերք կամ պայթուցիկ նյութ «պահելու» եւ չկատարված սպանության համար Ա. Արշակյանին անպայման պետք էր կալանավորել։ Իսկ ահա Քոչարյանի՝ «Պապլավոկում» մարդ սպանելու մեջ կասկածվող թիկնապահը դեռեւս ազատության մեջ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել