Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի հանրապետությունում սպանությունների ավելացումը, ձեւերը, դրանց «անբացատրելիությունը», «չբացա

Սեպտեմբեր 29,2001 00:00

Ուշացած ահազանգ Հայաստանի հանրապետությունում սպանությունների ավելացումը, ձեւերը, դրանց «անբացատրելիությունը», «չբացահայտվելը» եւ մարդասպանների անպատժելիությունը ձեռք է բերում չարագուշակ ուրվագծեր: Բացարձակին մոտեցող թողտվության մթնոլորտը հասարակության քանակական բացարձակ մեծամասնության համար ձեւավորում է անզորության այն զգացումը, որ նրան մոտեցնում է անտարբերությանը եւ քաղաքացիական կերպարի կորստին: Այս կամ այն կերպ «հասարակայնացված» մտավորականների մեջ էլ ձեւավորվել է քաղաքացիական պարտքից եւ պարզ մարդասիրությունից «ինքնազատման» հոգեբանություն, որի համար բարոյական արդարացման ձեւ է դարձել «ոչինչ չեմ տեսել», «ոչինչ չեմ լսել»-ը: Համենայն դեպս, օրերս «Առագաստ» սրճարանում 200-ից ավելի մարդկանց աչքի առաջ սկսված ծեծը, այնուհետեւ իրականացված սպանությունը ներկաներին չմղեց հանցագործությունը կանխելու որեւէ քայլի: Իսկ սրճարանում նստած էին, համենայն դեպս, հասարակության ոչ ամենապասիվ եւ ոչ ամենաանհայտ անդամները: Նրանք նայում էին, իսկ հետո, նույնիսկ սպանության փաստն իմանալուց հետո, շարունակեցին իրենց երեկոյան «հանգիստը»: Կամ՝ ձեւացրին, թե շարունակում են: Նույնիսկ այս «ձեւացնելու» մեջ իրականությունը կամ, այսպես կոչված «խաղի կանոններն» ընդունելու վավերացումը կար: Հետո նրանցից շատերը իրենց նեղ միջավայրում սկսեցին պատմել տեսածի մասին՝ խտացնելով վախի ու տագնապի այն մթնոլորտը, որ առանց այդ էլ այսօր Հայաստանի բնակչության քանակական մեծամասնության իշխող տրամադրությունն է: Հիմա էլ սկսվել է «վկայություններից փախչելու» կեցվածքը: Բայց նրանք՝ դեպքի ականատեսները համարյա բոլորը միմյանց գիտեն: Միմյանցից ինչքա՞ն են փախչելու: Նույնիսկ այն մարդիկ, որ ակնհայտ, բոլորի աչքի առաջ նստած են եղել սպանվածի հետ նույն սեղանին ու մի քանի հարված էլ իրենք «կերել», ծանոթներին հանդիպելիս վախեցած «տեղյակ են պահում», որ իրենք այնտեղ չեն եղել: Ի՞նչն է մեզ այսքան վախեցնում, ու՞ր է մեր այնքան շատ վարկային ռեսուրսներ կերած «արդարադատության համակարգը»: Լուրեր են պտտվում, որ սպանությունն իրականացրել են նախագահի պաշտպանության խմբի մարդիկ: Եթե նույնիսկ այդպես է, ինչու՞մն է խնդիրը. նախագահը հայտարարե՞լ է, որ նրանք անձեռնմխելի են, ինչու՞ ականատեսներն իրենք որոշեցին նրանց անձեռնմխելիությունը: Արդյոք այս դեպքը հենց այն առիթը չի՞, երբ թե՛ նախագահը պիտի բացահայտ ցույց տա իր սահմանադրական պարտավորությունը՝ ինքը երկրի քաղաքացիների կյանքի սահմանադրական երաշխավորն է, թե՛ քաղաքացիները, երկրի բնակչությունն առհասարակ պիտի թոթափի պասիվ, կրավորական կեցվածքը՝ պաշտպանի իր, իր զավակների, իր մտերիմների կյանքը ահագնացող ամենաթողությունից: Վաղը մենք բոլորս վտանգի տակ ենք, իսկ այսօր իրենց վտանգի տակ են զգում բոլոր ականատեսները: Շարունակելու՞ ենք ապրել այս երկրում եւ այս ձեւով: Վստահ ենք, որ անհանդուրժելի թողտվության այս մթնոլորտի բացահայտ դրսեւորումը հասարակությանը կմղի իր բարոյական դեմքը գտնելու եւ արժեքները վերականգնելու քայլերի: Մի խումբ պատգամավորներ եւ մտավորականներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել