Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ Երեկ Մատենադարանին հարող տարածքում, որտեղ տեղի էր ունենում «Հանրապետություն» կուսակցության հանրահավաքը, հավաքվել էր ավելի քան 12 հազար մարդ: Դա այն դեպքում, երբ իշխանություններն օգտագործել էին իրենց բոլոր լծակները՝ հատկապես մարզերից Երեւան եկողներին խոչընդոտելու համար: Իշխանությունները, թերեւս, հույս ունեին, որ հանրահավաքների ավանդական հավաքատեղին՝ «Ազատության» հրապարակը, ընդդիմության համար փակ գոտի հայտարարելով՝ հնարավոր կլինի դրա մասնակիցների թիվը հասցնել նվազագույնի: Բայց, պարզվեց ջանքերը զուր են եղել: Քոչարյանի պաշտոնանկության գործընթացի սկիզբը ազդարարած հանրահավաքը՝ Մատենադարանի մոտ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը խորհրդանշական համարեց. «Եթե հիշում եք, այս հրապարակում մենք հավաքվում էինք 88-89 թվականներին, երբ «Ազատության» հրապարակն օկուպացված էր խորհրդային զորքերի կողմից: Ստիպված ենք արձանագրել, որ այսօր «Ազատության» հրապարակն ու մեր երկիրն ընդհանրապես օկուպացված է Քոչարյանի ռեժիմի կողմից»,- եւ հավելեց, թե կուսակցությունը պայքարում է հենց «օկուպանտ» իշխանությունների դեմ: Նա ժողովրդին կոչ արեց քաղաքացիական ակտիվություն դրսեւորել եւ կանխել Քոչարյանի ռեժիմի կողմից իրականացվող ապօրինությունները: Ըստ նրա, սահմանադրական ճանապարհով նախագահի պաշտոնանկության համար ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական բավարար հիմքեր կան, ուստի ժողովուրդն ինքը պետք է դիմի իր ընտրյալ պատգամավորներին՝ պահանջելով մասնակցել նախագահին անվստահություն հայտնելու՝ ԱԺ-ում սկսված գործընթացին: Հանարհավաքում ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը: Վերջինս խոսեց 98-ին նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի նախընտրական խոստումների մասին, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա: Խոսքը մարդկանց աշխատավարձերի ու թոշակների բարձրացման, տնտեսության ոլորտում ազատ մրցակցային դաշտի ապահովման, իշխանության թեւերի տարանջատման ու դատական մարմինների լիակատար անկախության, «աղետի գոտի» հասկացության վերացման մասին է: Պրն Բազեյանը հավաքվածներին հարցրեց, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը Քոչարյանի այն հայտարարությունը, թե ժողովուրդն իր կուսակցությունն է: «Ոչ»,- հետեւեց հավաքվածների պատասխանը: «Քոչարյանը մեզ խոստանում էր արդար պետություն: Արդա՞ր է մեր պետությունն այսօր»: «Ոչ»,- ժխտեց Մատենադարանում հավաքված Քոչարյանի «կուսակցության» մի հատվածը: Բազմության հավանությանն արժանացավ Բազեյանի նաեւ այն միտքը, որ երբ երկրում սպանվում են վարչապետն ու ԱԺ խոսնակը, նրա տեղակալները, երբ սպանվում են ՊՆ, ՆԳՆ փոխնախարարները, գլխավոր դատախազն ու այլ պաշտոնյաներ, եւ այդ սպանությունները մնում են չբացահայտված, շարքային քաղաքացին իրեն պաշտպանված զգալ չի կարող: Անդրադարձ եղավ նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Պրն Բազեյանն ասաց, թե այսօր խնդիրն ավելի քիչ է առնչվում Ղարաբաղին: Այն վերածվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի: Իսկ նման դեպքում, պարզ է, որ միջազգային հանրության կարծիքը այդ հիմնախնդրի վերաբերյալ այլեւս չի կարող նպաստավոր լինել Հայաստանի ու Ղարաբաղի համար: «Երկրում օրինականություն չի լինելու, քանի դեռ կան Քոչարյանն ու իր վարչախումբը»,- հայտարարեց Ա.Բազեյանը: «Իրոք, երկրի վիճակը չափազանց բարդ է: Դրան գումարվեց նաեւ Ռ.Քոչարյանի սպառնալիքը, թե ինքը մտադիր է պաշտոնավարել մինչեւ 2003 թիվը, ավելին՝ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Ես կարծում եմ՝ եթե այդ ընթացքում մեր ժողովրդին չհաջողվի կանխել նրա այդ մտադրությունը, ապա մենք գուցե կորցնենք մեր պետականությունը»: Բազեյանը համաձայնեց Քոչարյանի այն հայտարարության հետ, թե երկիրը չպետք է ղեկավարեն չար ու թունավոր մարդիկ. «Մենք համամիտ ենք. չարությամբ երկիր ղեկավարել հնարավոր չէ: Դրանում մենք համոզվեցինք Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում»: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Ա. Սարգսյանն անդրադարձավ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը, իրականացվող ինքնանպատակ մասնավորեցմանը: Նա անդրադարձավ մասնավորեցման մի շարք գործարքներին ու մասնավորապես «ԱրմենՏելին»՝ դրա գործունեության պատասխանատվությունը դնելով նախագահ Քոչարյանի վրա: Պրն Սարգսյանը նշեց, թե իշխանություններն ընդդիմության ակտիվացումից խուճապի են մատնվել, դա ակնհայտ է իշխանության բոլոր մակարդակներում: Հանրահավաքն ավարտվեց պարոն Բազեյանի այն խոստմամբ, որ հոկտեմբերին դարձյալ հանրահավաք կհրավիրվի, այս անգամ, թերեւս, ՀԺԿ-ի, «Ազգային միաբանություն» կուսակցության, ու, գուցե, նաեւ այլ ուժերի հետ համատեղ: Դե ինչ, «Հանրապետության» նախաձեռնած հանրահավաքն ավելի քան հուսադրող էր առաջին հերթին այն իմաստով, որ, հակառակ գերիշխող կարծիքի, հասարակությունն այնքան էլ պասիվ ու քնած չէ, որքան թվում է իշխանություններին: Իսկ դա արդեն գործի կեսն է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել