Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՄԵՐԸ ԱՐԵԼ ԵՆՔ»

Սեպտեմբեր 29,2001 00:00

1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարվածը ռադիոձայնագրվել է միայն 20:30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ժամը 10:53-ը, երբ Նաիրի Հունանյանին եւ իր խմբին տարել էին դահլիճից։ Սակայն գործի նյութերում կա նաեւ այն ձայնագրության սղագրությունը, որը ես էի արել նիստերի դահլիճում եւ հետո ԱԺ գրադարանի ռադիոյով։ Այդ ընդգրկում է 17:00-18:15-ի ժամանակահատվածը։

Փաստորեն, դրանից հետո մինչեւ 20:30-ն ընկած շատ կարեւոր շրջանն ընդհանրապես չի ձայնագրվել։

Մինչդեռ մասնագիտորեն ձայնագրված ժամանակահատվածն անհամեմատ ավելի հանդարտ էր։ Կատարված սղագրություններն արժեզրկել է նաեւ այն, որ վերծանողների համար գերազանցապես ընկալելի են եղել միայն առանձին բառակապակցություններ, իրար են խառնվել տարբեր խմբերի խոսակցությունները, խանգարել է աղմուկը։ Ընկալված առանձին բառերը շատ անգամ տեղեկատվություն, կապակցված միտք չեն պարունակել։

Այսուհանդերձ, պահպանված ուշագրավ մանրամասներ էլ կան այս ձայնագրություններում։ Ասենք, 20:30-ից հետո մեկը հարցրել է Նաիրի Հունանյանին. «Եթե մարդ չի գալիս, բան չի անում, այդ ժամանակ դու ո՞նց ես պլանավորում»։ «Իջնելո՛ւ են մարդիկ»,- վստահ պատասխանում է Հունանյանը։ «Ասենք թե Քոչարյանը «չէ» ասեց»,- չի հանդարտվում նրա անանուն զրուցակիցը։ Նաիրի Հունանյանի պատասխանը խլացնում է ընդհանուր աղմուկը։

Պահպանվել են նրա եւ ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի զրույցի պատառիկները Ալեքսան Հարությունյանի եւ Նաիրի Հունանյանի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։ «Այն սենյակը, որտեղ ես ու Ալիկը խոսում ենք, ոչ մեկ չի գալիս»,- ասում է Նաիրի Հունանյանը։ «Միջանցքում էլ չպետք է լինի»,- լրացնում է նրան մեկ այլ ահաբեկիչ։ Գրիգոր Գրիգորյանի «Այդ մի տարբերակը։ Մյուս տարբերակը…»,- խոսքն ընդհատում է Հունանյանը. «Մենակ ես ու Ալիկն ենք»։ ԱԱ փոխնախարարը դեռ երկար համոզում է, որ գոնե Հրանտ Մարգարյանն էլ լինի նրանց հետ, բայց ահաբեկիչը մնում է անդրդվելի։

Ի դեպ, ձայնագրվել են նաեւ այն խոսքերը, որ Նաիրի Հունանյանը հեռախոսազրույցի ընթացքում ասել է Ալեքսան Հարությունյանին. «Մի հատ բան կա։ Ես հեռախոսով չեմ ուզում ասել, հասկանո՞ւմ ես։ Ուզում էի քո հետ խոսայի առանձին»։

Ժամը 22:30-ից հետո արձանագրվել է Դերենիկ Բեջանյանի հեռախոսազրույցը «Զորավար Անդրանիկ» ջոկատի նախկին մարտիկ Հովհաննես Ավագյանի հետ։ Նրան նախ հայտնում է, որ ԱԺ-ում է. «Մենք ենք այդ գործողությունն արել», հետո ավելացնում. «Մենք մերը արել ենք։ Հիմա մնացած գործողություններ…»։ Խոսքը մնացել է անավարտ։

Գիշերվա 1:30-ից հետո ձայնագրվել է Շահեն Կարամանուկյանի եւ Նաիրի Հունանյանի երկխոսությունը։ «Նաիրի ջան, ես մի հատ գնամ պրեզիդենտական գործին օգնեմ»։ «Չէ, չէ, խոսում ենք, Շահեն։ Մենք կապի մեջ ենք։ Տիկոն նոր եկավ Ալիկի մոտից»։ «Ես գործին վնաս տվողը չեմ»,- ասում է Շահեն Կարամանուկյանը եւ Հունանյանն այսպես է արձագանքում. «Իմաստ չունի քո գնալը։ Որ իմաստ ունենա, կասեմ, գնա, այ ցավդ տանեմ»։

Եթե Շահեն Կարամանուկյանի այս բոլոր խոսքերն ԱԱՆ-ի վերծանողների համար հստակ ընկալելի են եղել, Գրիգոր Գրիգորյանի արտահայտություններն ամենաէական հատվածներում որակվել են անլսելի։ Օրինակ, ԱԱ փոխնախարարը Նաիրի Հունանյանին պատմում է. «Ես նախագահի մոտ էի։ Խոսեցի։ Ասեց, սենց տարբերակներ դու ունես։ Եթե մեր տարբերակը…»։ Եվ նշված է, որ դահլիճի աղմուկը խլացրել է նախադասության ավարտը։ Սակայն հետո ընկալելի են դարձել Գրիգոր Գրիգորյանի այս արտահայտությունները. «Եվ առաջինը՝ անվտանգությունը։ (…) Էն գարանտիան, եթե ինքը տալիս է, որպեսզի որոշում (դարձյալ անընկալելի է դարձել.- Ա. Ի.) (…) Պրեզիդենտը ասում է, ամեն տեղ գարանտիա տալիս եմ»։

Ուշագրավ են նաեւ սղագրության այն հատվածները, երբ դահլիճում գիշերվա 4-ն անց 30-ից հետո հայտնվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Գեւորգ Թովմասյանը, որն այդ պահին ղեկավարում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը։ Նա բազմիցս դիմում է պատգամավորներին, թե ով կարող է պաշտոնական ցուցմունքով հաստատել այն վարկածը, որն այդ ամբողջ ընթացքում պնդում էին ահաբեկիչները, այն է, որ իրենցից բացի այլ կրակողներ են եղել։ «Նաիրի ջան, զննությունը, էքսպերտը թող ցույց տա, որ վերեւից կրակվել ա, եւ արդեն մենք կգանք եւ կասենք, որ իրոք այդ մարդիկ մտել են ձեզ հետ»,- ասում է մի պատգամավոր։ Հետո դահլիճից նետում են. «Ամենաճիշտ բաները ժուռնալիստները կասեն»։ Ի վերջո, գտնվում են պատգամավորներ, որոնք հաստատում են ահաբեկիչների վարկածը՝ Արամ Հովհաննիսյանը, Հայկ Բաբուխանյանը, կարծես նաեւ՝ Սուրեն Խաչատրյանը (Լիսկան)։

Ընդհանրապես արժե մեջբերել ձայնագրությունների սղագրություններից որոշ հատվածներ, որոնք վկայում են այն մթնոլորտի մասին, որն այդ գիշեր տիրել է ԱԺ նիստերի դահլիճում։ Ներս է մտնում մեկը, որը ծխախոտ է բերել պատանդներին եւ աշխուժություն է սկսվում։ Ահաբեկիչներից մեկը գոռում է. «Ժողովուրդ, ժողովուրդ։ Բոլորը նստեն իրենց տեղերը»։ Սակայն դահլիճը չի հանդարտվում, անդադար լսվում է «սիգարետ» բառը։ Ինչ-որ մի պահ փորձում են տեխնիկան եւ սղագրության մեջ նշվում է. «Միացնում են բարձր երաժշտություն ամբողջ դահլիճով մեկ»։

Շատ խորհրդանշական է, որ դահլիճում, որտեղ դեռ սպանվածների արյունը չէր չորացել, մեկ ռադիոյով գրական-երաժշտական հաղորդում է լսվել, մեկ՝ Լուսինե Զաքարյանի երգը, իսկ հոկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 10-ի ձայնագրության սղագրության սկզբում արձանագրվել է. «Դահլիճում իրարանցում է։ Պատգամավորները նույնիսկ կատակ են անում եւ ծիծաղում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930