Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհարկի ձգձգված միջոցառում

Սեպտեմբեր 28,2001 00:00

Անհարկի ձգձգված միջոցառում «Հովհ. Թումանյան» մշակութային ընկերակցությունը եւ Գրողների միությունը կազմակերպել էին հուշ-երեկո եւ Թումանյանների ընտանեկան նկարների ցուցահանդես, որոնք նպատակ ունեին կարեւորելու ոչ միայն Թումանյան-բանաստեղծին ու մարդուն, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամներին։ Ներկաները հոտնկայս հարգեցին Թումանյանի զավակների հիշատակը, իսկ 10 տղաներ ու աղջիկներ փորձեցին մարմնավորել վերջիններիս։ Մինչեւ անգամ ներկայացրին նրանց կենսագրությունները, ստեղծագործական ու հասարակական գործունեությունը, մահվան տարեթվերն ու պատճառները, որի հետեւանքով միջոցառումն անհարկի ձգձգվեց, իսկ հիմնական ասելիքը կորցրեց իր ուժը։ Միջոցառմանը ներկա Ս. Կապուտիկյանը, որ սկզբում տարակուսում էր, թե երեկոն չպետք է միանար քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շարքին, ելույթի վերջում ներկաներին փորձեց համոզել, թե տեղին է հանրապետությունում առկա հոգեկան բարձր տրամադրվածության մթնոլորտում՝ Թումանյանի «տարբեր աղետներին զոհ գնացած զավակներին ազգովի մեծարելը»։ Կ. Դալլաքյանն էլ բուռն զայրույթով խարազանեց մշակույթի նախարարությանն ու այն դատարանին, որի «շնորհիվ» «բռնագրավվել» է Հովհ. Թումանյանի թանգարանը, իսկ «հայրենի հողում գտնվող նրա միակ ժառանգն ու վերջին մոհիկանը», որ աշխատում էր այնտեղ հասարակական հիմունքներով՝ վտարվել թանգարանից։ Ի դեպ, միջոցառմանը ներկա էին նաեւ Հովհ. Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը եւ ծոռնուհին՝ Ելենան։ Ի. Սաֆրազբեկյանը նույնպես անդրադարձավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով իրեն զրկել էին պապի գրական ժառանգությանը շփվելու հնարավորություններից, ինչպես նաեւ ներկայացրեց պատմություններ Լ. Շանթի, Դ. Դեմիրճյանի եւ նշանավոր այլ գրողների՝ Թումանյանների տանը հյուրընկալվելու, Թումանյանի որդու՝ Արեգի կողմից մեծ բանաստեղծի սիրտը դիահերձարանից «փախցնելու» եւ այլնի մասին։ Եվ այդպես էլ չհասկացվեց, թե որն էր երեկոյի նպատակը՝ անարդարությունների դեմ բողո՞քը, թե՞ Թումանյան ընտանիքի պատմությանը ծանոթացնելը։ Ամեն դեպքում՝ երկուսն էլ թույլ էին ներկայացված։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել