Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեկ

Սեպտեմբեր 28,2001 00:00

ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ՊԱՊ Երեկ երեկոյան Երեւանից Վատիկան վերադարձավ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ն։ Մերոնք ոչ մի կերպ չկարողացան նրան պահել Հայաստանում։ Արդեն այսօր ԱՄՆ-ի ռազմական ուժերի ձեռքերն ազատ են՝ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Աֆղանստանի ու աֆղանների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հռոմի պապի ինքնաթիռով սրբագործված Հայաստանի օդային տարածքն էլ բաց է։ Այնպես որ՝ թռե՜ք, թռչնակներ։ Մետաղե մարմնով եւ պայթուցիկ ձվերով։ Բայց մինչեւ հեռանալը, հարգարժան Պապը հասցրեց Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում եւ Քանաքեռի Կաթոլիկ եկեղեցում պատարագ տալ, լինել Խոր Վիրապում, ուր Հայոց Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն անմարդկային չարչարանքներով ապացուցել է իր հավատարմությունը Քրիստոսին։ Հռոմի պապի այցի հետ կապված թույլ հակասական տրամադրությունները Հայ Առաքելական եկեղեցու հավատավորների մեջ առնչվում էին հատկապես Մայր Աթոռում լատիներենով եւ հռոմեական ծեսով տրվելիք պատարագին։ Եվ գուցե թե դրանով էր պայմանավորված ե՛ւ Վեհափառի, ե՛ւ Պապի խոսքերի մեջ առկա արդարացման տոնը։ Վեհափառն իր խոսքում շեշտեց, որ առ Աստված աղոթքի լեզուն մեկն է, քանի որ նույն հավատքով, նույն սիրով են պաշտոն մատուցում երկու հովվապետները։ Նաեւ նշեց, թե Աստված լսում է մեզ բոլոր լեզուներով, ու բոլոր քրիստոնյաներիս տրված է միեւնույն Տիրոջ շնորհը։ Իսկ Պապը, խոստովանելով «Հռոմի եպիսկոպոսը որքա՜ն սպասեց այս օրվան», նշեց, որ «Ըմբռնել էիք, որ որտեղ էլ քրիստոնյաները տառապում էին, թեեւ միմյանց միջեւ բաժանված, բայց արդեն գոյություն ուներ մի խոր միություն»։ Եվ հետո, ըստ երեւույթին, նկատի ունենալով նաեւ Ռուսիո պատրիարք Ալեքսիին, որը որեւէ ընդառաջ քայլ Վատիկանին չի անում, Պապն ասաց. «Ձեր ներկա պատմությունը չի դրոշմվել Եկեղեցիների միջեւ տխուր ընդդիմությամբ, որը քրիստոնյաներին չարչարեց այստեղից ոչ շատ հեռու երկրներում»։ Հետո, երեւի իրեն եւ Կաթոլիկ եկեղեցուն ապահովագրելու նպատակով, շեշտեց, որ «Կաթողիկե եկեղեցին այս երկրում մրցակից չէ։ Մեր հարաբերությունները դրոշմված են եղբայրական հոգիով»… Էջմիածնում տված համատեղ պատարագից հետո, որտեղ հնչում էին հայերեն շարականներ, Հռոմի պապն ուղեւորվեց Կաթողիկե եկեղեցի։ Այս այցի մասին որեւէ մանրամասն հաղորդել չենք կարող, քանզի այն դուրս էր ծրագրի շրջանակներից, եւ լրագրողները չէին լուսաբանելու։ Երեկոյան 18.00-ին Պապը՝ Վեհափառ Գարեգին Բ-ի ուղեկցությամբ մեկնեց Խոր Վիրապ, որտեղ նրան դիմավորեց կաթոլիկ հայերի մի մեծ խումբ։ Նրանք հիմնականում Ջավախքից եկած հայերն էին՝ 800-900 հոգի, որ երեկ երեկոյան դուրս էին եկել Վրաստանից եւ այսօր առավոտյան եղել էին Էջմիածնում, պատարագ լսել, ապա 20 ավտոբուսով հասել էին Խոր Վիրապ։ Թերեւս Պապին Հայաստանում դիմավորած առավել հոծ բազմությունը հենց այսօր էր եւ հե՛նց այս խումբը։ Նրանք Խոր Վիրապի պարիսպներից դուրս համբերությամբ սպասեցին մինչեւ Պապը դուրս գա եկեղեցուց, խանդավառությամբ հրաժեշտ տվեցին եւ լցվեցին վանք՝ ֆանատիկորեն համբուրելով այն ամենը, ինչին, ենթադրաբար, դիպել էր Հռոմի պապը։ Նրանց պատմածներով, միայն Ախալքալաքում 7 կաթոլիկ բնակչությամբ եւ եկեղեցիով հայկական գյուղ կա։ Եվս 3-ը՝ Բոգդանովկայի շրջանում կա։ Նրանք մտադիր էին Պապին նամակ փոխանցել իրենց գյուղերի ողբալի, անջուր վիճակի մասին, սակայն, բնականաբար, դա նրանց չհաջողվեց։ Մեր երկրում անվտանգության համակարգն այնքան հզոր է զարգացած, որ այս 3 օրերի ընթացքում Պապին գոնե պարզ տեսանելիության չափով մոտենալու հնարավորություն չտրվեց լրագրողներին, ուր մնաց թե՝ սովորական մահկանացուներին։ Իսկ իտալացի եւ լեհ լրագրողները զարմանում ու նեղվում էին՝ ձեր ժողովուրդը մի՞թե չի հասկանում, թե ով է եկել Հայաստան, ոչ մի խանդավառություն, հիացմունք չենք տեսնում ժողովրդի դեմքերին։ Նրանց զարմանքը հասկանալի է՝ Պապին այլուր ընդունում են երկնքից իջած մանանայի, Աստծո հետ անմիջականորեն շփվող Սրբազանի պես։ Բայց նրանք նաեւ պիտի գիտակցեն, որ Հռոմի պապը հայ ժողովրդի (որի գերակշիռ մասը Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներն են, իսկ դրանից էլ շատ՝ խորհրդային ժամանակաշրջանում մինչեւ ուղնուծուծը աթեիստներ դարձածներ են) հոգեւոր հովիվը չէ։ Մենք ունենք մեր կաթողիկոսը, որի նկատմամբ հարգանքն ու երկյուղածությունն ուղիղ համեմատական են մեր եկեղեցու հովիվների առ Աստվածն ունեցած հավատքին, ժողովրդի՝ քահանաների հանդեպ ունեցած հարգանքին, եւ ընդհանրապես՝ ժողովրդի բարեպաշտության եւ աստվածավախության ընդհանուր մակարդակին։ Խոր Վիրապի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում շարականների հնչյունների ներքո մի հոգեւորական իջավ Չարչարանաց վիհը, այնտեղից վեր հանեց Լուսավորչի Կանթեղը, եւ աղոթքների ներքո տվեցին Պապին։ Կանթեղը, որը հերմետիկ փակ է, եւ որին հանգչելու վտանգ չի սպառնում, Պապը կհասցնի Վատիկան։ Նմանատիպ մի կանթեղ էլ տրվեց Վեհափառ հայրապետին՝ Սուրբ Էջմիածին տանելու համար։ Այս մասին մեզ պատմեց Խոր Վիրապի քահանա Զարեհ վարդապետ Կաբաղյանը, որը Պապի հեռանալուց հետո պատվիրեց բակ բերել այն գահավորակը, որի վրա մատուռում նստել էր Պապը, հարմար տեղավորվեց մեջը՝ «նստեմ Պապի տեղը, կարող ա բուժվեմ» խոսքերով, եւ նոր միայն պատմեց, թե ինչ է կատարվել մատուռում։ Խոր Վիրապից Պապն ու Վեհափառն անմիջապես մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ հրաժեշտի արարողությունից հետո, Հռոմի պապը մեկնեց Վատիկան։ Նրան ինչպես դիմավորեց, այնպես էլ ճանապարհեց ՀՀ նախագահը։ Պապը նրան շնորհակալ եղավ «հոյակապ հյուրընկալության» համար։ Եվ եթե ողջույնի խոսքում Պապը մեջբերել էր Դանիել Վարուժանի, ապա հրաժեշտի խոսքում մեջբերեց Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից հատվածներ։ Նա գնաց, բայց թողեց մեզ իր օրհնությունն ու մաղթանքը. «Աստված պահպանի Հայաստանը»։ Դե ինչ, կյանքը ցույց կտա, թե որքանով է Աստված հարգում Պապի խնդրանքը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել