Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Սեպտեմբեր 28,2001 00:00

ԵՐԲ MOBILE-Ը ՆԱԽ ԺԱՄԱՑՈՒՅՑ Է «Առավոտի» հարցին, թե Հայաստան գալով կարողացա՞ք օգտվել ձեր բջջային հեռախոսից, OTE-ի փոխնախագահ Վասիլիս Մագլարասը դրական պատասխան տվեց եւ ծոցագրպանից հպարտությամբ մի բջջային հեռախոս հանեց։ Բայց պարզվեց, որ այդ հեռախոսն «ԱրմենՏելն» է ապահովել, քանզի շատ բարի ու հաճելի դիմագծերով պապիկը՝ Վասիլիս Մագլարասը, նաեւ «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի նախագահն է։ Իսկ, օրինակ, Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկի տնօրենների խորհրդի անդամները (եւ հազարավոր այլ հյուրեր, պաշտոնյաներ ու գործարարներ) շատ տհաճ անակնկալի առաջ էին կանգնել Հայաստան ժամանելուն պես, երբ պարզել էին, որ այստեղ իրենց mobile-ը վերածվել է ժամացույցի (այսինքն՝ բջջային հեռախոսը չի աշխատում եւ ապարատը ցույց է տալիս միայն ժամը) եւ, որ այդ ժամացույցով ոչ ընտանիքի անդամների հետ կարող են խոսել, ոչ էլ գործընկերների հետ։ «ԱրմենՏելը», լինելով կոմերցիոն ընկերություն, հո բոլորին բջջային հեռախոսներ չի՞ բաժանելու, ինչ է թե վատ (գոնե առայժմ) ծառայություններ է մատուցում։ Իսկ ընդհանրապես, թվում է, արդեն ողջ աշխարհի (իրականում՝ Հայաստանի) բջջային հեռախոս ունեցողներն են «Առավոտին» խնդրել գրել, որ «էս հեռախոսները բանի պետք չեն»։ Որովհետեւ դիմացդ կանգնած մարդուն զրպարտում է, թե «անհասանելի է»։ Մարդիկ բողոքում են, որ իրենց բիզնեսը հազարավոր դոլարների վնաս է կրում։ Դե, փոխհատուցման մասին խոսելն էլ ավելորդ է։ Երեկվա համարում արդեն նշել էինք, որ ըստ Մագլարասի, «ԱրմենՏելն» անդրդվելի է եւ մտադիր չէ ոչ քննարկել, ոչ էլ փոխել րոպեավճարի մասին տնօրենների խորհրդի որոշումը։ Կառավարության ներկայացուցիչն էլ (Վաղինակ Քոչարյան) իր դիրքորոշումը պնդեց. «Րոպեավճարն այս ձեւով չի կիրառվելու»։ Ի դեպ, երեքշաբթի նախնական հանդիպում-քննարկում է եղել եւ, ըստ Վաղինակ Քոչարյանի, «ամեն մեկը մնաց իր կարծիքին»։ Դատելով այս ամենից, բուռն է եղել նաեւ տնօրենների խորհրդի նիստը։ Ըստ երեւույթին, OTE-ն կառաջարկի րոպեավճարի կիրառման որոշումը չփոխելու պայմանով սակագների իջեցում՝ մյուս ծառայությունների համար. «Խնդիրը միայն րոպեավճարը չի, վաղը (արդեն երեկ) քննարկելու ենք առհասարակ մեր սակագնային քաղաքականությունը, բջջային, քարտային հեռախոսների խնդիրը, սակագները կիջեցվեն»,- հայտնեց Վ. Մագլարասը, ավելացնելով, որ ինտերնետից օգտվելու սակագները գրեթե կհավասարվեն (չնչին առավելությամբ) Նյու Յորքում գործող սակագներին։ Ըստ երեւույթին, տնօրենների խորհրդի նիստի ժամանակ կառավարությունը երաշխիքներ կպահանջի այն մասին, որ երբ OTE-ն Եվրամիության պահանջով օտարի իր բաժնեմասը, այն չի հայտնվի Հայաստանի ռազմավարական հակառակորդի ձեռքում։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին «ԱրմենՏելի» իրավասու աշխատակիցը պատասխանեց, որ Վ. Մագլարասը չի կարող հարցին պատասխանել, քանի դեռ չի եղել տնօրենների խորհրդի նիստը։ Երեւի անակնկալ չէր Վասիլիս Մագլարասի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ Նյու Յորքում կայացած կոնֆերանսի ժամանակ նախագահ Քոչարյանը Մագլարասի հետ թեեւ բազմաթիվ հարցեր է քննարկել, բայց չի բարձրացրել րոպեավճարի հարցը. «Ես կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ «ԱրմենՏելը» կատարած ներդրումների դիմաց ինչ-որ բան պետք է ստանա,- եզրակացրեց OTE-ի փոխնախագահը։- Բայց ես էլ եմ վճարել իմ թվային հեռախոսի համար, այնտեղ՝ Աթենքի իմ տանը, երբ իմ երկու հեռախոսներից մեկը թվային էր, մյուսը՝ ոչ»։ Իսկ մեր հայրենակիցներն արդեն ազարտի մեջ են եւ «ԱրմենՏելի» րոպեավճարն արդեն նրանց հետաքրքրում է որքան կիրառվել-չկիրառվելու տեսանկյունից, այնքան էլ՝ երկրի նախագահի եւ կառավարության թափն ու խոսքի հավաստիությունը ստուգելու։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել