Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԸ, ԵՐԵՎԻ, ԼԱՎԱՑԵԼ Է

Սեպտեմբեր 28,2001 00:00

ԾԱՅՐԱՀԵՂ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ Ըստ ադրբեջանական «Էխո» եւ «525» թերթերի, սեպտեմբերի 29-30-ին Քիշնեւում անց է կացվելու «Միջազգային ահաբեկչություն» թեմայով միջազգային գիտաժողով, որի հովանավորն է Ուիլյամ Նելսոնի անվան միջազգային ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցելու են փորձագետներ ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Բնականաբար, Ադրբեջանի ներկայացուցիչ Արիֆ Յունուսովը կօգտագործի գիտաժողովի ամբիոնը՝ հակահայկական քարոզչության համար: Նրա զեկույցը նվիրված է լինելու, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղում անօրինական հայկական զինված խմբերի գործունեությանը»: Թվում է, թե Հայաստանը դրան համոզիչ փաստարկներ ունի հակադրելու, եւ մեր ներկայացուցչի զեկույցը կարող էր նվիրված լինել, օրինակ, Ադրբեջանում հայերի դեմ իրականացված պետական ահաբեկչությանը: Սակայն, ըստ նույն աղբյուրի, հայաստանյան փորձագետների զեկույցի թեման լինելու է՝ «ԱՍԱԼԱ. ահաբեկչական կառույցից դեպի հասարակական կազմակերպություն»: Իհարկե, Հայաստանի ներքին կյանքի համար բավականին արդիական խնդիր է՝ կարո՞ղ են արդյոք որոշ ահաբեկչական կառույցներ ձեռք բերել ժամանակակից հասարակական-քաղաքական կազմակերպությունների տեսք, սակայն երբ միջազգային ֆորումում հայերը խոսում են սեփական «ահաբեկիչներից», դա, մեղմ ասած, շատ յուրահատուկ մոտեցում է խնդրին: Հայաստանյան քաղաքագետների անունները հիշյալ հրապարակումներում չեն նշվում, իսկ մեր արտգործնախարարությունում նման գիտաժողովից անտեղյակ են: ԿՅԱՆՔԸ, ԵՐԵՎԻ, ԼԱՎԱՑԵԼ Է Կամ կյանքն է լավացել, կամ մարդիկ են վախկոտ դարձել: Համենայնդեպս, եթե առաջներում որեւէ նախարար սեփական հյուրանոց կառուցեր եւ նախագահն էլ իր չինովնիկի հյուրանոցը գար «օծելու», ժողովրդական ընդվզման ալիք կբարձրանար: Կասկածներ կառաջանային՝ արդյոք նա չի՞ օգտագործել մաքսային ղեկավարի իր պաշտոնը՝ ներմուծվող շինանյութերի եւ կահավորման մաքսատուրքը չվճարելու համար: Կամ՝ արդյոք նա չի՞ օգտագործել հարկային ղեկավարի իր պաշտոնը՝ շինարարական կազմակերպությունները ձրի աշխատեցնելու համար: Այսօր նման օբյեկտները ոչ մեկի աչքը չեն ծակում: Մարդիկ, երեւի, վստահ են, որ ամեն ինչ օրինական է: Կամ տեսնում են գլխավոր թիկնապահ Գրիշայի, պանծալի չեկիստ Կարլոսի եւ ոստիկանապետ Հայկի շքեղ առանձնատները եւ մտածում՝ ի՞նչ է եղել որ, կարող է այդ մարդիկ աշխատանքից հետո մի տեղ՝ քարի հանքում, քար են կրում, փող են աշխատում եւ իրենց հալալ քրտինքով պալատներ կառուցում: Եվ մարդիկ, ասես իներցիայով, շարունակում են խոսել Վանոյի մասին: Հավանաբար, վառ անհատականություն է՝ դրա համար: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել