Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ, ՈՐ ԶՈՌՈՎ «ՔՍԻ» ԵՆ ՏԱԼԻՍ

Սեպտեմբեր 28,2001 00:00

ՈՎՔԵ՞Ր ԵՆ, ՈՐ ԶՈՌՈՎ «ՔՍԻ» ԵՆ ՏԱԼԻՍ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրերը Հայաստանի համար խիստ անբարենպաստ եղան: Սակայն, ինչպես երեւում է, հայկական պատվիրակությունը անընդունակ է անգամ ադեկվատ ձեւով գնահատել այն իրավիճակի լրջությունը, որում հայտնվել է Հայաստանը եւ որի հետեւանքները հղի են անկանխատեսելի վտանգով: Այդ պայմաններում, մեղմ ասած, տարօրինակ էր, երբ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը հաջող փորձ արեց էլ ավելի սրել Հայաստանի ու նրա շուրջ ստեղծված վիճակը՝ գրգռելով տարածաշրջանում մեր դրկից Վրաստանին: Նա ԵԽ ամբիոնից նախ հայտարարել էր, թե Վրաստանում ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ ջավախահայերի, իրավունքները: Հետո կարծիք էր հայտնել, թե հարկ է, որ Վրաստանը ազգային փոքրամասնություններին ինքնավարություն շնորհի, ինչի համար պետք է փոխվի Վրաստանի Սահմանադրությունն ու օրենսդրական դաշտը: Ա.Ռուստամյանը նաեւ ասել էր, թե ԵԽ-ն պետք է այդ գործընթացն իր վերահսկողության տակ պահի: Բնականաբար հետեւել էր Վրաստանի նախագահի՝ ազգամիջյան հարաբերությունների հարցով խորհրդական Ալեքսեյ Գերասիմովի պատասխանը: Նա ստահոդ էր որակել Ռուստամյանի այն հայտարարությունը, թե պետք է պաշտպանել Ջավախքում ապրող վրացահայերի իրավունքները: Ա.Գերասիմովը միաժամանակ բացառել էր Ռուստամյանի ելույթի՝ Ռուսաստանի կողմից թելադրված լինելու հնարավորությունը՝ ասելով, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բայց միեւնույն ժամանակ, վարում է նրանից անկախ քաղաքականություն: Գերասիմովն ընդգծել է նաեւ, թե անկախ փորձագետները բազմիցս ուսումնասիրել են Վրաստանի այդ տարածքում ստեղծված իրավիճակը եւ Ջավախքում ապրող 100 հազար հայերի իրավունքների ոտնահարման փաստեր չեն արձանագրել: ԵԽ-ում Ա.Ռուստամյանի ելույթին արձագանքել է նաեւ Վրաստանի նախագահ Էդ.Շեւարդնաձեն եւ հայտարարել, որ, եթե ԵԽ-ն անհրաժեշտ համարի, կարող է Ջավախքում մոնիտորինգ անցկացնել: Մնում է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները, դաշնակների հետ ձեռք ձեռքի տված, ամեն ինչ անում են հերթական անգամ հայոց պետականությունը վտանգելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել