Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրամադրությունների մեղմացում

Սեպտեմբեր 28,2001 00:00

Տրամադրությունների մեղմացում Չնայած հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2001 թվականի աշնանային նստաշրջանում ամենասուր արտահայտություններով հայ-ադրբեջանական հակասությունները դրսեւորվեցին, սակայն այս օրերին Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մի շարք նախաձեռնություններ են ասպարեզ եկել։ Առաջին ձեռնարկն այդ ուղղությամբ կատարեց ԵԽ ԽՎ-ում Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության ղեկավար պրն Վոլֆգանգ Բեհրենդը, սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան ընթրիքի հրավիրելով հարավկովկասյան երկրների պատվիրակներին։ Սակայն ադրբեջանցիներն, առանց որեւէ բացատրության, չարձագանքեցին գերմանացիների հրավերին, ինչն արձանագրելով՝ Վոլֆգանգ Բեհրենդը հույս հայտնեց, թե ադրբեջանցիների բացակայությունը քաղաքական հիմքեր չունի։ Սակայն, եթե Բաքվի քաղաքական գործիչները մեր պատգամավորների հետ չէին կամեցել ընթրել, ապա զրույցի հնարավորությունից չհրաժարվեցին՝ ընդունելով ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ Թերի Դեւիսի հրավերը։ Հանդիպումը կայացավ սեպտեմբերի 27-ի հետկեսօրին, որին վրացական կողմը եւս մասնակցություն էր բերել։ Դա ակնհայտորեն սրված զգացողությունները մեղմելու նպատակադրում է ունեցել եւ հանդիպման ժամանակ խոսակցությունը ծավալվել է ոչ թե վերջին օրերին երեւակված խնդիրների, այլ ապագայի ծրագրերի շուրջ։ Հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը վկայում է՝ մեր կողմից առաջարկություն է եղել, որ քաղաքական հանձնաժողովի կազմում՝ Թերի Դեւիսի գլխավորությամբ գործող հարավկովկասյան հանրապետությունների պատվիրակներից կազմված ենթահանձնաժողովն այսուհետեւ եւս շարունակի գործունեությունը, որը Հարավային Կովկասին վերաբերող բոլոր խնդիրները կանխավ կքննարկի, մինչ հարցադրումները ԵԽ ԽՎ-ին փոխանցելը։ Այսպիսով, փաստորեն, մասնակիորեն բավարարվում է ԵԽ ցանկությունը՝ մասնակցել Ղարաբաղի հիմնահարցի եւ ընդհանրապես՝ տարածաշրջանի խնդիրների լուծման գործին։ Պրն Հովհաննիսյանն ասաց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ հանդիպումը նշյալ ենթահանձնաժողովի՝ տեղի է ունենալու Փարիզում, ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-12-ին։ Փարիզյան օրակարգում կներառվի 3 հարց՝ առաջինն առնչվում է ռազմագերիներին ու անհետ կորածներին, որպեսզի նրանց վերաբերող խնդիրները հնարավոր լինի լուծել առանց ավելորդ ձգձգումների։ Օրակարգի երկրորդ հարցով կողմերն անդրադառնալու են «Կովկասյան կայունության պակտին», փարիզյան հանդիպմանը յուրաքանչյուրը ներկայացնելով սեփական տարբերակը։ Այդուհանդերձ՝ գործընթացում կներգրավվեն եվրոպական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները եւս, որոնց հետ համագործակցությամբ էլ մշակվելու են «Հարավկովկասյան կայունության պակտի» հիմնական մոդուլները։ Օրակարգի 3-րդ հարցը ձեւակերպել են վրացիները, որով առաջարկվում է քննարկումների հիմքում դնել էկոլոգիական խնդիրների վերաբերող 7 կետից բաղկացած մի փաստաթուղթ։ Հայկական կողմը որոշակի վերապահություններ է արտահայտել նախնական տեքստի վերաբերյալ: ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել