Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասում

Սեպտեմբեր 28,2001 00:00

«Ժողովուրդը իր վզին պարան ունի» Ասում է Էմմա Խուդաբաշյանը ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Էմմա Խուդաբաշյանն այն կարծիքին է, որ 1700-ամյա քրիստոնեական կենսագրություն ունեցող մի ժողովուրդ պարզապես չի կարող երկար հանդուրժել այն, ինչ այսօր կատարվում է հանրապետությունում։ Երկրում տեղի են ունենում քրիստոնյային ոչ վայել գործողություններ եւ առաջին հերթին չի պահպանվում թիվ մեկ՝ «մի՛ սպանիր» պատվիրանը։ «1700-ամյա քրիստոնյա ազգը այսօր հավատ չունի սեփական իշխանությունների հանդեպ, այդ ազգի որոշ ներկայացուցիչներ պարզապես անհավատին վայել արարքներ են կատարում։ Մարդկանց աչքի առաջ դաժանաբար ծեծվում եւ սպանվում է իրենց հայրենակիցը, իսկ իրենք շարունակում են խրախճանքը։ Իսկական՝ խնջույք՝ ժանտախտի ժամանակ։ Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ Ռ. Քոչարյանի ոտքերի տակ մարդ են մատաղ անում՝ ի տարբերություն այն բանի, որ Կարեն Դեմիրճյանի ոտքերի տակ գառ էին մատաղ անում։ Ո՞ւր հասանք եւ հանուն ինչի՞ հանդուրժենք այս ամենը»։ Պատգամավորը փորձեց նաեւ զուգահեռներ անցկացնել «Հոկտեմբերի 27»-ի եւ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության միջեւ. «Ահաբեկչության դեմ պետք է միասնաբար պայքարել, բայց մեր երկրում ահաբեկչության դեմ ոչ թե պայքարում են, այլ հովանավորում են ահաբեկիչներին։ Եթե հայտարարվեց, որ «Հոկտեմբերի 27»-ը «ուչաստկովիի» գործ էր, ուրեմն ինչպիսի գործ է «Պապլավոկում» տեղի ունեցած մարդասպանությունը։ Ուզում են ասել, որ մարդու սիրտը 1700-ամյակի ուրախությունի՞ց ճաքեց։ «Քրիստոնեաբա՞ր» մարդուն «Պապլավոկում» ծեծեցին եւ սպանեցին։ Այս ի՞նչ շոու է՝ սկզբում բերեցին, մարդկանց աչքի առաջ ցուլին սպանեցին, հետո էլ մարդուն են սպանում։ Սա՞ է քրիստոնեությունը։ Ռ. Քոչարյանն ասաց, որ քանի դեռ ինքը գոյություն ունի, մահապատիժ չի կիրառվի, ուրեմն ես էլ չեմ զարմանա, որ Քոչարյանին տեսնելիս մարդու սիրտը կճաքի։ Դեռ մի քանի մարդու սիրտ է ճաքելու ուրախությունից, քանիսի՞ սիրտն է պայթելու սեփական տան դուռը բացելուց, երբ իրեն-իրեն նռնակ է պայթելու, քանի՞ մարդ է հանկարծամահ լինելու։ Չի կարող հայ ժողովուրդը ուրախանալ, քանի որ իր վզին պարան ունի, եւ այդ պարանը Ռոբերտ Քոչարյանն է։ Օղակը սեղմվում է, 98-ին էդ պարանը գցեցին ժողովրդի վզին, ու օղակը գնալով ձգվում է։ Շուտափույթ պետք է օղակը թուլացվի եւ պարանը կտրվի»։ Պատգամավորը որոշեց նաեւ խորհուրդ տալ ժողովրդին՝ «որտեղ Ռ. Քոչարյանը կլինի, հեռու մնացեք, որովհետեւ այնտեղ ձեզ փորձանք է սպասում»։ Քանի որ այսօր տեղի է ունենալու «Հանրապետություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքը, տիկին Խուդաբաշյանին հարցրինք, թե ինչո՞ւ այդ կուսակցության հետ համագործակցող ՀԺԿ-ն եւս չի մասնակցելու։ Ըստ տիկին Խուդաբաշյանի, ՀԺԿ-ն, իհարկե, կաջակցի, եւ համագործակցությունը միասնական է, պարզապես «Հանրապետությունը» նորաստեղծ է եւ այս հանրահավաքը իր որոշումն է. «Ժամանակը կգա, երեքով էլ կկանգնենք, քսաներեքով էլ»,- վստահեցրեց պատգամավորը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել