Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բավականին տեղեկացված մեկն ամիսներ առաջ ինձ վստահեցնում էր, թե քաղաքական որոշում է կայացված փակել ընդ

Սեպտեմբեր 28,2001 00:00

ՎԵՐՋ ՏՎԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ Բավականին տեղեկացված մեկն ամիսներ առաջ ինձ վստահեցնում էր, թե քաղաքական որոշում է կայացված փակել ընդդիմությանը եթեր տրամադրող հատուկենտ հեռուստաալիքները, թողնել միայն «Ա1+»-ը, որպեսզի ի դերեւ չելնի արտերկրի աչքին ժողովրդավար երեւալու հույսը։ Անկեղծ ասած, ժամանակին այնքան էլ հավատ չընծայեցի այդ հավաստիացումներին ու դրանց մասին հիշեցի միայն այնժամ, երբ իր «5-րդ խոսափող» հաղորդաշարի եւ բավական անաչառ լուրերի պատճառով «Նոյյան տապան» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից։ Այդ քայլը նախաձեռնողներն առանձնապես չէին էլ թաքցրել, որ «վերեւներից» ճնշում կա եւ, որ դժգոհության պատճառը «Նոյյան տապանի» վերոնշյալ հաղորդումների քաղաքական ուղղվածությունն է։ Այս փաստերը հիմք էին դարձել խորհրդարանում հնչած այն հայտարարության համար, թե «Նոյյան տապանի» եթերից զրկումը քաղաքական եւ, հնարավոր է՝ տնտեսական ճնշումների հետեւանք է։ Խորհրդարանական ճեպազրույցների երեկվա մասնակիցներին «Առավոտը» նույն հարցն էր ուղղում. համամի՞տ են այդ գնահատականին եւ, եթե այո՝ ի՞նչ քայլեր են մտադիր ձեռնարկել ի պաշտպանություն խոսքի ազատության։ ԱԺՄ ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանն ասաց, որ եթե ճիշտ են ԱԺ-ում հնչած հայտարարության մեջ նշված փաստերը՝ «ապա մեր կուսակցության կարծիքով, դա անթույլատրելի է։ Մենք 10 դժվար տարիներ շատ փորձություններով անցանք ոչ նրա համար, որ նորից հետ վերադառնանք շատ հարցերում։ Անթույլատրելի՛ է ընդհանրապես տեղեկատվության միջոցների վրա բռնությունը՝ տնտեսական կլինի կամ այլ»։ Իսկ խոսքի ազատությունը Ֆիլարետ Բերիկյանի կարծիքով՝ «այս 10 տարում մեր քիչ, շատ մեծ դրական ձեռքբերումներից մեկն է»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը համաձայն էր «Նոյյան տապան» հեռուստաընկերության փակման առնչությամբ հնչած գնահատականներին. «Եվ, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք, որ վերջ տրվի այս տեղեկատվական ահաբեկչությանը, որը պատիվ չի բերում իշխանություններին եւ է՛լ ավելի է նշում քաղաքականապես իրենց տկար լինելը»։ ՀԿԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն ընդհանրական պատասխանեց մեր հարցին. «Ընդհանրապես գտնում ենք, որ խաղի կանոնները չի կարելի րոպեն մեկ փոխել։ Եթե մենք հռչակել ենք ժողովրդավարական պետություն, խոսքի եւ մամուլի ազատություն՝ բոլորովին հասկանալի չեն այն մոտեցումները, թե դուր են գալիս այս լրատվամիջոցի մեկնաբանությունները կամ դուր չեն գալիս»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի պատասխանն էր. «Միանշանա՛կ պաշտպանելու ենք այն բոլոր իրավունքները, որ սահմանված են մեր օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ։ Կոնկրետ խնդրին գնահատական տալ չեմ կարող, քանի որ ոչ միայն մանրամասներին ծանոթ չեմ, այլ առաջին անգամ եմ լսում այդ մասին»։ «Ագրո-արդյունաբերողներ» խմբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը խիստ վրդովվում էր, երբ ճեպազրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվում էին, թե մտադիր չէ՞ արդյոք միանալ այս կամ այն նախաձեռնությանը. «Ինչո՞ւ եք կարծում, որ մենք դատապարտված ենք միանալու… Քաղաքական միավորները միանալու համար չեն ստեղծվում… Միմյանց ձայնակցելն այնքան էլ չի նպաստում քաղաքական խնդիրների լուծմանը… Տա Աստված, ինձ ոչ ոք քաղաքական ուժերից թող չմիանա, բայց միանաք դուք (այսինքն՝ լրագրողները.- Ա. Ի.) եւ հասարակությունը»։ «Նոյյան տապան» հեռուստաընկերության պաշտպանության խմբին միանալու հնարավորության վերաբերյալ մեր հարցն էլ նախ նույն արձագանքին արժանացավ։ Հետո Հմայակ Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, վստահեցրեց. «Խոսքի ազատությունը պաշտպանում ենք… Գտնում եմ, որ ինչքան շատ մենք ալիքներ, հեռուստաընկերություններ ունենանք («այնքան շատ կփակենք»,- միտքն ավարտեց ներկաներից մեկը.- Ա. Ի.), այնքան լավ։ (…) Համենայն դեպս, պետք է անպայման ուսումնասիրել այս հարցը եւ տեսնել՝ իսկապես ալիքը տնտեսակա՞ն պատճառներով է փակվել, թե ինչ-ինչ ճնշումների պատճառով»։ Ինքն առայժմ չէր կարծում, թե պատճառը քաղաքական հետապնդումներն են։ «Ժողովրդական պատգամավոր» խումբը երեկ ներկայացնում էր Հրանուշ Հակոբյանը, որը մեր հարցին նախընտրեց պատասխանել այսպես. «Եվրախորհրդին անդամակցելով կամ ժողովրդավարության մասին խոսելով, մենք ամենամեծ նվաճումը համարել ենք ազատ, անկախ մամուլը։ Եթե այս դեպքում խոսքը զուտ հարկային պարտականությունների մասին չէ, կամ, եթե հիմնավորվի, ապացուցվի, որ սա ինչ-որ մեկի քմահաճույքն է՝ իհարկե, ես դեմ եմ»։ Եվ վերջապես ներկայացնենք խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետը. «Տգեղ երեւույթ է, երբ մամուլի միջոց է փակվում։ Այո, ե՛ւ հասարակությունը, ե՛ւ իշխանությունները պատասխանատու են այդ երեւույթի համար։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանում իշխանությունները տրամադրվածություն ունենան մամուլի որեւէ միջոց փակելու համար»։ «Միասնության» ղեկավարը ենթադրում էր, որ «Նոյյան տապանի» պարագայում՝ «ըստ երեւույթին, խնդիրն այլ է եւ ոչ թե կապված է իշխանությունների հետ»։ … Ավելի կամ պակաս չափով՝ խորհրդարանական ուժերն իրենց խոսքն ասացին «Նոյյան տապանին» հեռուստաեթերից զրկելու առնչությամբ։ Մնում է, որ այդ դատապարտելի իրողության մասին գոնե բավական ուշացումով վերջապես արձագանքեն լրագրողական կազմակերպությունները եւ մամուլի միջոցները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել