Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթության

Սեպտեմբեր 27,2001 00:00

Անվճարունակ դիմորդների թիվն այս տարի աճել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում հստակ ասվում է. «Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հավատարմագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից՝ քսանօրյա ժամկետում»։ Ընդունելության քննություններն ավարտվել են օգոստոսի 16-ին, այսինքն՝ մեկ ամսից ավելի է, սակայն վճարովի համակարգում դեռ կան չհրամանագրված ուսանողներ։ ԿԳՆ-ն, փաստորեն, հերթական անգամ խախտում է օրենքը եւ հրամանագրում ուսանողներին քննությունների ավարտից մոտ քառասուն օր հետո։ Մինչեւ երեկ դեռ պաշտոնապես ամփոփված չէին ընդունելության արդյունքները։ Ուսման վարձը չվճարելու պատճառով բուհից դուրս մնացածների փոխարեն, ըստ հավաքած միավորների գումարի, ընդունվելու հնարավորություն են ստացել մրցույթից դուրս մնացած դիմորդները։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նրանց մի մասն էլ վճարունակ չէ ու դեռ մի տասը օր էլ կձգի՝ պարզելու, թե նրանցից քանիսը կվճարեն ու որպես ուսանող կհրամանագրվեն։ Բոլոր բուհերի ռեկտորներն էլ փաստում են, որ չվճարումների նման ցածր տոկոս ոչ մի տարի չի եղել։ Այնպես որ, սա եւս մի ակնհայտ վկայություն է, որ Հայաստանում ոչ մի տնտեսական աճ էլ չկա, ինչպես ջանում է ապացուցել ՀՀ նախագահը։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի վճարովի համակարգից 36 դիմորդ դուրս է մնացել՝ ուսման վարձը չվճարելու պատճառով։ Նախորդ տարի նման դիմորդների թիվը 12 էր։ Բուհի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը տեղեկացրեց, որ այժմ մրցույթից դուրս մնացած դիմորդներին են ըստ ցուցակի հրավիրում, սակայն դեռ պարզ չէ՝ նրանցից քանիսը վճարունակ կլինեն։ Ընդ որում՝ 36-ից 27-ը տղա է, 9-ը՝ աղջիկ, սակայն նույնիսկ զինակոչից խուսափելու հեռանկարը շահագրգռող չէ այնքան, որ տղա դիմորդները ամեն գնով ուսման վարձը վճարեն ու ուսանող դառնան։ Եթե չվճարեն, այդ տեղերը թափուր կմնան։ Պարոն Կիրակոսյանը, ի պատասխան մեր հարցի, նաեւ նկատեց, որ ճիշտ չէ վճարովի համակարգից դուրս մնացածների փոխարեն մրցույթից դուրս մնացածներին կանչել, քանի որ այդպես ընդունելությունն անընդհատ ձգձգվում է։ Ի դեպ, սրան նաեւ մյուս ռեկտորներն են համաձայն՝ թեեւ մյուս կողմից էլ ոչ մի բուհ չի ուզում վճարովի համակարգում թափուր տեղեր ունենալ։ Եվ վճարունակ, բայց ցածր միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդներն էլ դժգոհում են, որ իրենց ընդունվելու հնարավորությունից զրկում են։ Այս պատմությունը մեկ տարի չէ, որ կրկնվում է, այնպես որ, կրթական համակարգի պատասխանատուները պարտավոր էին հարցին ոչ թե կոսմետիկ, այլ արմատական լուծում տալ։ Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանից տեղեկացանք, որ 20 հոգի էր դուրս մնացել բուհից՝ ուսման վարձի պատճառով։ Եվ նույնիսկ մրցույթից դուրս մնացածներին հրավիրելուց հետո 17 թափուր տեղ է մնացել։ Պարոն Բեգլարյանն ասաց, որ շաբաթ օրը, ԿԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, պետք է փորձեն հարցը լուծել, այլապես այդ տեղերը թափուր կմնան։ Իսկ ՀՊՃՀ-ում 80 թափուր տեղ էր մնացել եւ մրցույթից դուրս մնացած 80 դիմորդի դրանք լրացնելու հնարավորություն էր տրվել։ 58-ը օգտվել էր դրանից, սակայն 22-ը դեռ չի վճարել ուսման վարձը։ Այս առթիվ բուհի պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանն ասաց, որ դեռ պարզ չէ՝ այդ 22-ը կվճարե՞ն եւ, ի վերջո, քանի թափուր տեղ կմնա։ Մյուս բուհերում եւս նման սպասողական դրություն է։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել