Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը կրկնվում է

Սեպտեմբեր 27,2001 00:02

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությունը սկսվեց մի քանի փաստաբանների, մասնավորապես, Օլեգ Յունոշեւի, Մարինա Ջանոյանի, Աղասի Աթաբեկյանի բացակայությունն արձանագրելով։ Վերջինիս մասին դատարանն իրազեկված չէր, ինչի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը հայտնեց, թե դիմելու է Փաստաբանների միությանը, որպեսզի վերջինիս «աշխատանքի գալու հարցը կարգավորվի»։

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատարան էր ներկայացել տաք վերնաշապիկով, հավանաբար, ցուրտն իրեն զգացնել է տալիս։ Մենք դիմեցինք նրա պաշտպան Արտավազդ Կարապետյանին, թե Հունանյանի ծնողները երբեւիցե դիմե՞լ են իրեն, իրենց նկատմամբ կիրառված բռնությունների հարցով, ինչի մասին ակնարկել էր կրտսեր Հունանյանը։ Վերջինս ասաց, որ նման բան չի եղել, ընդհակառակը, ինքը պարբերաբար հանդիպում է ամբաստանյալի հորը եւ հենց երեկ էլ հանդիպել է դատարանի մուտքի մոտ։ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն իր հարցաքննությունը շարունակեց «դուրս մնացած» հարցերից։ Դրանց մեջ մտնում էր Անուշ Հարությունյանի հետ ամբաստանյալի հանդիպումները։

Ամբաստանյալը հայտնեց, որ Տիգրան Նազարյանի միջոցով է ծանոթացել Անուշի հետ, մինչ այդ ունեցել է նրա աշխատանքային հեռախոսահամարը։ Փաստաբանին հետաքրքրում էր, թե արդյո՞ք ամբաստանյալն ընդունում է իրեն մեղսագրված հայրենիքի դավաճանությունը։ Եվ արդյո՞ք մինչ սպանություններ կատարելը նա ունեցել է տեղեկություններ, թե հարեւան պետությունները, մասնավորապես՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, չե՞ն օգտվի Հայաստանում ստեղծված քաոսային իրավիճակից։ Ամբաստանյալը հայտնեց, որ ինքը տեղեկություններ չի ունեցել եւ իր գործողությունները որեւէ հետեւանքներ չէին կարող ունենալ։

Ամբաստանյալը ցուցմունք էր տվել նաեւ, թե ինքը պատանդներ չի վերցրել ԱԺ-ում։ Դա էր հավանաբար պատճառը, որ փաստաբանն ուղղեց հետեւյալ հարցը. «Ի՞նչ է նշանակում սննդամթերք եւ դեղորայք բերելը ԱԺ»։ Ամբաստանյալը ցինիկաբար նկատեց, թե նշանակում է՝ սննդամթերքի եւ դեղորայքի կարիք կար։ Ինչին հակառակվելով փաստաբանը նկատեց, որ եթե նրանք պատանդ չէին, ապա դու կարող էիր թողնել նրանց, գնային տուն կամ հիվանդանոց՝ սննդամթերք եւ դեղորայք ընդունելու… Մի առանձին հարցուպատասխանի տեղիք տվեց Ալիկ Հարությունյանի դեմ ամբաստանյալի ցուցմունքների ճշտումը։ Ամբաստանյալը փորձում էր դատարանին համոզել, թե իր ցուցմունքների բոլոր նախադասությունները իրեն թելադրել են քննիչներ Սամվել Հովհաննիսյանն ու Հրաչ Այվազյանը։

Իսկ երբ փաստաբանը հարցրեց, թե ամբաստանյալի պաշտպանը ներկա՞ էր հարցաքննություններին (նախկինում Կ. Պահլավունի), ամբաստանյալը հատարարեց, թե իր պաշտպանը ակտիվ մասնակցություն ունեցել է մայիսի վերջերին, ընդամենը մասնակցել է 3-4 հարցաքննությունների եւ, որ «հետին թվով է ստորագրել»։

Թելադրված ցուցմունքների մեջ հրամցվեց, թե ինչպես է Ալիկ Հարությունյանը բառացի ասել, թե ոճրագործությունից հետո կադրային զինվորականների հետ խնդիր չի լինի, նրանք ինքնուրույն ոչ մի քայլի չեն դիմի եւ, որ վերջիններիս մեջ կան մարդիկ, որոնք իրենցն են։ Ամբաստանյալն ուներ գրառումներ, թե նախագահական ընտրությունները կեղծված են Ռոբերտ Քոչարյանի օգտին, եւ նա չի ստացել անհրաժեշտ քանակի քվեներ։

Երբ փաստաբան Ա. Սարգսյանը հարցրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս կարելի էր բանակցել ոչ լեգիտիմ նախագահի հետ, նախագահող դատավորը հարցը հանեց (ենթատեքստում հասկացնելով, թե այդ պահին երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր)։ Զարմանալի է, որ որոշ հարցեր կամ պատասխաններ չեն հանվում այն ժամանակ, երբ ամբաստանյալը անհարգալից է արտահայտվում ԱԺ նախագահ, վարչապետ կարգավիճակը ներկայացնողների նկատմամբ…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930