Ամենաանմեղ մասը ԼՂՀ-ին էր վերաբերում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի՝ ԼՂՀ վերաբերյալ հայտարարությունները թե՛ Հայաստանում եւ թե՛ Բաքվում պատահականություն կամ վրիպում անվանել հնարավոր չէ։ Սակայն որքան էլ զարմանալի է, դրանք հենց այդպես էլ ընդունվեցին Հայաստանի քաղաքական գործիչների կողմից։ Ջոնսթոնի հայտարարությունների վերաբերյալ զրուցեցինք ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի հետ։ – Ձեր կարծիքով ի՞նչ էին նշանակում Ջոնսթոնի հայտարարությունները։ – Եթե հաշվի առնենք, որ Ջոնսթոնը մի քանի օր առաջ ստորագրել էր մի փաստաթուղթ, հետո Երեւանում հրաժարվել՝ ասելով, թե ինքը սխալվել է, ապա կարծում եմ, իր մնացած ասածներին լուրջ վերաբերվելու համար որեւէ հիմք չի լինի։ – Բոլոր դեպքերում, ի՞նչ էր դա նշանակում։ – Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, ըստ երեւույթին իրեն շատ ազատ է զգում եւ օրումեջ տարբեր հակասական հայտարարություններ անում։ Սակայն խնդրի այլ կողմն էլ կա։ Վերջին տարիներին բավականին ակտիվ են մեր քաղաքական գործիչների եւ եվրոպական կառույցների պատվիրակությունների հետ շփումները։ Դժբախտաբար, պետք է արձանագրել, որ այդ շփումների ժամանակ շատ հաճախ հայկական կողմն անհրաժեշտ բարձրության վրա չի գտնվում. անլուրջ վերաբերմունք է դրսեւորում այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ համար չափազանց կարեւոր են։ Եվ, բնականաբար, համապատասխան էլ վերաբերմունք է ձեւավորվում մեր նկատմամբ։ – Լորդ Ջոնսթոնը նաեւ ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու տարբերակի վերաբերյալ խոսեց։ Չե՞ք կարծում, որ նա ասաց այն, ինչը մեր իշխանությունները դժվարանում են հայտարարել եւ, որ, իսկապես, Քոչարյան-Ալիեւ բանակցություններն այդ հունով են ընթանում։ – Մինչ այժմ որեւէ մեկը երբեք չի ասել, թե մի թիզ հող իսկ ազատագրված տարածքներից չի վերադարձվելու։ Նա խոսեց հետեւյալ տարբերակի մասին, որ ԼՂՀ-ն եւ ինչ-որ մի միջանցք դառնում են Հայաստանի մաս եւ մնացյալ ազատագրված տարածքները վերադարձվում են Ադրբեջանին։ Միջանցքի սահմանների մասին նա խոսք չասաց։ Դա կարող է լինել նախկին Լաչինի միջանցքը, գումարած Քելբաջար եւ այլն։ Տարբերակները շատ են։ Այնպես որ, իր խոսքի մեջ ամենաանմեղ մասը հենց այն էր, որը ԼՂՀ-ին էր վերաբերում։ Զարմանալին այն է, որ Ջոնսթոնի խոսքում միակ քիչ թե շատ ընդունելի բանը հենց ԼՂՀ-ին էր վերաբերում։ Մնում էր միայն ճշտել այդ միջանցքի սահմանները։ Եթե դրանք մեզ համար բավարար լինեին, կարծում եմ, դա միակ հարցն էր, որ իրեն պետք էր ողջունել։ Պետք է ուշադրություն դարձնել, որ որեւէ մեկը նման տարբերակի մասին երբեք չի խոսել, միշտ խոսել են մեզ համար շատ ավելի անբարենպաստ տարբերակների մասին։ – Բայց չէ՞ որ կոնկրետ այս հայտարարությունն այն խնդրին էր վերաբերում, որի շուրջ բանակցություններն անձամբ նախագահն է վարում։ – ԼՂՀ հարցի հետ կապված Ջոնսթոնի անդրադարձը մի դրվագ էր ընդամենը։ Ընդ որում, ինքն ասաց մի տարբերակի մասին, որը, կարծում եմ, դժվար թե առանց այդ միջանցքի սահմանները ճշտելու՝ որեւէ մեկը մերժի։ Իսկ ի՞նչ եք ենթադրում, որ ԼՂՀ՝ գումարած ազատագրված տարածքները, էլի գումարած Ադրբեջանի մի շարք շրջաններ պիտի միավորենք Հայաստանի հե՞տ, այո՞, ո՞րն եք ընդունելի տարբերակ համարում։ – Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ բանակցությունները հենց ազատագրված տարածքները վերադարձնելու շուրջ են ընթանում։ – Շատ հաճախ, երբ հայտարարություններ են արվում, թե իշխանությունները գաղտնի են պահում, խուսափում են, դա էլ անլուրջ վերաբերմունք է հենց ԼՂՀ խնդրին եւ մեր պետությանը, որովհետեւ, այո՛, կան հարցեր, որոնք պետք է նախապատրաստել, հետո ներկայացնել հանրության լայն քննարկման։ Բայց դժգոհել, որ բանակցություններն ընթանում են ոչ Ազատության հրապարակում՝ լուրջ չէ։ – Ազատագրված տարածքները վերադարձնելու մասին Ջոնսթոնի ելույթում Կարեն Դեմիրճյանի անվան շահարկումը ճնշում չէ՞ր, արդյոք։ – ԼՂՀ հարցում, կարծում եմ, Ջոնսթոնը իրեն ազատություն տվեց։ Իսկ շահարկումներին չեմ ցանկանում անդրադառնալ… Նման կարեւոր խնդիրների հետ կապված, ինչքան էլ մեզ համար մեծ նշանակություն ունենան հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները, այնուամենայնիվ, յուրաքանչյուրս իր վերլուծություններն ու հետեւություններն անում է եւ միայն անուններ տալով հնարավոր չէ որեւէ լուծում այստեղ անցկացնել։ Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ