Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդական մի բավական կոպիտ արտահայտություն կա՝ մեկի բարեմասնություններով

Սեպտեմբեր 27,2001 00:00

ԱՌ ՈՒ ՓԱԽԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Ժողովրդական մի բավական կոպիտ արտահայտություն կա՝ մեկի բարեմասնություններով ուրիշին լավություն անելու մասին։ Հոդվածը հենց այդպես արժեր վերնագրել. համեստություններս չներեց, սակայն այս պատմությանը ծանոթանալիս հենց այդ րտահայտությունն ես հիշում։ Երեւանի բնակիչ Սուսաննա Անախաթունյանի վարձակալած տարածքը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ, ի թիվս հարակից այլ տարածքների, դարձյալ վարձակալությամբ տրվել է «Ռենկո» ՓԲԸ-ին։ Ս. Անախաթունյանը 1994 թվին, Երեւանի այն ժամանակ Շահումյանի գործկոմի հետ, 10 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքել, որով նրան հատկացվել է 0,4 հա հողատարածք՝ նախկին 18-րդ կուսհամագումարի անվան կոլտնտեսության Կիլիկիա թաղամասին կից, «Հրազդան» ստադիոնի մոտ։ Նրա փաստաբան Արա Զոհրաբյանը հավաստիացնում է, որ իր վստահորդը, համաձայն վարձակալության պայմանագրի, «պատշաճ կերպով կատարել եւ կատարում է իր պարտականությունները»։ Որպես դրա արդյունք, «առայսօր պայմանագրի խախտման որեւէ փաստ չի արձանագրվել, վարձակալության առարկայի վերաբերյալ որեւէ զգուշացում կամ ծանուցում չի եղել»։ 2001թ. ապրիլին Ս. Անախաթունյանը հասնելով իր հողատարածք, զարմանքով տեսնում է, որ այն ինչ-որ տրակտորներ են քանդում։ Տիկին Անախաթունյանը բանվորների հետ զրուցում է եւ պարզում, որ աշխատանքներ կատարում է «Ռենկո» ՓԲԸ-ն։ «Վերջինիս ներկայացուցիչները ցույց են տալիս Երեւանի քաղաքապետ Ռ. Նազարյանի 06.03.2001թ. թիվ 177 որոշումը եւ Ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության կողմից այդ որոշման հիման վրա հաստատված հատակագիծը, ըստ որի, դեռեւս 1994թ. իմ վստահորդին հատկացված 0,4 հա հողատարածքը «կլանված» է «Ռենկո» ՓԲԸ-ին վարձակալությամբ հատկացված 1,5482 հա հողատարածքի մեջ»,- գրում է փաստաբան Ա. Զոհրաբյանը։ Վերջինս, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական եւ հողային օրենսգրքերի համապատասխան հոդվածները, պնդում է, որ քաղաքապետի վերոնշյալ որոշումն անօրինական է։ Մինչեւ իր վստահորդի «պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2004թ. մայիսի 20-ը, ոչ ոք, առավել եւս գործարքի կողմ չհանդիսացող երրորդ անձ, իրավունք չունի վարձակալի օրինական օգտագործման եւ տիրապետման տակ գտնվող հողատարածքի նկատմամբ տնօրինչական գործողություններ կատարել»։ Այս ամենի հիման վրա Ս. Անախաթունյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ քաղաքապետի թիվ 177 որոշումը մասամբ՝ իր տարածքին վերաբերող մասով անվավեր ճանաչելու հայցով։ Դատարանը քաղաքապետարանին հանձնարարել է պարզել, թե Ս. Անախաթունյանի վարձակալած հողատարածքից ինչքանն է ներառնվել «Ռենկո» ՓԲԸ-ին տրված տարածքում։ Այժմ գործն այս փուլում է։ Մենք փորձեցինք քաղաքապետարանից պարզել, թե ինչպես են հաջողեցրել մեկի տարածքը մեկ ուրիշին տալ։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ինչպես ասում են, «իր վրայից գցեց» գործարքի պատասխանատվությունը. ինքը դրա հետ կապ չունի։ Հակառակը, կատարվածից հետո փորձել է՝ սեփական նախաձեռնությամբ, հնարավորինս հարթել այն. Ս. Անախաթունյանին առաջարկել է քննարկել այլ տեղում համանման հողամաս հատկացնելու տարբերակներ։ Պրն Սարգսյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ կհանդիպի տիկին Անախաթունյանի եւ նրա փաստաբանի հետ, եւ այդ հարցը, որեւէ փոխշահավետ տարբերակով, անպայման կլուծվի։ Հանդիպման չկայանալը երկու շաբաթ հետո Նարեկ Սարգսյանը պատճառաբանեց այսպես. «Ես նրանց առաջարկեցի տարբերակներ քննարկել ՃՔ վարչության պետ Ս. Կոտոլիկյանի հետ։ Սակայն նրանք հրաժարվել են եւ ասել, որ կխոսեն միայն գլխավոր ճարտարապետի հետ։ Իսկ ես ուլտիմատումները մերժում եմ։ Դա այն հարցը չէ, որով պետք է գլխավոր ճարտարապետը զբաղվի»։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ պետական պաշտոնյայի (կարեւոր չէ անձը), ասենք՝ անփութության պատճառով քաղաքացուն բարոյական եւ նյութական վնաս է հասցվել եւ գործը «փրկում է» նրա «ուլտիմատումը» մի ուրիշ պաշտոնյայի։ Փաստաբան Ա. Զոհրաբյանը պնդում է, որ Ն. Սարգսյանն իրենց չի առաջարկել խոսել Ս. Կոտոլիկյանի հետ։ Նրա հետ իր զրույցն ավարտվել է փոխշահավետ որեւէ տարբերակ հետագայում ավելի մանրամասն քննարկելու պայմանավորվածությամբ։ Այս պատմության մի դրվագ եւս. «Ռենկո» ՓԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղին այդ տարածքը վարձակալության տրվել է ս.թ. հուլիսի մեկից, սակայն տարածքում աշխատանքները սկսվել են ապրիլի սկզբներից։ Ի դեպ, պայմանագիրը նոր վարձակալին կառուցապատման իրավունք չի տալիս, սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այնտեղ այժմ ամբողջ թափով կառուցապատում է գնում։ Այս մասին երկու օրից խոստացավ պարզաբանումներ տալ «Ռենկո» ՓԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անջելո Դաուրիան։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել