Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է

Սեպտեմբեր 27,2001 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է Սեպտեմբերի 28-ին Մատենադարանի տարածքում «Հանրապետություն» կուսակցությունը հանրահավաք է նախաձեռնել: Միջոցառումն արտոնված է, եւ պետք է հուսալ, որ իշխանություններն այս անգամ ձեռնպահ կմնան դրա կազմակերպիչների ու մասնակիցների դեմ սադրանքներ կազմակերպելուց: Միաժամանակ, տարակուսանք է հարուցում այն, որ հիշյալ հանրահավաքը հրավիրել է ոչ թե ընդդիմադիր դաշտում միասնաբար հանդես եկող՝ «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցություններ եւ ՀԺԿ, եռյակը, այլ՝ «Հանրապետություն» կուսակցությունն առանձին: Մենք փորձեցինք ՀԺԿ-ից եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից ճշտել դրա պատճառը, առավել եւս, որ իշխանական որոշ շրջանակներում ոմանք ձեռքները շփում են՝ «վկայելով», թե ընդդիմության ճամբարում ամեն ինչ չէ, որ կարգին է: ՀԺԿ-ում ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հավաստիացրեց, որ, թեեւ հանրահավաքը նախաձեռնել է «Հանրապետությունը», այդուհանդերձ ՀԺԿ-ն հրավիրված է եւ, ըստ ամենայնի, կաջակցի այդ հանրահավաքի անցկացմանն ու կմասնակցի դրան: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եռյակը ներքին պրոբլեմներ ունի՞, Ռ.Խաչատրյանը վստահեցրեց. «Մի փնտրեք հակասություններ այնտեղ, որտեղ դրանք չկան»: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն էլ հաստատեց, թե «Հանրապետությունն» ինքն է հանրահավաքի նախաձեռնողը, ու միաժամանակ հայտարարեց. «Ես ի սրտե ցանկանում եմ, որ «Հանրապետություն» կուսակցությունն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնի»: Պարոն Գեղամյանը հավաստիացրեց, թե իր գլխավորած կուսակցությունն էլ դրանից մի կողմ չի քաշվել: Ըստ նրա, «Իրավունք եւ միաբանության» շատ անդամներ են ուզում մասնակցել նախատեսվող հանրահավաքին, եւ կուսակցությունն ամեն ինչ անելու է դրան աջակցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել