ՎԵՐՆԱԽԱՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽՎԵ՞Ց Խիստ հետաքրքիր է, թե ինչպես են այժմ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ նախաքննության ավարտը կասեցրեց սեպտեմբերի 24-ի գիշերը «Առագաստ» սրճարանում գտնված իր թիկնապահների ծառայությունը՝ վարվելու այն մարդիկ, ովքեր մինչեւ երեկ պնդում էին, թե Պողոս Պողոսյանի սիրտն ուրախությունից կանգնել էր՝ տեսնելով նախագահին։ Իսկ առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանն էլ, թերեւս, վերանայի իր այն վկայությունը, թե այդ զուգարանի հատակն ամբողջովին ջուր էր, քանի որ փորձում էին երեսին ջուր ցանելով ուշքի բերել Պողոս Պողոսյանին։ Գուցե նաեւ խոստովանի այն, ինչ այցելուներին առաջին պահին հայտնել էին «Պապլավոկի» մատուցողուհիները, որ դեպքի վայրն արյան մեջ կորած է։ Հետո արդեն այդ մատուցողուհիներից հնարավոր չէր բառ անգամ պոկել՝ «չգիտեմ, այնտեղ չեմ եղել, իմ հերթափոխը չէր»։ Դե նրանք վարժված են՝ նույնկերպ խուսափողական պատասխաններ էին տալիս կամ լռում, երբ փորձում էինք մանրամասներ կորզել «Պապլավոկում» Վահան Հովհաննիսյանի կրակելու վերաբերյալ։ Հետաքրքիր կլինի լսել նաեւ այն բուժաշխատողներին, որոնք առանց որեւէ հետազոտման կամ դիահերձման որոշել էին, թե Պողոս Պողոսյանը մահացել է ինֆարկտից։ Երեկ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե ինքը որեւէ տեղեկատվություն չունի կատարվածի մասին. «Դատաբժշկական փորձաքննության կառույցից կարող եք ճշտել մանրամասները»։ Մեկնաբանություններից ձեռնպահ մնաց նաեւ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը, որի ղեկավարած կառույցում է ՀՀ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարչությունը։ Միակը, որ հստակ հայտնեց (այդ պահին) պաշտոնականից տարբերվող իր տեսակետը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր։ Նա պատմեց, որ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն ինքն էլ էր այդ սրճարանում՝ հյուրերի հետ, եւ դուրս են եկել Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց 7-8 րոպե հետո. «Այդ պահին որեւէ քաշքշուկ, անկեղծորեն ասեմ, չեմ նկատել։ Սակայն սրճարանից դուրս գալուց նկատեցի շատ բարետես եւ լավ հագնված մի տղամարդու, որն անգլերեն գոռում էր, թե այստեղից չի հեռանա, մինչեւ չներկայանա դեսպանը»։ Ավելի ուշ տեղեկանալով դիակի մասին եւ համադրելով իր տեսածի հետ, պրն Հարությունյանը եզրակացրել էր. «Դա չէր կարող լինել ուղղակի սովորական դժբախտ պատահար։ Այս պահին արդեն լրիվ այլ գնահատական եմ տալիս օտարերկրացու բարձրացրած աղմուկին։ (…) Այնտեղ ինչ-որ բան նորմալ չէր, ինչ-որ բան տեղի ունեցել է այնուամենայնիվ՝ վստահաբար կարող եմ ասել»։ Դավիթ Հարությունյանը տեսել էր միայն աղմկող օտարերկրացուն եւ, բնականաբար, չէր կարող եւ չէր ցանկանում որեւէ նկատառում հայտնել այն մասին, թե ինչի հետեւանքով էր մահացել Պողոս Պողոսյանը։ Սակայն այլք ականատես էին դարձել, թե ինչպես էր այդ վրացահայը վիրավորական ռեպլիկ նետել Քոչարյանի հասցեին։ «Լափառո՛շ»,- սաստել էր նրան նախագահի թիկնապահը, որին բոլորն ուղղակի Կուկու են անվանում (լուսանկարում նա է)։ Հետո Պողոս Պողոսյանին հրավիրել էին դուրս՝ զրույցի… Դավիթ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ ականատեսները չեն ցանկանում բացահայտել իրենց ինքնությունը եւ վկայություն տալ։ Եվ խոստովանեց, թե իր այս հարցազրույցը հենց այդ մտահոգության արդյունքն էր։ Արդարադատության նախարարը մի քանի անգամ շեշտեց, թե մեղավորները պիտի պատժվեն. «Ովքե՛ր էլ դրանք լինեն… Դա նաեւ երկրի վարկի հետ է կապված։ Մենք չենք կարող որեւէ բան կոծկել… Մեր հանրությունը չի կարող ունենալ փակ, անհասկանալի երեւույթներ»։ Պողոս Պողոսյանն, ինչպես պարզվեց, դաշնակցական էր։ Ու գուցե այդ պատճառով էլ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն այս դեպքի վերաբերյալ հարց ուղղեց կառավարությանը, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել իրավապահ մարմինները։ Հարցն առայժմ անպատասխան մնաց։ Պաշտոնական վերնախավը թերեւս այդ պահին դեռ չէր որոշել՝ ինչպես վարվել։ Սակայն Աղվան Վարդանյանի հարցապնդումը ներկայացնելուց առաջ մեջբերենք դեպքի առնչությամբ Աղասի Արշակյանի «Առավոտին» տրված մեկնաբանությունը. «Մինչ դաշնակցական Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգում ճարտասանում էր Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության մասին՝ Ջավախքի հայերի Դաշնակցական կոմիտեության ներկայացուցչին մեր «Պապլավոկում» ծեծելով սպանեցին նախագահի թիկնապահները։ Վրացիներին, ուրիշներին, սրան, նրան մեղադրելուց առաջ՝ մեր մեղքերի վերաբերյալ հետեւողական լինենք»։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը երեկ խորհրդարանում հայտարարեց. «Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ եղածը սպանություն է։ Այդ մտահոգությունն արդեն փոխանցել ենք ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին, գլխավոր դատախազ Արամ Թամազյանին։ (…) Դեպքը, բնականաբար, հասարակական մեծ հնչեղություն ունի։ Այն նաեւ առնչվում է պետության հեղինակությանը։ Մենք նաեւ չենք վստահում նախնական եզրակացությանը, ըստ որի՝ մեր հայրենակից Պողոս Պողոսյանը մահացել է սրտային անբավարարվածությունից»։ Լսվեց, որ Էմմա Խուդաբաշյանն ասում է՝ «Եթե «Հոկտեմբերի 27»-ը 5 հոգու ձեռքի գործ է, որն «ուչաստկովին» էլ կբացահայտի, ուրեմն՝ սա էլ ինֆարկտ է»։ Լսվեց նաեւ Աղասի Արշակյանի ռեպլիկը. «Դաշնակցական չլիներ՝ հասարակ մարդ լիներ, չէի՞ք պաշտպանելու»։ Նախադեպերը թույլ են տալիս պնդել, որ այդ հարցի պատասխանը բացասական է։ Չէ՞ որ, այդպես էլ չվերանայվեց, ասենք, Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վերաբերյալ անհեթեթ վարկածը, այն ժամանակ խորհրդակցություն չհրավիրվեց եւ Քոչարյանը գլխավոր դատախազին չհանձնարարեց ապահովել «ամենայն անաչառություն»։ Եվ կամ՝ չէ՞ որ, ոչ ոք չընդվզեց, երբ ազատության մեջ հայտնվեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի մարդասպան թիկնապահը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ