Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեմոկրատիան վտանգված է տեռորիզմով»։ Այս թեմայով սեպտեմբերի 25-ի երկրորդ կեսից Ստրասբուրգում սկսված

Սեպտեմբեր 27,2001 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ «Դեմոկրատիան վտանգված է տեռորիզմով»։ Այս թեմայով սեպտեմբերի 25-ի երկրորդ կեսից Ստրասբուրգում սկսված քննարկումներն, անշուշտ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգի ամենաառանցքային հարցադրումներն են բովանդակում։ ԱՄՆ-ի հետ համերաշխ լինելով հանդերձ, եվրոպացիներից ոմանք նաեւ ԱՄՆ-ին էին կոչ անում, որպեսզի այդ երկիրը վերատեսության ենթարկի իր մոտեցումներն աշխարհի որոշ հատվածների նկատմամբ։ Բնականաբար, տվյալ դեպքում խոսք չէր կարող լինել Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն ակամա այնպես ստացվեց, որ ահաբեկչության հարցով քննարկումներում հայ եւ ադրբեջանցի պատգամավորների տեսակետները վերստին բախվեցին։ Նախ խոսքի իրավունք տրվեց Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին, որն ասաց, թե 2 տարի առաջ Հայաստանը դիմագրավելով ահաբեկչությանը, թույլ չտվեց, որ խարխլվի պետության ժողովրդավարական կառույցը եւ, այս առումով հատկապես՝ երկիրը միանում է տեռորի դեմ պայքարին։ «Ցավոք, այսօր էլ մեր տարածաշրջանում գոյություն ունի ահաբեկչություն, որը, թեպետ ամեն անգամ հանդես է գալիս նոր դրսեւորմամբ, սակայն նույն դեմքն ունի,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։- Կրոնական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունները, որոնք ղեկավարվում են բեն Լադենի կողմից, ադրբեջանական իշխանություների հետ գործակցելով, նույն մեթոդները կիրառում են նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Հայտնի է դարձել միջազգային լրատվամիջոցներից, որ բեն Լադենի ահաբեկչական կազմակերպությունները որոշակի կապերի մեջ են Բաքվի իրենց համախոհների հետ։ Ըստ ամերիկյան աղբյուրների, բեն Լադենն ավելի քան 60 անգամ Աֆղանստանից զանգահարել է Բաքու, եւ պատահական չէ, որ Կանադան Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչության սեւ ցուցակում»։ Նրանից անմիջապես հետո խոսք առավ Իլհամ Ալիեւը, որն ասաց, թե Ադրբեջանի ու բեն Լադենի կապերի մասին պնդումները հիմնավորված չեն, եւ ասվածը լիակատար սուտ է։ Իր հերթին, Իլհամ Ալիեւը մեղադրանքներ ուղղեց հայերին, ասելով, որ նրանց ահաբեկչական խմբավորումների կողմից 32 տեռակտ է իրականացվել Ադրբեջանում, որին զոհ է դարձել 2000 ադրբեջանցի։ Փակագծում նշենք, որ մի քանի օր առաջ ԵԽ-ում Ադրբեջանի դեսպանն ասել էր, թե իրականացվել է այդպիսի 36 գործողություն։ Այդուհանդերձ, շարունակելով, Իլհամ Ալիեւն ասաց, թե ահաբեկչությունը հայկական ագրեսիայի ընդամենը մեկ դրսեւորումն է, իսկ ընդհանրապես՝ հայերը գրավել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, ինչի հետեւանքով երկրում կա 1 միլիոնից ավելի փախստական։ «Հայկական ԱՍԱԼԱ կազմակերպությունը,- ասաց Իլհամ Ալիեւը,- մեծ դեր է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացված ահաբեկչության եւ ցեղասպանության քաղաքականության մեջ, իսկ հիմա առանց որեւէ վերահսկողության մնացած ինքնակոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դարձել է անօրինականությունների գոտի, որտեղ ահաբեկչական խմբեր են պատրաստվում եւ որտեղ ծաղկում է նարկոբիզնեսը։ Ուստի Ադրբեջանը տեռորիզմի դեմ պայքարում կանգնած է ԱՄՆ-ի կողքին»։ Հեյդար Ալիեւի որդուն հակադարձողը դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը եղավ, որն ասաց, թե առանց երեսպաշտության պետք է մատնանշել ահաբեկչության օջախներն ու ֆինանսավորման աղբյուրները, աչք չփակելով իրերի իրական վիճակի վրա։ «Մինչդեռ որոշ ուժեր,- ասաց Արմեն Ռուստամյանը,- խնդիրները նենգափոխելով մոլորեցնում են միջազգային հանրությանը, ինչը մարդկությանը մասնակիորեն շեղում է իրական պայքարից։ Դա միայն ահաբեկիչների շահերից է բխում, որոնք քողարկվելով, կարողանում են շարունակել սեփական սեւ գործը։ Հայտնի է, որ գողն է ամենից բարձր գոռում՝ բռնեցեք գողին։ Դրա վկայությունը ադրբեջանական կողմի վարքագիծն է, որն ամեն ինչում փորձում է մեղադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու Հայաստանին, այն պարագայում, երբ այդ երկրի անունը կապվում է բեն Լադենի անվան հետ»։ Պատասխան խոսքով հանդես գալու հերթը հասավ Ադրբեջանի Պառլամենտի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սեյիդովին։ Նա ասաց, թե ժամանակը չէ ազգամիջյան խնդիրներ քննարկելու, հիմա պետք է միասնական լինել, ինչը ԵԽ պատմության մեջ նոր էջ կբացի։ Ադրբեջանը պատրաստ է դրան, իսկ Հայաստանը պատրա՞ստ է. այս հռետորական հարցը հնչեցրեց ադրբեջանցի պատգամավորը։ «Ավելի լավ է,- շարունակեց նա,- մտածենք մեր ընտանիքների ու մեր երեխաների ապագայի մասին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարելով ահաբեկչության դեմ»,- իր խոսքն այսպես եզրափակեց պրն Սեյիդովը, որից հետո ո՛չ Ադրբեջանից, եւ ո՛չ էլ Հայաստանից որեւէ ներկայացուցիչ ելույթ չունեցավ։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել