Երեկ շարունակվում էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-ի հայաստանյան այցելությունը։
81-ամյա ծերունու համար բավական հագեցած ծրագրի համաձայն` Հովհաննես Պողոս Բ-ն առավոտյան քաղաքավարական այցով եղավ ՀՀ նախագահի նստավայրում, որից հետո ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում, իսկ երեկոյան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Գարեգին Բ Սրբազանի հետ էկումենիկ արարողություն կատարեց։
Ծիծեռնակաբերդի համալիրում Պապը բավական հուզիչ ելույթ ունեցավ, սկսելով եւ ավարտելով իր աղոթքը հայերեն՝ «Տեր, ողորմյա, Քրիստոս, ողորմյա, Տեր, ողորմյա»։ Աղոթքում նա հորդորում էր Տիրոջը. «Լսիր, ո՜վ Տեր, ողբը՝ որ բարձրանում է այս վայրից, Մեծ եղեռնի վիհերից՝ կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը…», ապա շարունակում. «Նայիր այս երկրի ժողովրդին, որ այսքան երկար ժամանակից ի վեր իր վստահությունը Քո վրա դրեց, որ անցավ մեծ տանջանքների միջով եւ Քո հանդեպ հավատարմության մեջ երբեք չթերացավ։ Սրբիր ամեն արտասուք նրա աչքերից»։ Այսքանից հետո նա հարցնում էր իր աղոթքում. «Մեզ սարսափահար հարց ենք տալիս՝ ինչպե՞ս աշխարհը տակավին կարողանում է ճանաչել այսքան անմարդկային խոտորումներ»։
Հռոմի պապի եւ Վեհափառ հոր աղոթքներից հետո Շառլ Ազնավուրի կատարմամբ հնչեց «Ավե Մարիան»։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որ խորհրդանշում է միլիոնավոր անմեղ մարդկանց դաժան եղեռնը, այդ հրեշավոր սպանդից մազապուրծ ընտանիքից սերված, այսօր արդեն՝ աշխարհահռչակ շանսոնյեի «Ավե Մարիայի» կատարումը՝ երկու քրիստոնյա եկեղեցիների ղեկավարների ներկայությամբ, մի նոր խորհուրդ ուներ եւ ոգեկոչման յուրովի ծես դարձավ։
Կարդացեք նաև
Ծիծեռնակաբերդից սրբազան հայրերի հեռանալուց հետո, Շառլ Ազնավուրը մի քանի րոպե տրամադրեց լրագրողներին, սակայն, ինչպես միշտ, մեզ հյուրընկալած օտարերկրացի լրագրողների «բախտը բերեց», եւ, նրանց հարցերին անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն պատասխանելուց հետո, մաեստրոն արդեն հասավ իրեն սպասող մեքենային… Հայ լրագրողները հարցեր տալ չկարողացան, փոխարենը՝ ճանապարհին հայտնված տասնյակ հայ եւ այլազգի երկրպագուները հասցրին ճչոցներով, ձեռքերի թափահարումներով արտահայտել իրենց սերն առ մեծն Ազնավուրը։ Նրանց թվում հայտնված անորոշ թարմության մի մորուքավոր տղամարդ գյումրեցու բարբառով փորձում էր համոզել Ազնավուրին ուղեկցողներին. «Թողեք, մե հատ թուշը պաչեմ, է՛լի… Լավ, էլի՛, մե հատ իրա թուշը պաչեմ, էլ բան չեմ ուզում»։ Բնականաբար, Ազնավուրի թուշը նման ոտնձգության չէր կարող ենթարկվել, եւ մաեստրոյի կողքին հայտնվածները (չեմ պնդի, թե նրան ուղեկցողները) սաստող հայացքներով ֆշշացրին պաչ-պռոշտու սիրահարի վրա. «Գնա ստուց, էն կողմ, արա, գնա մորդ պաչի…»։ Ցավոք, այդպես էլ չիմացանք՝ իր մորը պաչելու տարբերակը հիշյալ տղամարդուն ձեռնտու էր, թե՝ ոչ…
Ինչեւէ, երեկոյան 18.30-ին պիտի սկսվեր էկումենիկ արարողությունը, սակայն արդեն 16.00-ին Սբ. Գրիգոր Լուսավորչի սրահում նստելու որեւէ ազատ տեղ չկար։ Իսկ արդեն 18.30-ի մատույցներում եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար… Նստատեղերը, հակառակ տարածված լուրերի, ոչ թե 1700-ն էին, այլ ընդամենը՝ 900-1000-ը։ Բայց ակնհայտորեն շատ հրավիրատոմս էր բաժանվել, այդ պատճառով էլ հարյուրավոր մարդիկ ոչ միայն նստելու, այլեւ կանգնելու տեղ դժվարությամբ էին գտնում։ Իսկ եթե հաշվի առնենք լրագրողների չորսհարյուրանոց բանակը, պատկերն ավելի ամփոփ կդառնա։ Ի դեպ, ի պատիվ ԱԳՆ լրատվականի պետ Ձյունիկ Աղաջանյանի, այս անգամ տեղացի լրագրողները չհայտնվեցին «ճ» կլասի աղքատ ազգականի դերում. պատերի տակ մի կերպ կուչ գալու եւ արտերկրյա լրագրողներին ընձեռված լայն հնարավորություններին նախանձոտ նայելու փոխարեն, մերոնք առոք-փառոք նստել էին իրենց հատկացված տեղերում (օպերատորներն ու լուսանկարիչները՝ կանգնել առանձնացված ազատ տարածքում)։
Արարողությանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահն՝ իր ողջ շքախմբով։ Էկումենիկ (միջեկեղեցական) արարողությունը, որը կրում էր «Երկրպագություն առաջին նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի» անունը, տեւեց մոտ 2 ժամ։ Ի դեպ, Հովհաննես Պողոս Բ-ի օրոք, ըստ որոշ լրատվամիջոցների, կատարվել են ամենաշատ էկումենիկ արարողությունները՝ աշխարհի տարբեր քրիստոնյա երկրներում։ Ազգությամբ լեհ Պապը, որի նկատմամբ անթաքույց հարգանք եւ հիացմունք է տածում ողջ աշխարհը (անկախ այն բանից՝ կաթոլիկ են, թե՝ ոչ), հայտնի է իր միաբանական եւ հանդուրժողական դիրքորոշմամբ։
Արարողության ընթացքում Պապն ու Կաթողիկոսը բազմիցս օրհնեցին նորակառույց եկեղեցին, ներկաներին, ժողովրդին։ Նրանք նաեւ, մեծարելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարները, ողջագուրվեցին (արժանանալով բուռն ծափահարությունների), ապա հայ եւ հռոմեացի արքեպիսկոպոսները փոխանցեցին սրբության համբույրը հոգեւորականներին եւ ժողովրդին։ Ու մի պահ ամբողջ դահլիճը, ներառյալ անվտանգության ծառայության աշխատակիցները, ողջագուրվում էին իրար հետ։ Փառավո՜ր պահեր էին։
Արարողության վերջում Հռոմի պապն ու Վեհափառ հայրապետը «Օրհնյալ լինեք Սուրբ Հոգու շնորհիվ։ Երթաք խաղաղությամբ, եւ Տերը լինի ձեզ հետ ամենուր։ Ամեն» խոսքերով օրհնեցին ժողովրդին։ Ապա երգեհոնի հնչյունների ներքո Հռոմի պապն ու Վեհափառ հայրապետն իջան բեմից, հանեցին արարողության սկզբում հագած ծիսական զգեստներն ու հողաթափերը եւ ժողովրդի հիացական ծափողջույնների ներքո հեռացան։ Նրանց ետեւից եկեղեցու դռները գոցվեցին։ Դռների առջեւ խմբված ամբոխն ընկավ հիստերիայի եւ անհամբեր սպասումների գիրկը։ Քաշքշուկը, հրմշտոցն ու տոթը պատճառ դարձան, որ աշխարհի ծայրերից հավաքված մեծաթիվ ծերունազարդ հավատացյալները վատ զգան, շնչահեղձ լինեն։ 10 րոպե հետո, երբ դռները բացեցին, տպավորություն ստեղծվեց, թե ժողովուրդը փախչում է եկեղեցուց… Անգամ մի աստվածավախ տիկնոջ «Ամա՜ն, չի կարելի՜, ասանկ բան չի ըլլա՜, եկեղեցու միջից փախնիլ չի կարելի՜» լացակումած եւ զգաստացնող խոսքերը քչերին սթափեցրին… Իսկ դրսում մութ էր եւ շա՜տ աշխարհիկ մթնոլորտ…
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2001 թ.
Հ. Գ. Երեկ նույնպես շարունակվում էին Պապին Հայաստանում ավելի երկար պահելու, դրանով իսկ, ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների սկիզբը հետաձգելու տարբերակներ փնտրելու փորձերը: Պատահմամբ լսեցինք, թե ինչպես էր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը իր ընկերոջը բացատրում ամենահեշտ տարբերակը. «Արա ախպեր, ամենաճիշտը հետը դուզ, տղամարդավարի խոսալն ա: Կառոչի ասում ենք՝ ուզածդ ինչ ա՝ կանենք, վարդի պես կպահենք, դու մենակ մնա, կռիվ-ղալմաղալի զահլա չկա»: