ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ՍԵՂԱՆԻԿԸ Կամ մաֆիան անմահ է Արդեն պատրաստվում էինք գրիչ վերցնել եւ ուրախությամբ արձանագրել, որ վերեւներում, մասնավորապես քաղաքապետարանում եւ կապի ու տրանսպորտի նախարարությունում, համենայնդեպս, շաբաթը մեկ թերթ կարդում են ու «Առավոտի» նույն թեմային վերաբերող երկրորդ՝ «Ոչինչ չի փոխվել» վերնագրով հրապարակմանը գործով արձագանքել են, եւ Հանրապետության հրապարակում, կապի եւ տրանսպորտի նախարարության հարեւանությամբ գտնվող կամարի տակ մշտապես հանգրվանող արեւելյան փնթի, փողոցային սեղանիկը վերացվել է։ Ավելին, կամարի ետնամաս են քաշվել թերթ-ամսագրերի եւ հյութերի սեղանները, որոնք, ճիշտ է, տձեւ ու կեղտոտ չէին վերոհիշյալ սեղանիկի նման, բայց, միեւնույն է, խաթարում էին հրապարակի տեսքը։ Մի խոսքով, ուզում էինք մեր գոհունակությունը հայտնել։ Պատրաստ էր նաեւ նյութի անվանումը՝ «Սխալների ուղղում կամ լավ է ուշ, քան ավելի ուշ», բայց… Մի քանի օրվա բացակայությունից հետո մեր անխորտակելի սեղանիկը իր տերերի հետ կրկին հայտնվեց կամարի տակ։ Մի երկրում, որտեղ օրինապահները «անզոր» են մի քոսոտ սեղանիկի հանդեպ, ամեն ինչ կարելի է սպասել, եւ ակամայից մտածում ես այդ երկրից գնալու մասին։ Որտեղ պատահի։ Սիցիլիայից բացի։ Վ. ԿԱՄՍԱՐՅԱՆ