Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնում կայացած հանդբոլի հանրա

Սեպտեմբեր 26,2001 00:00

ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՇՏԿԵԼ ՄԵՋՔԸ Օրերս ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնում կայացած հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսում մարզական այս կազմակերպության նոր նախագահ ընտրվեց նույն ամբիոնի վարիչ, դոցենտ Հարություն Մելքոնյանը։ Կոնֆերանսում խոսվեց վերջին հինգ տարում ֆեդերացիայի կատարած աշխատանքի մասին, նշվեց ֆեդերացիայի ֆինանսական ծանր կացության մասին, որի հետեւանքով մեզանում բավականաչափ ավանդույթներ ունեցող մարզաձեւը տարեցտարի նահանջել է ու այժմ հայտնվել անմխիթար վիճակում։ Նորընտիր նախագահին շնորհավորելուց հետո զրույցն ակամա շոշափեց Հայաստանում այս մարզաձեւի անցյալը, ներկան ու ապագան։ «Հանդբոլը մեր հանրապետությունում տասնամյակներ շարունակ եղել է ամենամասսայական մարզաձեւերից մեկը եւ հայաստանցի մարզիկները խաղային ձեւերից, թերեւս, ամենից ավելի շատ հաջողության հասել են հենց այս ձեւում,- ասաց Հ. Մելքոնյանը։- Հիշենք, թե ժամանակին որքան մրցումներ էին անցկացվում տարբեր տարիքային խմբերում։ Հայ հանդբոլիստները որոշակի ցուցանիշներ են ունեցել ԽՍՀՄ ժողովուրդների եւ դպրոցականների համամիութենական սպարտակիադաներում։ Մեր առանձին խաղացողներ, օրինակ, Մհեր Համբարձումյանը, Սուրեն Թումանյանը, Գայանե Հարությունյանը, նույնիսկ ընդգրկվել են Խորհրդային Միության հավաքականներում։ Հիմա վիճակը միանգամայն այլ է։ Մյուս բոլոր մարզաձեւերի հետ հանդբոլը նույնպես խոր տեղատվություն ապրեց ու հիմա անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր ձեռնարկել այն առայժմ գոնե պահպանելու եւ ապագայում զարգացնելու համար։ – Կոնկրետ ի՞նչ առաջնային քայլեր է հարկավոր անել։ – Նախեւառաջ պետական հովանավորության կարիք կա, առանց որի հեռանկար կամ առաջընթացի հույս չի կարող լինել։ Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ սպորտվարչությունն ու ՀԱՕԿ-ը աջակցեն մարզաձեւին։ – Այդ խնդրի առջեւ են կանգնած անխտիր բոլոր մարզաձեւերը։ – Այո, այդպես է։ Սակայն հարկ է հաշվի առնել, որ հանդբոլը օլիմպիական մարզաձեւ է։ Բացի դա, այն ընդգրկված է դպրոցական ծրագրերում որպես ֆիզկուլտուրայի դասավանդման պարտադիր առարկա։ Եվ եթե չմոռանանք նաեւ քիչ առաջ ասածս, նկատի ունեմ նախկինում եղած հաջողությունները, ապա երկու կարծիք լինել չի կարող, որ այս մարզաձեւը արժանի է ուշադրության։ Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է, արդյոք, որ արդեն քանի տարի չեն անցկացվում քաղաքների, մարզերի (նախկինում՝ շրջանների) առաջնություններ։ Միակ միջոցառումը, որ տարեկան օրացուցային պլաններից չի հանվել, Հայաստանի առաջնությունն է։ Այն էլ ֆինանսների բացակայության պատճառով չի կազմակերպվում։ Մինչդեռ, այսօր էլ, այս ծանր պայմաններում մարզաձեւը շարունակում է գոյատեւել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում… – Առաջներում ու հիմա էլ մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահ ընտրում են պաշտոնատար անձանց կամ էլ, այսպես ասած, գործատերերի՝ հույս ունենալով, որ նրանք կօգտագործեն իրենց ունեցած լծակները։ Ինչո՞ւ ձեր ֆեդերացիան չգնաց այդ ճանապարհով։ – Դա իրեն ինչ-որ չափով արդարացնում էր Խորհրդային Միության պայմաններում, երբ Նախարարների խորհրդի որոշմամբ հովանավորները որոշ առումով ազատվում էին հարկերի վճարումից։ Այս հանգամանքը շատերին էր շահագրգռում ստանձնելու այս կամ այն մարզաձեւի հովանավորի դերը։ Այսօր Հայաստանում չկա նմանատիպ կառավարական որոշում, եւ գործադիրները կամ փողատերերն այնքան էլ չեն ձգտում իրենց միջոցները տրամադրել ֆեդերացիաներին։ Բացի դա, կյանքը ցույց է տվել՝ նման մարդկանց մարզաձեւերին կապելն այնքան էլ իրեն չի արդարացնում։ Կարելի է կազմել հիմնավորված ծրագրեր, բայց դրանց լիարժեք ֆինանսավորումը ինչ-որ տեղ հովանավորողի ցանկությունից է կախված։ Մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ է՝ ֆեդերացիան ղեկավարի մասնագետը, որը մտահոգված է մարզաձեւով, ցանկանում է զարգացնել այն։ – Դե, ուրեմն, եկեք խոսենք ծրագրերի մասին։ – Կրկնում եմ, առաջխաղացում կլինի, եթե սպորտվարչությունն ու մեր Ազգային օլիմպիական կոմիտեն լրջորեն ստանձնեն հանդբոլի աջակցությունը ոչ միայն նյութական, այլեւ մեթոդական օգնության առումով։ Մտադիր ենք նրանց հետ սերտ համագործակցություն հաստատել։ Բայց ասածս չի նշանակում, որ բոլոր հարցերի լուծումը կապում ենք միայն նրանց հետ։ Խորացնելու ենք կապը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հետ, որից նույնպես աջակցություն կլինի։ Կփնտրենք նոր հովանավորներ Հայաստանում։ – Իսկ բուն մարզաձեւում կազմակերպչական աշխատանքներ նախատեսո՞ւմ եք։ – Պետք է էապես բարելավել աշխատանքները մարզադպրոցներում։ Այնտեղ է ամեն ինչի հիմքը։ Անպայման ուզում ենք վերականգնել ոչ միայն քաղաքների, մարզերի, հանրապետության տարբեր տարիքային խմբերի առաջնությունները, այլեւ ուսանողական մրցումները։ Եթե դա մեզ հաջողվի, հանդբոլը Հայաստանում ապագա կունենա։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել