Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինձ

Սեպտեմբեր 26,2001 00:00

Խրիմյան Հայրիկ Ինձ համար, որին բախտ է վիճակվել սովորել Խրիմյան Հայրիկի հիմնադրած Վարագա վանքի ժառանգավորաց դպրոցում, այսօր էլ տարիների հեռվից Վարագա վանքն ու դպրոցի հիմնադրի փառահեղ դիմանկարը, որ կախված էր սերտարանի պատին, ասես մշուշի միջից պատկերվում է հայացքիս առաջ։ Ահա Վարագա վանքի մեր յոթնագմբեթ եկեղեցիների շարքը, որից կանգուն էին միայն չորսը՝ ս. Նշան, ս. Հովհաննես, ս. Աստվածածին եւ իր երկնասլաց գմբեթով սուրբ Գեւորգ կամ Գավիթ եկեղեցին, որի ներսում, սալահատակի տակ ամփոփված էին Վան-Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի, թագուհի Խուշուշի եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի աճյունները։ Ահա մատենադարանին կից վանքի տպարանն ու «Գուտենբերգ» կոչված տպագրական մեքենան, որ Խրիմյանը բերել է տվել Եվրոպայից ու «Հյուսիսափայլից» էլ առաջ՝ 1857 թվականին, լույս էր ընծայում «Արծիվ Վասպուրականի» ամսագիրը, հետագայում «Արծվիկ Տարոնոյ» կիսաամսագիրը՝ Խրիմյանի շնչի տակ թեւավորված նրա աշակերտ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ։ Վարագա վանքի զարդը կազմում էր շուրջանակի փռված «դրախտ» կոչվող այգին՝ իր պտղատու ծառերով ու հսկա ընկուզենիներով, որոնցից մեկի ճյուղացրիվ ստվերի տակ նկարված Խրիմյանի ոսկեզօծ լուսանկարը որպես սրբություն կախված էր վանքի նիստերի դահլիճում, փառավորելով մեծ լուսավորչին մարմնավորող Փանոս Թերլեմեզյանի անունը։ Սուրբ Գեւորգ եկեղեցու առաջ փռված հսկայածավալ բակը բոլորում էր երկհարկանի զանգվածեղ շենքերի մի պայտաձեւ պարիսպ։ 1912-ին հայ գրերի գյուտի 1500-ամյակի եւ տպագրության 400-ամյակի առթիվ այս բակում լցվեցին Վան քաղաքից ու շրջաններից հավաքված հարյուր հազարավոր ժողովականներ, որոնց մեջ՝ ազգային անվանի գործիչներ Արամ Փաշան ու Իշխանը։ Ինչպես գիտենք, մեծ հայրենասեր Խրիմյանին է պատկանում «երկաթե շերեփ» թեւավոր խոսքը։ Երբ մի անգամ մեր դպրոցի տեսուչ Արտակ Դարբինյանը խոսք է բացել այդ մասին, Խրիմյանը պատասխանել է հեգնորեն. – Խրիմյան ըսավ ազատագրակա՜ն կռվի՛ ելեք… բայց անիկա չսավ, թե սանկ քանի մը չախմախլի կամ բերդանկ հրացաններով դիմադիր եղեք թուրքին, յավրո՜ւմ… Մեծ վշտացյալը չտեսավ, իհարկե, ժողովրդի 1915-ի եղեռնը, սակայն իր կաթողիկոսության օրերին ցավով ապրեց դրա նմանօրինակի՝ 1896-ի ողբերգությունը։ Ահա Էջմիածինը։ Համայն հայության կրոնական կենտրոնի շուրջը ծփում էր օսմանյան բռնությունից փախած, հարազատներից զրկված ժողովրդի փոթորկոտ մի ծով, որի ալիքները լուսամուտներից ներս էին խուժում ու հայոց մեծ վշտացյալի աչքերից արցունք քամում… *** Դուռը կամացուկ բացվում է ու այլայլված դեմքով ներս է մտնում սպասավորը։ – Վեհափառ… Չի լսում։ – Վեհափա՛ռ… – Ի՞նչ կա, որդյա՛կ իմ։ – Քուրջերով ծածկված գյուղական մի քահանա ցեխոտ տրեխներով վերեւ է բարձրացել… Ասում է՝ Հայոց Հայրիկին կուզեմ տեսնել։ – Է՜, ատոր մեջ հանցանք մը կա՞։ Թող տուր որ գա ինձի։ Ալեկոծ հոգով հեւիհեւ ներս է մտնում Թադեւոս քահանան ու դռան մոտ ծնկի գալով՝ առաջանում է դեպի Վեհափառի աթոռը։ Խրիմյանը իր տարիքին անհամապատասխան, թեթեւաշարժ առաջանում է դեպի քահանան, թեւերից բռնում, բարձրացնում ու պղտոր աչքերով նայում է նրա արեւախանձ դեմքին։ – Մշո դաշտի զուլումներեն փախած քզի մոտ եմ եկե, Վեհափառ… Մըր գերդաստանու 17 անձերեն մենակ ես եմ փրկվեր, մնացածներին՝ երիտասարդ, ճիժ-պիժ՝ անօրենը տվեց յաթաղանի բերան… Կխնդրեմ, Վեհափառ, ձեռքդ դնիս գլխուս վրա, պահպանիչ մը ըսիս, սիրտս… թեթեւանա գոնե մի քիչ… – Ցավերդ անչափելի են, գիտեմ, բայց դո՛ւն Հայոց անբախտ Հայրիկի՛ն օրհնե, ի՛մ ժողովրդի միամիտ ու սուրբ զավակ, դուն հողից կոշտացած հողաբույր ձեռքդ դիր անոր գլխուն ու «պահպանիչ» ըսե, դուն օրհնե անոր, տեր հայր, դուն 17 գառ ես թողել գայլերու բերան, իսկ Հայոց Հայրիկը 300 հազար… Ո՞րն է շատ… Որո՞ւ վիշտն է ծով։ – Քու ցավն ավելի խորն է, Վեհափառ, ապառաժ քար էղներ զքու տեղ՝ հազար կտոր կեղներ… Ու հայացքը կաթողիկոսին՝ հենց ծնկների վրա մինչեւ դուռը ետ-ետ է գնում ու խոնարհվելով՝ դուրս գալիս վեհարանից։ ԲԱՂԴԱՍԱՐ ԹՈՎԻԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել