Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդաբար

Սեպտեմբեր 26,2001 00:00

Ուսուցչի օրը կդառնա՞ լեգիտիմ Ավանդաբար հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ուսուցչի օր, սակայն որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որով դա ամրագրվում է, երբեւէ չի եղել։ Ու թեեւ վերջինս ամենեւին էլ երաշխիք չէ, թե պետությունը պարտավորություն կզգա այդ օրն ըստ արժանվույն նշելու, այնուամենայնիվ ՀՀ կառավարությանը այդ օրը պետականորեն ամրագրելու առաջարկ է ներկայացվել։ Առաջարկի հեղինակը ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի Կրթության հանձնաժողովն է, որի անդամ, ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը երեկ մեր զրույցի ընթացքում հույս հայտնեց, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում, այսինքն՝ այս հինգշաբթի, իրենց ներկայացրած նախագիծը կհաստատվի։ Այդ նախագծով նախատեսվում է հոկտեմբերի առաջին կիրակին ճանաչել որպես ուսուցչի մասնագիտական օր։ Քանի որ տոների մասին ՀՀ օրենքով մասնագիտական տոները կարող է ՀՀ կառավարությունը որոշել, առանց ԱԺ-ի հետ համաձայնեցնելու, ՀՀ վարչապետին կից կանանց խորհուրդը ակնկալում է, որ Ուսուցչի օրվա նախաշեմին ՀՀ կառավարությունը կպետականացնի այդ տոնը։ Խիստ կասկածում ենք, որ դա կբարելավի ուսուցիչների նկատմամբ պետական վերաբերմունքը, նրանք, որպես նվեր, կստանան աշխատավարձի բոլոր պարտքերը կամ էլ թե՝ կստանան ոչ թե 10 հազար դրամ, այլ իրենց աշխատանքի դիմաց ավելի արժանի աշխատավարձ։ Սրանք երազանքներ են, որ տոներ հռչակելով չեն լուծվում։ Ռուսաստանն էլ մի կարգին չի վարձատրում իր մանկավարժներին, սակայն Ուսուցչի օրը միշտ նշվում է հատուկ տրամադրությամբ, շքեղ տոնական համերգով, որին անպայման մասնակցում է երկրի նախագահը եւ, իհարկե, լավագույն ուսուցիչներին նվերներ են հանձնում։ Հայաստանում եւս այդ օրը նշվում է, բայց՝ շատ ավելի համեստ։ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 6-ին հանդիսավոր արարողությամբ նշվելու է Ուսուցչի օրը եւ պարգեւատրվելու են տարվա լավագույն տնօրենի, ուսուցչի եւ դաստիարակի կոչմանն արժանացածները։ Այդ մրցույթն անցկացվում է ողջ տարին։ Թեկնածուներին առաջադրում են դպրոցների մանկավարժական խորհուրդները։ Այնուհետեւ այդ թեկնածությունները քննարկվում են մարզային հանձնաժողովում։ Վերջինում ընդգրկված են մարզի մանկավարժական, ծնողական համայնքների, հասարակական կազմակերպությունների, մարզի կրթության վարչության ներկայացուցիչները։ Նրանք ուսումնասիրում են թեկնածուների տվյալները, գնում առաջադրված ուսուցչի մոտ դասալսումների եւ ընտրում մարզի ներկայացուցիչներին, որոնք մյուս մարզերի ներկայացուցիչների հետ մասնակցում են տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի եւ դաստիարակի համար հայտարարված մրցույթին։ Վերջնական հաղթողին որոշում է հանրապետական հանձնաժողովը՝ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի գլխավորությամբ։ Բացի նշվածից, մրցույթ անցկացվում է նաեւ այլ նոմինացիաներով, ասենք՝ ռազմահայրենասիրական կամ գեղագիտական լավագույն դաստիարակության համար։ Աիդա Թոփուզյանը դեռ չգիտեր, թե ինչ նվերներ են հանձնելու մրցանակակիրներին։ Պետբյուջեով դրա համար միջոցներ նախատեսված չեն եւ հարցն ամեն տարի լուծվում է հովանավորների աջակցությամբ։ Անցյալ տարի Անդրանիկ Մարգարյանը, կատարելով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խոստումը, ավտոմեքենա նվիրեց տարվա լավագույն ուսուցչին։ Դժվար թե նման շռայլություն նաեւ այս տարի թույլ տա։ Մինչդեռ տարվա մեջ գոնե մեկ օր կարելի է մանկավարժների հանդեպ շռայլ գտնվել, բայց՝ ոչ թե պարապ խոսքերով, այլ՝ իրական գործերով։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել