Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստ

Սեպտեմբեր 26,2001 00:00

«Իրոք խնդիրներ կային եւ մենք զբաղվեցինք դրանցով» Կոմունիստ Վանյա Մխիթարյանը փոխնախարարի պաշտոնից զրկվեց, քանի որ համարձակվել էր կոնկրետ խախտումների շուրջ խոսել եւ թվեր հրապարակել։ Դրանից անմիջապես հետո նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, հանձնարարական տվեց արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանին զբաղվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշ հարցերով։ Պրն Զադոյանին խնդրեցինք ներկայացնել աշխատանքի արդյունքների այն հատվածը, որի մասին մինչ այժմ չի խոսվել։ Պրն Զադոյանի ներկայացմամբ. «Երբ փոխնախարարը սկսեց խոսել այդ թեմաներով, դրանից երկու շաբաթ առաջ արդեն ինձ մոտ այդ հարցը քննարկված էր, մենք կուրսի մեջ էինք եւ սկսել էինք այդ ուղղությամբ աշխատել։ Փոխնախարարի շատ հայտարարությունների ես համաձայն չեմ, բայց պետք է ընդունեմ, որ իր ասածների մեջ իրոք լուրջ եւ ճիշտ խնդիրներ կային, որոնցով էլ մենք զբաղվեցինք նախագահի հանձնարարությամբ։ Ես համաձայն չեմ փոխնախարարի հաշվարկի հետ, ինքը 40-50 միլիոն փող էր հաշվում, իսկ մեր հանրապետությունում եթե 50 միլիոնի շինանյութ գողանան, կնշանակի պետք է չորս-հինգ հարյուր միլիոնի էլ շինարարություն կատարվի։ Սակայն, բոլորս տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Մեր հետաքննության ընթացքում մեծ բացթողումներ նկատեցինք։ Ամենամեծն այն է, որ մեր պետական օրգանները ճիշտ չեն աշխատել։ Շտկումներից հետո մոտ 30 ձեռնարկություն վերադարձավ օրինական դաշտ, 51-ին ժամանակ ենք տվել պայմանագրային պարտականությունները կատարելու, հակառակ դեպքում լիցենզիան ետ կվերցվի։ Մենք ստուգել ենք դեռեւս 5 մարզի ծավալները, 56 հազար խմ-ի տարբերություն ենք հայտնաբերել։ Հարկային տեսչությունն այժմ զբաղվում է դրանով։ Մոտ 38 ձեռնարկության գործեր ուղարկել ենք դատախազություն, այսինքն՝ այս աժիոտաժը իր օգուտը բերեց։ Եթե մենք հանկարծ երկու-երեք ամիս չհետեւենք, կրկին նույն վիճակն է լինելու։ Բայց հետեւելու ենք, մինչեւ բոլորը գան օրինական դաշտ»։ Ըստ պրն Զադոյանի, ինքը գործադիրի մարդ է եւ իր գործը աշխատելն է, ոչ մի նշանակություն չունի, թե ով է իշխանության գլուխ. «Այս տասը տարիների ընթացքում, այս պետությունը ինձ աշխատել սովորեցրեց եւ ճիշտ կլինի, որ հիմա կարողանան ինձնից քամել այդ հնարավորությունը։ Երկուսուկես տարի պարենի եւ մթերումների նախարար եմ եղել, որից մեկ տարի յոթ ամիսը եղել եմ դրսում՝ հաց բերելու համար։ Ու տեսեք՝ հացը հասավ։ Այսօր ես լավ եմ զգում, որ իմ աշխատանքային թիմի հետ կարողացանք դա անել։ Հաճախ ինձ հարց են տալիս՝ նորից կկարողանա՞մ։ Գտնում եմ, որ էլ չեմ կարող։ Հիմա եթե տրվեմ, երեւի ուժս այն չի եւ, հետո, այս տարիների փորձը ինձ ավելի խելացի է դարձրել, այդքան ռիսկի չէի գնա։ Հաճախ ինձ հարցնում են, ո՞նց եմ աշխատում եւ այս իշխանությունների հետ, եւ այն։ Կոնկրետ անելիք եթե ունես, անում ես։ Ես դա անում եմ եւ չեմ խառնվում քաղաքականությանը»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել