Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՐԹԵՐԻ ՀՐՃՎԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Սեպտեմբեր 26,2001 00:00

ՀՈՐԹԵՐԻ ՀՐՃՎԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Երկուշաբթի Նիկոլայ Ռիժկովի եւ ՌԴ պատվիրակության երկու այլ անդամների պատվին «Օլիմպիա» հյուրանոցում կազմակերպված ճաշկերույթի ընթացքում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը դարձյալ կատակներ էր արել Հմայակ Հովհաննիսյանի անակնկալ ագրոարդյունաբերական գիտելիքների առնչությամբ։ «Ես քո պատասխանը վաղը կտամ»,- ասել էր պրն Հովհաննիսյանը եւ երեկ հանդես եկավ հայտարարությամբ. «Պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր հորթի հրճվանքով էին լսում իմ դատողությունները սելիտրայի ու սերմացուի մասին, միամտաբար կարծելով, որ ես վերջապես մոռացության եմ մատնել իրենց զարմանահրաշ գոյությունը մեր զարմանահրաշ քաղաքական դաշտում»։ Եվ Հմայակ Հովհաննիսյանն ապացուցեց, որ ո՛չ Արմեն Խաչատրյանին է մոռացել, ո՛չ էլ որեւէ ուրիշ մեկի. «Մեր իրականության մեջ անմահ են աշխարհի շալակը թռած այլեւայլ տկարամիտներն ու ապիկարները, քաջ նազարներն ու նրանց աթոռներին կարգող բիրդան աղաները։ (…) Փորձված ճանապարհ է՝ կուսակցության միջոցով թռչում ես աշխարհի շալակը, հետո էլ՝ աշխարհի շալակին մնալու համար կուսակցությանը հրաժեշտ ես տալիս։ Արդյունքում ե՛ւ դու ես մնում աշխարհի շալակին, ե՛ւ հարազատ կուսակցությունն է հնարավորություն ստանում ուսերը թոթափելու եւ ընդդիմադիր դաշտում նոր քաջ նազարներ հավաքագրելու։ «Միասնություն» դաշինքի բեկորների այս կուսակցականաշեն մարմաջը երբեմն ինձ ստիպում է մտածել, որ այդ մարդիկ «կառուցելն ու պաշտպանելը» միշտ են յուրովի հասկացել»։ Ի դեպ, այդ նույն ճաշկերույթի ընթացքում փոխարտգործնախարար Լեւոն Մկրտչյանը թփթփացրել էր Հմայակ Հովհաննիսյանի ձեռքին եւ հետաքրքրվել, թե դեռ ո՞ղջ է։ Վերջինս դրա մասին էլ հայտարարեց. «Համայն հայության թամադայի կողմից հրավիրված խնջույքում իմ լավ բարեկամ դիվանագետներից մեկը որպիսությունս հարցնելիս իրեն այնպես պահեց, ինչպես երեւի Ռոբինզոն Կրուզոն՝ Ուրբաթին հանդիպելիս։ Հիշո՞ւմ եք, կճմտում էր բացականչելով. «Զարմանալի է, Ուրբաթ, որ ցեղակիցներդ դեռեւս քեզանից խաշլամա չեն սարքել»։ Լսելով այս ամենը, ներկաներից մեկն ակնհայտ սոված հայացքով նայելով հայտարարություն անողին եւ նրա օբյեկտին, ասաց. «Բայց ի՜նչ խաշլամա կլիներ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել