Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԴԵՊ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ»

Սեպտեմբեր 26,2001 00:00

ՄԻՋԱԴԵՊ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ» Սեպտեմբերի 24-ին (լույս՝ 25-ի գիշերը) «Առագաստ» սրճարանում Շառլ Ազնավուրի այցի կապակցությամբ համերգ էր կազմակերպված, որին ներկա էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր բազմաթիվ թիկնապահներով։ Համերգին մասնակցում էին Հայաստան ժամանած Կոնստանտին Օրբելյանը, Ջիվան Գասպարյանը եւ այլք։ Սակայն գեղեցիկ համերգն ավարտվեց… մահով։ Նախագահի եւ հյուրերի հեռանալուց հետո ներկաները դեռ շարունակում էին ունկնդրել համերգը, երբ լսվեց մի արտասահմանցու բղավոց՝ անգլերեն լեզվով, թե «այս ինչ վայրենի երկրում եք ապրում։ Մինչ դուք այստեղ ջազ եք վայելում՝ այնտեղ մարդ են սպանում»։ Սրճարանի զուգարանի մոտ տասնյակ մարդիկ էին խմբվել. ներսում մահացած մարդ կար։ Ասում էին, որ նա քիչ առաջ զբաղեցրել էր սեղաններից մեկը։ Մահացածը ՀՀ նախագահի հեռանալու պահին ռեպլիկ էր բաց թողել (ըստ լուրերի) նրա հասցեին, որից հետո հանրապետության նախագահի թիկնապահները քաղաքացուն ծեծելով քարշ են տվել դեպի զուգարան։ Դրանից ընդամենը մի քանի րոպե հետո բացականչություններ են լսվել. «սպանեցին»։ Կանչված շտապօգնության բժիշկների խումբը հասել է այն պահին, երբ ամեն ինչ վերջացած էր։ Երեկ փորձեցինք ստանալ պաշտոնական տեղեկատվություն եւս։ Ըստ ՆԳՆ Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդազարյանի, ժամը 00:40-ին քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ «Առագաստ» սրճարանում դիակ կա։ Դիակի ինքնությունը ճշտված է. Պողոս Պողոսյան (1958թ. ծնված, Ջավախքի Զիգրաղեն գյուղից)։ Ա. Վարդազարյանը ընթերցեց երեկվա ամփոփագրից. «Ոտքի եւ գլխի քերծվածքների հետքերով»։ Եվ ասաց, որ գործի նախաքննությունն իրականացնում է դատախազությունը։ Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում են եղել նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանը, ջազմեն Լեւոն Մալխասյանը, սրճարանի տնօրեններ Նուշիկյան եղբայրները եւ այլ անվանի մարդիկ, բազմաթիվ սփյուռքահայ եւ օտարերկրացի հյուրեր։ Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել