Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ

Սեպտեմբեր 26,2001 00:00

Պառաված հարցը կքննարկվի ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ ԱԺ կանոնակարգի 16 հոդվածի համաձայն, յուրաքանչյուր նստաշրջանի վերջում ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն անդրադառնում է պատգամավորների բացակայություններին։ Իսկ հաջորդ նստաշրջանը սկսվելուց հետո, մեկամսյա ժամկետում, նախորդ նստաշրջանից քվեարկությունների կեսից ավելիից բացակայողների հարցը քննարկում է։ 2000 թվականի գարնանային նստաշրջանում հանձնաժողովը եզրակացություն է ներկայացրել Վանո Սիրադեղյանի վերաբերյալ, որն անհարգելի բացակայել է քվեարկությունների կեսից, այսինքն՝ 247 բացակայություն է գրանցվել։ Հանձնաժողովը պատգամավորի մասին տեղեկություն ստանալու նպատակով գրավոր դիմել է ՀՀՇ վարչություն, նաեւ՝ Վանո Սիրադեղյանի կնոջը։ Ստացվել են գրավոր պատասխաններ, որ ե՛ւ Վարչությունը, ե՛ւ կինը Վանո Սիրադեղյանի որեւէ տեղում լինելու վերաբերյալ տեղեկություն չունեն։ Ըստ կանոնակարգի, հարցը երկու անգամ կարող է հետաձգվել, եթե պատգամավորը չի ներկայանում, երրորդ անգամ խորհրդարանը իրավասու է հարցը քննարկել նաեւ բացակայության պարագայում։ Հետաքրքիրն այն է, որ մեկ շաբաթ առաջ պատգամավորը պետք է տեղեկացվի, որ պատրաստվում են իր հարցը քննարկել։ Բայց ինչպես տեղեկացնել Վանո Սիրադեղյանին, որ գործընկերները պատրաստվում են քննարկել իր հարցը։ Եթե ԱԺ նախագահի հայտարարությունը՝ հարցը հոկտեմբերի 8-10-ը քննարկելու մասին, կարելի է տեղեկացվածություն համարել, ուրեմն Վանո Սիրադեղյանը տեղեկացված է։ Բայց ո՞վ ասաց, թե վերջինս «հարգելի ռադիոլսող» է դարձել եւ բանուգործը թողած՝ լսում է, թե Արմեն Խաչատրյանն ինչ հայտարարություն է անելու։ Մանավանդ, կանոնակարգի հերթական բացն այն է, որ չի հստակեցված, թե պատգամավորն ինչ կարգով պետք է տեղեկացվի։ Մեր դիտարկմանը, թե գրեթե նույնքան բացակա ունի նաեւ պատգամավոր Տարոն Սահակյանը, Վիկտոր Դալլաքյանը, բացատրեց, որ այս նստաշրջանն առայժմ քննարկելու է նախորդ նստաշրջանի բացակաների հարցը, իսկ Տարոն Սահակյանի բացակայությունների խնդիրը խորհրդարանը պարտավոր է քննարկել նոր նստաշրջանը սկսելուց հետո, մեկամսյա ժամկետում, որը դեռեւս չի լրացել։ Սակայն ասվեց նաեւ, որ բոլոր մյուս բացակա պատգամավորները, ներառյալ՝ Տարոն Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, Նահապետ Գեւորգյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Սուքիասյանը, Արա Կետիկյանը եւ մյուսները, ներկայացնելու են փաստաթղթեր։ Ի դեպ, երբ գարնանը քննարկվում էր Վանո Սիրադեղյանի բացակայությունների հարցը, այդ քննարկումներին դեմ է արտահայտվել միայն մեկ պատգամավոր՝ Աղվան Վարդանյանը։ Վերջինս դեմ էր, որ Վանո Սիրադեղյանի բացակայություններն անհարգելի համարվեն։ Իսկ Արշակ Սադոյանը ձեռնպահ է եղել, քանի որ իր մեկնաբանությամբ՝ ինքը նման վիճակում եղել է եւ ճիշտ չի գտնում հարցի քննարկումը։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն այն կարծիքին է, որ քննարկելու բան չկա. «Այդ դրույթը կանոնակարգում շատ վաղուց էր ամրագրված եւ մենք բազմիցս բարձրացրել ենք կանոնակարգ-օրենքի այս պահանջը բավարարելու խնդիրը եւ հիմա դեռ ակնկալում ենք, որ հաջորդ նիստին այդ հարցը կդրվի եւ լուծումը կստանա։ Ես չեմ կարծում, որ քննարկելու շատ բան կա, բայց չեմ էլ բացառում անակնկալները, երբ կարող են այս ամենից հետո գտնվել մարդիկ, որոնք կփորձեն պաշտպանել։ Թեեւ դժվարանում եմ ասել, թե ով է լինելու այդ համարձակ սրիկան»։ Աղասի Արշակյանը չի էլ պատրաստվում հարցի քննարկմանը մասնակցել. «Վաղո՜ւց ասվածը ասված, պրծած է։ Քննարկումներին իմ մասնակցությունը ոչ մի իմաստ չունի։ Ես հոգնել եմ էդ թեմայով խոսելուց, որովհետեւ ժամանակին, երբ որ ինքը ձիու վրա էր, ես այն ժամանակ եմ խոսել, հիմա փախուստի մեջ է, թող իր ընկերները խոսեն»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ընդհակառակը, մասնակցելու է քննարկումներին հետեւյալ դիրքորոշմամբ. «Չէր կարելի օրակարգի հարց դարձնել այդ ձեւով եւ հետո, պետք է որոշենք, թե ի՞նչ ենք ուզում։ Մենք նախադեպ ենք ունեցել անցած գումարման ընթացքում, բայց խորհրդարանը չի գնացել անձեռնմխելիությունից զրկելու ճանապարհով։ Կարծում եմ, խնդիրը հետեւյալին պետք է հանգեցնել՝ արդյո՞ք հայտնված է Վանո Սիրադեղյանին, որ քննարկվելու է իր հարցը։ Օրենքում այդպիսի բան չկա արձանագրված, որ պիտի հայտնել կնոջը եւ ՀՀՇ վարչություն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել