ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵՑ Հակառակ ԵԽ դատապարտմանը, Լեռնային Ղարաբաղում ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունեցան: Հետեւեց Եվրամիության ավելի քան կոշտ հայտարարությունը, որտեղ հստակորեն ասված էր, թե ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը եւ դատապարտում է այնտեղ տեղի ունեցած ընտրությունները: Եվրամիության հայտարարությանը հետեւեցին նաեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի նմանօրինակ հայտարարությունները: Պաշտոնական Երեւանի պատասխանը Չեմբեռլենին, ըստ էության, ձեւակերպեց «կոմպլեմենտարիզմի» կնքահայր, արտգործնախարար Օսկանյանը: Նա, պատկերացնո՞ւմ եք, համարձակվեց մատ թափ տալ Արեւմուտքի վրա ու հայտարարեց, թե Հայաստանը կարող է վերանայել վերջինիս հետ իր հարաբերությունները: Իհարկե, սա այն բանից հետո, երբ Արեւմուտքն ինքն էր առաջինը վերանայել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին պարտադրել էր գնալ արեւմտյան հոսանքին հակառակ: Կոմպլեմենտար քաղաքականություն վարող Հայաստանը Ռուսաստանի գերին դառնալու այլընտրանք նույնիսկ չուներ: ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ նախագահ Քոչարյանը Ռուսաստանին տվեց այն, ինչ միայն կարելի էր, տվեց անգամ անհնարինը՝ Հայաստանի մի պատառ հողատարածք՝ անժամկետ եւ անվարձահատույց: Բայց անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ Եվրախորհուրդն ու Եվրամիությունը, նաեւ՝ ԱՊՀ ու մեր դրկից երկրները երես թեքեցին Հայաստանից: Այդ ինչո՞ւ էր հրատապ դարձել առաջ անցնել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից ու հապշտապ հանդես գալ հայտարարությամբ, ի՞նչն էր այդքան հուզել այն նույն Եվրոպային, որը մինչեւ 98-ը ԼՂ-ն ճանաչել էր իբրեւ հիմնախնդրի կարգավորման բանակցային կողմ: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որ դիվանագիտական փորձառության պակաս չունի, վստահեցրեց, թե «շան գլուխը թաղված է» նախագահ Պուտինի այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների ու, ընդհանրապես, Հայաստանի՝ Ռուսաստանի գիրկն ինքնամոռաց ընկնելու փաստի մեջ: Նա ուշադրություն հրավիրեց երկու կարեւորագույն խնդիրների վրա: Դրանցից մեկը օգոստոսին Աստրախանում տեղի ունեցած հակաօդային պաշտպանության ուսումնական զինավարժություններն էին, որոնք ընթանում էին ԱՊՀ երկրների շրջանակներում, եւ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Պայմանականորեն դրանք ուղղված էին Արեւմուտքի կողմից հնարավոր ագրեսիայի դեմ: Թերեւս, դա է եղել պատճառը, որ ԱՊՀ հակաօդային պաշտպանության անդամ երկրներից մի քանիսը, ի տարբերություն Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Տաջիկստանի, հրաժարվել էին մասնակցել այդ զինավարժություններին: Դրանց թվում էին Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ այլն: Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի կոշտ դիրքորոշման ոչ պակաս կարեւոր պատճառ էր ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարների միջեւ կնքված համաձայնագիրը, որով Հայաստանը ՌԴ-ին անժամկետ եւ անհատույց տարածք է տրամադրում՝ մինչեւ վերջերս Վրաստանում տեղակայված Անդրկովկասի ռազմական օկրուգի գլխավոր շտաբը Հայաստան տեղափոխելու համար: Ռուսաստանը խնդիր ուներ Արեւմուտքին ցույց տալ, որ Հայաստանն իր գրպանում է եւ պատրաստ է անգամ, ըստ էության, ինքնակամ ստանձնել տարածաշրջանում «բոբո» եւ Արեւմուտքի արմատական շահերին միակ հակադրվող պետությունը լինելու դերակատարությունը: Արեւմուտքի քթին դռներ շրխկացնելը, իհարկե, չի բխում ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Հայաստանի «կոմպլեմենտար» քաղաքականության տրամաբանությունից, մեր պետական, նաեւ՝ Ղարաբաղի շահերից: «Նման քաղաքականության պատճառը միայն այն է, որ նախագահ Քոչարյանը վերջին շրջանում սկսել է լրջորեն վախենալ ակտիվացող ընդդիմությունից եւ փորձում է Հայաստանի պետական շահերը շրջանցելով՝ պահել սեփական իշխանությունը»,- ասաց պարոն Գրիգորյանը: Դրա միակ ճանապարհը Քոչարյանը համարել է Պուտինին սիրաշահելն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելը՝ հաշվի առնելով այն տխուր փաստը, որ հայ հասարակության մեջ լավ ղեկավարի արմատավորված ստերեոտիպը Ռուսաստանի նախագահի հետ լավ հարաբերություններ ունենալն է: Պուտինը, ինչպես ռուս վերլուծաբաններն էին վկայել, չէր մերժել Քոչարյանի խնդրանքը եւ իբրեւ «պապա» ժամանել էր Հայաստան: Բայց նա հաճելին օգտակարի հետ համատեղելով, ի տարբերություն Քոչարյանի, լուծեց ոչ թե անձնական, այլ՝ Ռուսաստանի համար կարեւորագույն եւ ռազմավարական նշանակության հարցեր: Փոխարենը՝ Հայաստանը հայտնվեց իրական մեկուսացման ահագնացող վտանգի առջեւ: ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստանն ագրեսոր որակելուց հետո, ԵԽ-ի եւ ԵՄ-ի հայտարարությունները միայն հերթական հուժկու հարվածներն են Հայաստանին: ԵԽ-ն սպառնում է Հայաստանին «տեղը դնելու» քաղաքական ձեւեր գտնել, ԵՄ-ն, որի ֆինանսական օգնությունն ու ներդրումները Հայաստանում առյուծի բաժին են կազմում, տնտեսական պատժամիջոցներ կարող է կիրառել Հայաստանի նկատմամբ: Պետք է հուսալ, որ Քոչարյանը, այնուամենայնիվ, մոտ ապագայում իր աթոռին հրաժեշտ կտա եւ բանը ՄԱԿ-ին չի հասնի: Հակառակ դեպքում, չեն բացառվում ամենավատթար կանխատեսումները՝ Հայաստանի նկատմամբ ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ՝ ռազմական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Իսկ դա, Քոչարյանի գոյության պարագայում, աստիճանաբար հասունանում է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ