Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես

Սեպտեմբեր 26,2001 00:00

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՈՒԽՏԻ Է ԵԿԵԼ Հովհաննես Պողոս Բ պապը Հայաստան այցելել է որպես Վատիկանի ղեկավար։ Սա հովվապետական այց չէ։ Հռոմի պապը մեր հովվապետը չէ։ Մեր հոտն ուրիշ է։ Մեր հովիվն ուրիշ է։ Պապը հարեւան հոտի հովիվն է։ Բայց քանի որ մենք շատ հյուրընկալ եւ շատ քրիստոնյա ժողովուրդ ենք ու, քանի որ հազիվ մեր հողը Հռոմի պապի ոտքերը զգալու պատիվն ունեցավ, ազգովին ընդունում ենք կաթոլիկների 81-ամյա հայրապետին, մեր եկեղեցու Մայր Աթոռում պիտի լսենք նրա՝ հռոմեական ծեսերով, լատիներենով տրվելիք պատարագը։ Բայց մինչ այդ, ողջ հանրապետությունն (ու, դատելով պապի այցելությունը լուսաբանող հավատարմագրված լրագրողների քանակից, նաեւ՝ ողջ աշխարհը) անհամբեր սպասում էր Պապին՝ Զվարթնոց օդանավակայանում։ Ինչ խոսք, Հռոմի պապի ցանկացած այցելություն միշտ աշխարհի ուշադրության կենտրոնում է, սակայն այժմ, երբ նրա անվան եւ կոնկրետ այս այցելության հետ են կապվում նաեւ ԱՄՆ-ի՝ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունները սկսելու ժամկետները (ըստ ամերիկյան լրատվամիջոցների), նրա այցելությունը մեկ այլ հնչեղություն է ստացել։ Թվով 400 լրագրող (որոնցից 57-ը Հռոմի պապի անձնական լրագրողներն էին Վատիկանից) աշխարհի տարբեր ծայրերից լուսանկարում, նկարահանում եւ գրում էին Հովհաննես Պողոսի Հայաստան կատարած այցի մասին։ Երեկ առավոտյան ժամը 10-ից նրանք դիրքավորվել էին Զվարթնոց օդանավակայանում։ 13։00-ին, երբ օդանավակայանում էին ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, վարչապետը, ԱԺ եւ ՍԴ նախագահները, նախարարներ, պատգամավորներ, նախագահին կից գործիչներ, Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող գրեթե բոլոր դեսպանները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Աստանայից ժամանեց «Ղազախական ավիաուղիների» ինքնաթիռը՝ «թանկագին գանձով»։ Ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ Հովհաննես Պողոս պապին դիմավորեց կաթոլիկ եւ հայ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների մի մեծ խումբ, ՀՀ նախագահը ու Գարեգին Բ կաթողիկոսը։ Սակայն սկզբում անուշիկ երեխաների մի փոքրիկ խումբ Պապին աղ ու հաց, ինչպես նաեւ մի աման հող հրամցրեց։ Իհարկե, այն հեռավորությունից, ինչ թույլատրելի էր լրագրողներին, հնարավոր չէր նկատել՝ գնահատե՞ց Պապը մեր լավաշի համն ու հոտը եւ հողի բույրը, բայց, արարողակարգի համաձայն, նա պիտի համտեսեր աղ ու հացը եւ պիտի համբուրեր հայոց հողը։ Հայաստանի եւ Վատիկանի ազգային օրհներգերն ունկնդրելուց հետո ՀՀ նախագահի, Վեհափառ հոր ուղեկցությամբ սրբազան Պապն այնուհետեւ բազմեց հատուկ այդ նպատակով տեղադրված բազկաթոռին։ Ընդ որում, Քոչարյան Ռոբերտը գրավեց կենտրոնի աթոռը, մեծահոգաբար թողնելով, որ իր աջ եւ ձախ կողմերում տեղավորվեն Հովհաննես Պողոս Բ եւ Գարեգին Բ սրբազանները։ Հռոմի պապը, թեեւ դժվարությամբ, բայց մի գեղեցիկ ճառ ասաց՝ մեջբերելով Դանիել Վարուժանի ստեղծագործություններից հատվածներ։ Ընդ որում, խոսքի սկզբում նա հայերեն (ինչին այնքան սպասում էին ներկաները) օրհնեց մեզ. «Աստված օրհնի Հայաստանը»։ Իր ուղերձում նա Հայաստանի մասին արտահայտվեց՝ «հնամյա եւ սիրելի երկիր», «մեծապես սիրեցյալ հող» եւ այլն։ Ըստ Պապի, ինքն այստեղ է՝ «որպես ուխտավոր՝ հոգեւոր ուղեւորության մեջ»։ Ուղերձների փոխանակումից հետո սկսվեց Պապին ողջունելու արարողությունը։ Առաջինը մոտեցավ եւ հայավարի Պապի ձեռքը բռնած թափահարեց Արմեն Խաչատրյանը, ապա՝ վարչապետը, նախարարներ, պատգամավորներ եւ այլք։ Ընդ որում, ինչպես եւ սպասվում էր, մերոնցից ոչ մեկի մտքով չանցավ Պապի կամ Վեհափառի ձեռքը համբուրել։ Ամոթ չէ՞ր, որ իրենց ծանր տեղը թեթեւացնեին եւ խոնարհվեին, ինչ-որ մեկի (թեկուզ լինի Պապ կամ կաթողիկոս) աջ համբուրեին։ Փոխարենը, ե՛ւ մեր հայ եկեղեցու, ե՛ւ քույր եկեղեցիների ներկայացուցիչները բոլ-բոլ համբուրեցին նրանց ձեռքերը։ Թեեւ խտրականություն դնողներ էլ եղան. Պապի աջը համբուրում էին, կաթողիկոսինը՝ ոչ, եւ հակառակը։ Նույն խառնաշփոթն էր նաեւ դեսպանների ողջույնի ժամանակ. ոմանք ուղղակի ձեռքով բարեւում-ողջունում էին, ոմանք խոնարհվում-համբուրում էին երկուսի, ոմանք՝ միայն մեկի ձեռքը։ Ոմանք էլ երեւի անհարմար էին զգում՝ մեջտեղը նստածին թողած, նրա կողքին նստածների առջեւ խոնարհվել։ Այսքանից հետո, անմիջապես բազկաթոռներին մոտեցած մեքենայի մեջ Պապին տեղավորելուց եւ դեպի Էջմիածին ճանապարհելուց հետո մնացյալները ցրվեցին… Էջմիածնում տեղի ունեցավ Հրաշափառի արարողությունը, որին լրագրողների մուտքն արգելված էր։ Այսօր Պապը կայցելի նախագահական նստավայր, Ծիծեռնակաբերդ, իսկ երեկոյան էկումենիկ արարողություն կլինի նոր օծված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Տեղեկանալով, որ ԱՄՆ-ը սպասում է Հայաստանից Հռոմի պապի մեկնումին, որ սկսի իր «քանդիչ-ավերիչ» գործողությունները տարածաշրջանում, շատերը ելք էին փնտրում Պապին Հայաստանում ավելի երկար պահելու համար։ Թեկուզ՝ զոռով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել