Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Սեպտեմբեր 25,2001 00:00

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Երկրաշարժը դեռեւս շարունակվում է մարդկանց հոգիներում։ Շենքերից բացի, աղետն ավերեց նաեւ մարդկանց հոգիները։ Երբեմնի հյուրասեր եւ առատաձեռն գյումրեցիների մեջ քիչ չեն նրանք, ովքեր դարձել են միմիայն օգնություն խնդրող, օգնություն ակնկալող։ Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի արձանը բացվեց Գյումրիի Աստղի հրապարակում, որն այսուհետ կկոչվի Շառլ Ազնավուրի հրապարակ։ Հարյուրավոր գյումրեցիներ էին եկել մեծ երգչին տեսնելու։ Սակայն ցավալին այն էր, որ միայն տեսնելու չէին եկել, գրեթե բոլորը նամակ-խնդրանքներ ունեին, որ ուզում էին անպայման հանձնել Շառլ Ազնավուրին։ Ամեն նամակում նույնն էր գրված՝ օգնեք որբերին, օգնեք խեղճերին։ Շառլ Ազնավուրը, իհարկե, օգնում է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցով, իր անվան եւ փառքի շնորհիվ։ Գյումրիում, օրինակ, բազմաթիվ դպրոցներ են կառուցվել երգչի շնորհիվ։ Թիվ 30 դպրոցը, ուր այցելեց Շառլ Ազնավուրը, կառուցվել է երգչի եւ Վաչե Մանուկյանի շնորհիվ։ Կառուցումն իրականացրել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը։ Ազնավուրին դիմավորեց եւ ճանապարհեց ողջ Գյումրին, թերեւս որեւէ երկրի նախագահ ժողովրդի կողմից չի ընդունվել այնպես, ինչպես ընդունվում է Շառլ Ազնավուրը։ Ազնավուրի համեստությունը պարզապես անսահման է։ Որոշ քաղաքական գործիչների, պաշտոնյաների, նաեւ, այսպես կոչված մշակույթի գործիչների, չէր խանգարի համեստության դասեր առնել աշխարհահռչակ հայից։ Իր արձանի բացման արարողության ժամանակ Ազնավուրը նաեւ կատակեց. «Առաջին անգամ պիտի այսքան բազմության առջեւ հանվիմ»։ Թեպետ արձանը խոշոր չափերի էր, բայց միեւնույն է՝ Շառլ Ազնավուրից մեծ չէր։ Մ. Ե. Մեծանուն երգչի անունով Հայաստանում, կունենանք երկու հրապարակ. մեկը՝ Գյումրիում, իսկ մյուսը՝ Երեւանում։ Սեպտեմբերի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնին եւ «Երեւան» հյուրանոցին հարող տարածքը անվանակոչվեց Շառլ Ազնավուրի հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել