ԺՊԻՏՆԵՐ «ՍԵԲԱՍՏԻԱՅԻՑ» Միամտություն կլինի հավատալ, թե լինում է ձրի առողջապահություն, որովհետեւ առողջության պահպանումը եւս ծառայություն է, որի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ «Սեբաստիա» ատամնաբուժական կլինիկան, սակայն, երեխաներին անվճար է սպասարկում։ Իրականում, երբեմն, նրանք ավելի թանկ են վճարում, ավելի ճիշտ վճարում են սեփական առողջությամբ, եթե հանդիպում են տեղի որոշ «բանիմաց» բժշկուհիների, ովքեր, չգիտես ինչու, գտնում են, որ հարկավոր է շուրջ 4 անգամ ցավազրկելուց հետո միայն հեռացնել մանկական ատամները։ Պատահում է նաեւ այնպես, որ ատամից բացի, ձեռքի հետ էլ հեռացնում են նրա սաղմը՝ այդպիսով երեխային զրկելով նոր ատամ ունենալու բնության տված հնարավորությունից։ Իսկ եթե հանկարծ որոշեք բողոքել, բաժնի վարիչ Տիգրան Կարապետյանը կհասկացնի, որ դա անտեղի է. իրեն շատերն են ճանաչում, եւ նման բաները երբեք չեն կարող խաթարել իր՝ արհեստավարժ բժշկի եւ կոլեկտիվի բուժիմիջը։ Հետո էլ հոտնկայս կփորձի մի ամբողջ դասախոսություն կարդալ այն մասին, որ բժշկության մեջ ամեն ինչ էլ պատահում է, եւ ձեր երեխան եւս ապահովագրված չէ նման «աննշան» պատահարներից։ Ի դեպ, կլինիկայի նշանաբանն է՝ «Խնամված ատամներով մի գեղեցիկ ժպիտ»։ Խոսք չկա, լա՜վ են խնամում երեխաների ատամները՝ պարգեւելով նրանց այնպիսի ժպիտներ, որոնք 2001թ. մանկան տարի հայտարարած պետական այրերին երեւի կհամոզեն, որ ի վերջո ժամանակն է թեթեւացած շունչ քաշելու։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Առկա է ասվածն ապացուցող ռենտգեն նկարը։