Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61-րդ առաջնությունն ավարտվեց։

Սեպտեմբեր 25,2001 00:00

ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61-րդ առաջնությունն ավարտվեց։ Անակնկալներ չնայած չգրանցվեցին, սակայն մինչեւ վերջին տուրը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը խաղատախտակների առջեւ հետաքրքիր պայքար էր ընթանում։ Մրցաշարային աղյուսակի վերին հատվածը զբաղեցնող գրոսմայստերներն այնքան խիտ էին դասավորված, որ յուրաքանչյուր միավորի կորուստ կարող էր էական փոփոխություն մտցնել ամփոփիչ աղյուսակում։ Եվ այս պարագայում շախմատիստներն ամենայն հավանականությամբ հաշվարկում էին իրենց անելիքները, ծանրութեթեւ անում վերջին տուրերում վաստակելիք միավորների նպատակահարմարությունը։ Այս առումով անսխալ հաշվարկով աչքի ընկավ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Մեկնարկային մի քանի տուրերից հետո հաստատուն տեղ զբաղեցնելով առաջատարների շարքում, Լպուտյանը մինչեւ վերջ չզիջեց դիրքերը։ Իսկ վերջին երկու տուրերում խաղաղ դաշն կնքելով գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի եւ միջազգային վարպետ Արա Մինասյանի հետ, 7,5 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար ու հռչակվեց Հայաստանի չեմպիոն՝ միաժամանակ արժանանալով 1,5 մլն դրամ մրցանակին։ Նրանից կես միավոր պակաս վաստակեց երիտասարդ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ Իսկ Աշոտ Անաստասյանը 6,5 միավորով եզրափակեց մրցանակակիրների եռյակը։ Մյուս մասնակիցները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Կարեն Ասրյան՝ 6,0, Արսեն Եղիազարյան՝ 6,0, Արտաշես Մինասյան՝ 5,5, Գաբրիել Սարգսյան՝ 4,5, Արա Մինասյան՝ 4,5, Տիգրան Նալբանդյան՝ 3,0, Գեւորգ Հարությունյան՝ 2,5, Վահագն Խաչատրյան՝ 2,0։ Քանի որ Սմբատ Լպուտյանը քչախոս է ու չի սիրում իր մասին խոսել, նրա հետ հարցազրույց չարեցինք։ Սակայն, այնուամենայնիվ, 43-ամյա գրոսմայստերի մասին մի քանի խոսք հարկ ենք համարում ասել։ Լպուտյանն այն շախմատիստներից է, որոնք տարեցտարի ուժեղացնում են իրենց խաղը։ Նա իր լավագույն արդյունքները ցույց է տվել 30 տարեկանից հետո։ Մասնագետները նրան համարում են «ակտիվ դիրքային ոճի» շախմատիստ, որը ոչ միայն ունի հարուստ տեխնիկա, այլեւ հուսալի է, բավականաչափ ագրեսիվ եւ արդյունավետ խաղացող։ Հենց այս որակների հետեւանքով է նա հաջողությունների հասել Բիլում (1997թ.), Նյու Յորքում (1998թ.) եւ Վեյկ-ան-Զեեում (1999թ.)։ Սմբատը նաեւ հիանալի թիմային մարտիկ է։ Շատերը կհիշեն նրա փայլուն մրցելույթը Հայաստանի հավաքականի կազմում 1992թ. Մանիլայում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ 11 միավոր 14 հնարավորից։ Ընդ որում, հաջորդ բոլոր օլիմպիադաներում Լպուտյանը մշտապես իր խաղատախտակի առջեւ դրական արդյունք է ցույց տվել։ Այժմ էլ Սմբատ Լպուտյանը, ապացուցելով իր առավելությունները հանրապետության առաջնությունում, սկսելու է Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվել մոտ ժամանակներս Երեւանում մեկնարկող շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնությանը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել