Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարիչ

Սեպտեմբեր 25,2001 00:00

ԳԵՐՄԱՆԱԼԵՀԱԿԱՆ «ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն իր երեք գործընկերների հետ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի երկիր՝ Ֆրանսիա, Բրազիլիա, Գերմանիա, հրավիրված էր մասնակցելու Բեռլինում սեպտեմբերի 1-30-ը կայանալիք ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանը։ Ի դեպ, ցուցահանդեսն այժմ էլ բավական մեծ հաջողությամբ գործում է, սակայն մեր նկարչի՝ Գերմանիա հասնելու ծանր ոդիսականը (ինչն, իմիջիայլոց, եզակի դեպք չէ այդ երկիր ոտք դնող հայերի համար) պատմելու արժանի է։ Ցուցահանդես մեկնելու համար օգոստոսի 6-ին Նիկոլ Աղաբաբյանը դիմում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն։ Ըստ նկարչի, դեռ դեսպանատանը ինքը զգում է անբարյացակամ վերաբերմունք. «Տասնյակ երկրներ եմ մեկնել ցուցահանդեսների, միշտ հրաշալի ընդունելության եմ արժանացել, այստեղի դեսպանատներն ամեն կերպ ընդառաջել են, որեւէ խնդրի առջեւ չեմ կանգնել։ Գերմանիայի դեսպանատունն առաջինն էր, որ այսպիսի կոշտ դիրքորոշում ուներ՝ 1000 տեսակ թղթեր պահանջեցին, բացատրում էի, որ ցուցահանդեսից ուշանում եմ, եւ այլն… Իրենց ոչինչ չէր հետաքրքրում։ Այդ վերաբերմունքը միանշանակ նույնն է բոլորի հանդեպ։ Չի հուզում, որ տուրիստական վիզա չի, բիզնես-վիզա չի, մշակութային ակցիա է»։ Նման անհաղորդ վերաբերմունքից վիրավորված, Աղաբաբյանը զանգահարում է Գերմանիա՝ հրաժարվում ցուցահանդեսին մասնակցելուց։ Սակայն այնտեղի գործընկերները համոզում են, որ քաղաքական ու դիվանագիտական խաղերն ու խնդիրները չպիտի խոչընդոտեն մշակութային կապերին։ Նիկոլը որոշում է Բեռլին մեկնել Սանկտ Պետերբուրգով, որտեղ նույնպես ցուցահանդես բացելու ծրագրեր կային։ Սանկտ Պետերբուրգից նստում է գնացք, բարեհաջող հասնում Բրեստ, եւ լեհական սահմանն անցնելուն պես սկսվում են պրոբլեմները. «Այնտեղ ինձ գնացքից ուղղակի իջեցրին։ Պատճառաբանությունը միակն էր՝ ես հայ եմ։ Երբ աղմկեցի, եկավ նրանց (լեհական մաքսատան) ղեկավարը եւ հայտարարեց, որ հայերին, ռուսներին, ուկրաինացիներին եւ էլի որոշ ազգերի չեն թույլատրում առանց տրանզիտ վիզայի իրենց երկրի միջով որեւէ տեղ մեկնել։ Եվ այդ ամենը՝ սարսափելի գռեհիկ եւ անշնորհք տոնով։ Իմ ոչ մի պատճառաբանություն, ոչ մի բացատրություն ուղղակի չէին լսում։ Հանեցին դուրս՝ այդքան նկարներով, բեռներով։ Որեւէ չափանիշ չկար. կուզեն՝ կթողնեն, չեն ուզի՝ կիջեցնեն»։ Այսքանից հետո, հենց հաջորդ գնացքով նրան ետ են ուղարկում Բրեստ։ Այստեղ նկարիչը դիմում է Լեհաստանի հյուպատոսարան, բացատրում, որ այս անհեթեթ միջադեպով նրանք տապալում են միջազգային ցուցահանդես. «Ոչ մի ռեակցիա։ Համառորեն պնդում էին, որ տրանզիտ վիզա չեն տալու։ Զանգահարեցի Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսարան։ Առաջին անգամ այսքան տարվա մեջ զգացի, որ իմ երկիրն իմ թիկունքին է։ Շատ կուզեի, որ մեր բոլոր հյուպատոսարաններն ու դեսպանություններն այդպես աշխատեին։ Մի խոսքով, հյուպատոսը նոտա ուղարկեց Մինսկ՝ Լեհաստանի դեսպանատուն։ Մինսկից պատասխանել էին, որ բոլոր խնդիրները կլուծվեն։ Նորից գնացի Բրեստում լեհական հյուպատոսի մոտ։ Վերջինս չքմեղացավ՝ ինչի՞ շուտ չէիք ասում։ Ի վերջո, նստեցի Մինսկ-Վարշավա, ապա՝ Վարշավա-Բեռլին գնացքները եւ ցուցահանդեսի բացումից ընդամենը 10 րոպե առաջ տեղ հասա։ Բոլորն այնտեղ արդեն գիտեին այս ողջ պատմությունը։ Բոլորը վրդովված էին՝ քաղաքականությունը, պրոբլեմները չպիտի անդրադառնան մշակույթի զարգացման վրա։ Բայց վիրավորվածությունս՝ իմ ազգի եւ երկրի հանդեպ վերաբերմունքից, ինձ ստիպեց, որ մի ամսվա փոխարեն 4 օր մնամ այնտեղ։ Սեպտեմբերի 5-ին վերադարձա։ Նկարները թողեցի, եկա»։ Այս վերաբերմունքին, ոչ միայն ըստ Նիկոլ Աղաբաբյանի, այլ բոլոր նրանց հավաստմամբ, ովքեր Լեհաստան կամ Գերմանիա գնալու անհրաժեշտություն են ունեցել, բախվում են գրեթե բոլոր հայերը. «Գիտեմ, որ շատ-շատ են հայերը, ովքեր անլեգալ ճանապարհով մեկնում են Լեհաստան ու չեն վերադառնում։ Բայց դա լավ օրից չէ։ Ժողովուրդը մի կերպ իր գլխի ճարը պիտի տեսնի։ Չեմ արդարացնում կարգազանցներին, նրանց, ովքեր ամեն գնով ուզում են հասնել Լեհաստան կամ Գերմանիա։ Հասկանում եմ, որ այնտեղ շատերը «համը հանում են», բայց դա չի նշանակում, որ բոլորին պիտի նույն՝ շատ վատ, վերաբերմունքին արժանացնեն։ Արվեստագետը նուրբ, փխրուն մարդ է, պետք չէ ջարդել։ Մի կոպիտ խոսքը ջարդում է։ Որտե՞ղ սրիկաներ չկան։ Նույն Եվրոպայում էլ սրիկաներն ու հանցագործները լիքն են։ Եվ այնքան հանցագործություն, որքանի ես ականատես եմ եղել Եվրոպայում, Հայաստանում երբեք չեմ տեսել։ Նույն գերմանացիները, որ մեզ վերեւից են նայում, մինչ օրս ամբողջ աշխարհից ներողություն են խնդրում իրենց գործած հանցագործությունների համար։ Բայց՝ ի՞նչ։ Ո՞վ է նրանց թույլ տվել, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի պոտենցիալ հանցագործի ու սրիկայի տեղ դնեն։ Եթե այստեղ սոցիալական մեծ պրոբլեմներ, դժվարություններ կան, դա չի նշանակում, որ մեզ պիտի վերից նայեն։ Առավել եւս՝ մեր մշակութային գործիչներին։ Մեր նկարիչների մակարդակն, ընդհանուր առմամբ, շատ ավելի բարձր է։ Այստեղ պրոֆեսիոնալները շատ են։ Այնտեղ լիքն են հոբբիի կարգով նկարչությամբ զբաղվողները, որ ավելի շատ չնկարչություն են ստեղծում։ Մենք պիտի հասնենք նրան, մեր իշխանությունները պիտի աշխատեն, որ մեր երկիրը հարգեն, մեր քաղաքացիների իրավունքները չոտնահարվեն»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել