Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետի դեմ՝ հատկապես

Սեպտեմբեր 25,2001 00:00

Մարզպետների դեմ խաղ չկա Վայոց ձորի մարզպետի դեմ՝ հատկապես Դեռ 1995-96թթ. Ջերմուկ քաղաքի (քաղխորհրդի նախագահ՝ Պանդուխտ Մանուկյան) ինն ամսվա բյուջեի կազմման ու կատարման վերաբերյալ ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչությունը իր ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել, որոնցից միայն մեկը բավական կլիներ ցանկացած այլ պաշտոնյայի դեմ հափշտակության, վատնման կամ առնվազն պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով քրեական գործ հարուցելու համար։ Տեղեկանքում սեւով սպիտակի վրա գրված է. «1995թ. բյուջեի գերակատարման գումարներից քաղաքի ժողկրթության բաժնին շինվերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հատկացվել է 12,0 մլն դրամ եւ բյուջեով նախատեսված 9,3 մլն դրամ, որից ստուգմամբ ընդգրկվել է 18,4 մլն դրամի կատարողական ակտերի կազմման ճշտությունը եւ արձանագրվել, որ անբավարար հսկողության հետեւանքով ավել կատարողական է ձեւակերպվել եւ վճարվել 10,0 մլն դրամ»։ Տեղեկանքը հետաքրքիր տվյալներ է պարունակում 95-96 թվերին Ջերմուկի տնտեսական վիճակի մասին, պարզվում է քաղաքի բյուջեի մուտքերը 95 թվին գերակատարվել են 190,9%-ով, այսինքն՝ նախատեսված 55,4 մլն դրամի դիմաց մուտք է եղել 105,8 մլն դրամ, որից կատարվել են «ոչ առաջնահերթ ֆինանսավորումներ», իսկ նպաստների եւ աշխատավարձերի գծով կուտակվել են պարտքեր։ Ֆիննախարարության կազմած տեղեկանքում նշված է. «Արձանագրվել է ոչ նպատակային ծախսման, միջոցների փոշիացման, շինվերանորոգման աշխատանքների հավելագրման, ապրանքանյութական արժեքների պակասորդների եւ այլ անօրինականություններ՝ գումարով 22,5 մլն դրամի»։ Ասենք, «գործադիր կոմիտեն 2 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով 95-ի ապրիլին եւ 96-ի հունվարին Ջերմուկի հանքային ջրերի գործարանին եւ «Շանթ» ՍՊԸ-ին է փոխանցել 4 մլն դրամ, որից ավտոմեքենաները չի ստացել եւ փոխանցված գումարն էլ չի վերադարձվել»։ Փաստերը բազմազան են, չծանրաբեռնենք ընթերցողին։ Այս փաստերի հիման վրա ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը նախ դիմել է ՀՀ կառավարության քարտուղարություն, ապա 05.09 եւ 24.09.96թ.՝ ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արմեն Երիցյանին՝ առաջարկելով «համապատասխան գործողություններ ձեռնարկել»։ Իսկ 23.10.96թ., երբ հավանաբար համոզվել է, որ իրավապահ մարմիններն այս գործով զբաղվելու մտադրություն չունեն եւ, երբ Ջերմուկի քաղաքապետ Պանդուխտ Մանուկյանը նշանակվել է նախ փոխմարզպետ, ապա մարզպետ, դիմել է նրան (գլխավոր պատասխանատուին), առաջարկելով «քննարկել ստուգման նյութերը, ձեռնարկել միջոցներ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ բյուջեի գումարները վերականգնելու համար»։ 96-ի նոյեմբերին Պանդուխտ Մանուկյանին անդրադարձավ «02» պաշտոնաթերթը՝ մազութի գործով քրեական գործ հարուցելու առաջարկով, բայց սա էլ անհետեւանք անցավ։ Հաջորդ անգամ մամուլը Վայոց ձորի մարզպետին հիշեց 98-ի դեկտեմբերին՝ «Արարատ» առողջարանի պայթյունի կապակցությամբ։ Թերթերը գրեցին, որ 12 կյանք խլած պայթյունը տեղի է ունեցել մարզպետի բանավոր հրահանգի պատճառով՝ օր առաջ հանքային ջրի շշալցման գործարանը շահագործման հանձնելու համար։ Գազատարն առանց պատշաճ տեխնիկական փորձարկումների կառուցելու եւ շահագործման հանձնելու համար պատասխանատվության ենթարկվեց 4 անձ, որոնցից մեկը հետագայում դատարանի կողմից արդարացվեց։ Մարզում այսօր խուլ դժգոհություն կա, նաեւ անհաղթահարելի վախ, ուստի չզարմացանք, երբ խմբագրության այցելուները ոչ միայն չուզեցին «բացահայտվել», այլեւ իրենց ձեռքով գրված ոչ մի թուղթ չթողեցին մեզ մոտ՝ «մարզպետը ձեռագրից» կճանաչի պատճառաբանությամբ։ Սակայն Պանդուխտ Մանուկյանից ազատվելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ վերը նշված փաստաթղթերը, որպես մասունք, ներկայացրել են խմբագրություն՝ նրանից ազատվելու վերջին հույսը կապելով դրանց հետ։ ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել