Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչը չհնչեց. սխալվեց «Հայոց տունը»

Սեպտեմբեր 25,2001 00:03

Նաիրի Հունանյանը նախորդ դատական նիստում հայտարարել էր, թե սեպտեմբերի 24-ին հանդես է գալու հայ ժողովրդին ուղղված կոչով։ Երեկ նա հերթական խոստումը չկատարեց (խոստացել էր չպատասխանել Աշոտ Սարգսյանի հարցերին էլ), փոխարենը իր հայտարարությունը առավոտ ծեգին լրատվամիջոցներին բաժանեց «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությունը։

«Հայոց տան» հայտարարությունից այն տպավորությունն ես ստանում, թե Հունանյանն արդեն կոչն արել էր, բոլոր խաղերը խաղացել եւ արդեն քաղաքական գնահատականների հնարավորություն էր ընձեռել կազմակերպությանը։ «Մենք դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ Ն. Հունանյանի կողմից հայտարարություն անելու դեպքում, քննության առնել այդ փաստը եւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու գաղափարը տարածելու համար քրեական գործ հարուցել Ն. Հունանյանի եւ, որպես օժանդակողի, դատավոր Ուզունյանի նկատմամբ, ինչպես նաեւ քննության առնել Ուզունյանի պատասխանատվության հարցը ՀՀ Սահմանադրության 98 հոդվածի համաձայն, դատավորի քաղաքական գործունեությամբ զբաղվելու անթույլատրելության մասին պահանջը խախտելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Իշխանությունների հերթական սադրանք էր համարել «Հայոց տունը» ամբաստանյալ Հունանյանի հնարավոր կոչը։ Սակայն «Հայոց տունը» սխալվեց, շտապեց։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը երեկ հայտարարեց, թե կոչով հանդես կգա հոկտեմբերի 1-ին։

Առաջ չընկնենք կոչի հնարավոր թույլատրելիությունը գնահատելիս, նշենք միայն, որ սեպտեմբերի 4-րդ նիստն է, ինչ ամբաստանյալին հարցեր է տալիս Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը։

Աշոտ Սարգսյան

Փաստաբանին երեկ հետաքրքրում էր, թե առհասարակ, ամբաստանյալի ներկայությամբ մարդ սպանե՞լ են, մարդու մահ (անգամ բնական) տեսե՞լ է ինքը կամ հաճույք ստանալու համար ամբաստանյալն ինքը որեւէ կենդանու սպանե՞լ է հարցերը։

Ամբաստանյալը հայտարարեց, որ խուսափել է անգամ «ոչ հաճույք ստանալու համար» գործողություններ կատարել որեւէ կենդանու նկատմամբ։ Այս հարցին հետեւեց մեկ այլ վիճակի ճշտում. փաստաբանին հետաքրքրում էր. սպանությունից հետո ամբաստանյալի նստելը նույն այն սեղանի շուրջ, որի տակ հոգեվարքի մեջ էր Յուրի Բախշյանը։ Այս կապակցությամբ ամբաստանյալը հայտարարեց. «Այդ վիճակն ինձ հատուկ չէ, ոչ էլ հարազատ»։

Հոգեբանական մեկ այլ հնարք էլ օգտագործեց փաստաբանը՝ հարցնելով. «Դա լրագրողական կյանքով ապրող մարդու իրավիճա՞կ է»։ Ինչը մնաց անպատասխան։ Փաստաբանի կողմից կասկածի տակ դրվեց նաեւ զենքերից մեկի փորձարկումը բնակարանում եւ երկու ինքնաձիգի չստուգելը։ Ինչ վերաբերում էր հոկտեմբերի 26-ին ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի տրամադրությանը (ագրեսի՞վ էր, հանգի՞ստ, լա՞վ), ամբաստանյալ Հունանյանը պատասխանեց. «Նա բավականին վճռական էր տրամադրված», իսկ երբ հետեւեց հարցը, թե ո՞ւմ հանդեպ՝ ձե՞ր, ամբաստանյալը պատասխանեց, թե հիմք չուներ։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց վկա Տիգրան Նազարյանի հետ ամբաստանյալի հոկտեմբերի 25-ի հեռախոսազրույցին։

Ամբաստանյալը հայտնել էր, թե Նազարյանի հետ զրուցել է ժամը 15-ին, մինչդեռ դատաքննական ցուցմունքի ժամանակ հայտնել էր, թե հոկտեմբերի 25-ին տանից դուրս է եկել 14-15-ի սահմաններում։ Հեռախոսային մեկ այլ զրույց, արդեն հոկտեմբերի 27-ին, Տիգրան Նազարյանի անունով արձանագրվել էր 40-94-80 բջջային հեռախոսահամարով եւ ժամային շեղումներ եւս նկատվել էր։

Հետեւեց փաստաբանի հետ հարցուպատասխանը.

– Դո՞ւ ես զանգել ժամը 16։32-ին։
– Այո։
– Ո՞ր տրամաբանությամբ ես զանգում Տիգրան Նազարյանին, երբ գիտես, որ նա ԱԺ շենքում չէ։
– Այդ մասին ցուցմունքներ տվել եմ։
– Նա ֆիզիկապես հնարավորություն չուներ քեզ հետ խոսելու։ Նա քնած էր։
– Քնած լինելը աշխարհից հեռանալ չի։
– Կհիշե՞ս ինչի մասին էր զանգը։
– Երեւի անցագրի։

Ի դեպ, վկա Տիգրան Նազարյանի մասին շրջիկ լուրերն ասում են, որ նա այս տարվա սեպտեմբերի 11-ին, գտնվելով Ամերիկայում, դուրս է եկել Պենտագոնի շենքում գտնվող ահաբեկչության բաժնից եւ նրա մասին առայժմ տեղեկություններ չկան։

Անդրադառնալով նոյեմբերի 16-ին գլխավոր դատախազին ուղղված ամբաստանյալի դիմումին, փաստաբան Սարգսյանը հարցրեց Հունանյանին, թե ինչպես է եղել, որ դիմումում նշել է, որ Բադալյանը կապ չունի հանցագործության հետ եւ չի նշվել, որ Մուշեղ Մովսիսյանն էլ կապ չուներ։ Այստեղ հետեւեց անտրամաբանական մի պատասխան. «Գլխավոր դատախազը փոխվել էր եւ ես չէի վստահում»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930