Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր

Սեպտեմբեր 25,2001 00:00

Նույն տեմպերով առաջ է ընթանում Մեր երկրում ոչ մի բան այնքան հեշտ չի կատարվում, որքան անօրինականությունն ու ապօրինությունը։ Տուժողների բողոքներն էլ սովորաբար շատ օպերատիվ պատասխան են ստանում՝ «գլխի տակ փափուկ բարձ դնելու» դասական գործելակերպով։ «Առավոտի» ընթերցողներին լավ հայտնի Մաշտոցի 20 հասցեի բնակիչները մեր թերթում տպագրված «Վաճառվել է Մաշտոցի 20 շենքի արեւն ու օդը» հոդվածին Երեւանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանի պատասխանը գնահատում են իրենց «լռեցնելու եւ ժամանակ շահելու համար» քայլ։ Հիշեցնենք, նշված շենքի բնակիչներն իրենց բակում կառուցվող 9 հարկանի բնակելիի շինարարության դեմ բողոքել են, բնականաբար, ոչ միայն «Առավոտին»։ «Անուր» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շենքը գրավել է շենքի բակը՝ հերիք չէ, փակում է նաեւ մի քանի բնակարանների բնական լույսի, բակի կողմից՝ հրշեջ մեքենաների ճանապարհը։ Պրն Կոտոլիկյանը այս առիթով նաեւ «Առավոտին» էր պատասխանել, որ ի հաշիվ կառուցապատողի՝ շենքերի միջեւ կպահպանվեն հակահրդեհային նորմերը։ Մենք երեկ եղանք շինարարության վայրում։ «Շենքերի միջեւ» արտահայտությունն այս դեպքում բացարձակապես անկիրառելի է. կառուցվող շենքը մի կողմից այնպես ամուր է կպած Մաշտոցի 20-ին, որ շինարարության ավարտին միայն նյութերի թարմությամբ կարելի կլինի դրանք տարբերակել։ Եթե հակահրդեհային նորմերն ապահովելու նպատակ ունենային, մեկ օրով գոնե շինարարությունը կդադարեցվեր։ Մինչդեռ, ինչպես բնակիչներն են պնդում, «շինարարությունը ոչ մի օր չդադարեց, բանվորներն աշխատում են ժամը 7-ից մինչեւ 20-ը, առանց շաբաթ եւ կիրակի օրերի, խանգարելով մեր հանգիստը»։ Ս. Կոտոլիկյանն իր պատասխանում շենքը անվանում է ոչ թե կառուցվող, այլ վերակառուցվող։ Սա էլ մի ուրիշ պատմություն է։ «Անուր» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շենքի տեղում Բուզանդի 53, 55 շենքերն են եղել։ Դրանք ոչ թե վերակառուցվում են, այլ քանդվել են։ Քանդվածներն էլ մեկ հարկանի են եղել, ինչպես հայտնեցին բնակիչները, իսկ կառուցվողը 9 հարկանի պետք է լինի (թեեւ վերոնշյալ վարչությունը հայտնում է, որ բակի կողմից հարկայնությունն իջեցվելու է, սակայն հակահրդեհային նորմերի պահպանության մասին հավաստիացումներն էլ դրանք անտեսելուն զուգահեռ են արվում)։ «Շինարարությունը կատարվում է ոչ միայն Բուզանդի 53, 55 շենքերի հողատարածքի վրա, այլեւ հափշտակված է Մաշտոցի 20 շենքի բակը, փակված է դեպի Մաշտոցի 20 շենքի բակ մուտքը Բուզանդի փողոցից»,- գրում են բնակիչները։ Ի դեպ, Բուզանդի 55 շենքի մի մասը կանգուն է, ինչքան որ կարող էր մնալ շենքի մյուս մասը հարվածող գործիքներով քանդելուց հետո։ Այստեղ մարդիկ են ապրում, իսկ «Հայսեյսմշին» ԳՀԻ-ի շենքերի եւ կառուցվածքների սեյսմակայունության տեսության լաբորատորիայի տեղեկանքում ի թիվս բազմաթիվ վնասվածքների, ճաքերի խորացման ու նորերի առաջացման, բացվածքների, նկատելի ճկվածքների, ծածկի անջատման, նշվում է. «Տանիքի փայտե կոնստրուկցիաներում կան կոտրված մասեր եւ փլուզումներ, որոնք առաջացել են տան աջակողմյան մասի քանդման հետեւանքով հարվածների ցնցումներից»։ Այս մարդու տունն այսպես են քանդել, մյուսներին էլ շուտով արեւից ու օդից կզրկեն։ Կարեւորը՝ նրանք «օրինական» են գործում՝ ունեն համապատասխան թույլտվությունը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել