ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԳՈՐԾԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ Առանց եղածը քանդելու ՀՀ ներկայիս կառավարության որեւէ որոշում այլեւս չի զարմացնում իր անմտությամբ։ 2001թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կայացվել է հետեւյալ որոշումը. «ՀՀ առողջապահության նախարարության՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի Երեւանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ նվիրաբերել Կանանց առողջության պահպանման ասոցիացիային՝ կանանց առողջության կենտրոն ստեղծելու եւ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար»։ Նշյալ հասցեում Մամոգրաֆիայի կենտրոնը զբաղեցնում էր առաջին եւ նկուղային հարկերի մի հատվածը։ ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի հրամանով, շենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հարկերը եւ նկուղային հարկի մնացած մասը՝ 1564 քմ տարածքով, 18652142 դրամ հաշվեկշռային արժեքով նվիրաբերվեց ասոցիացիային: Այս որոշմանը, բնականաբար, հետեւեց նշյալ շենքի երեք հարկերում տեղակայված երեք բաժինների՝ Սեքսոպաթոլոգիայի, Մանկական գինեկոլոգիայի եւ Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքների աշխատակիցների բողոքը։ Այս մասին զրուցեցինք Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Գեւորգ Պողոսյանի եւ մյուս կողմից՝ Հրանուշ Հակոբյանի հետ։ Գ. Պողոսյանը ինքն էլ գիտե, որ շենքը պատկանում է ՀՀ առողջապահության նախարարությանը, որն էլ իրավունք ունի օգտագործել այն, ինչպես ուզում է։ Սակայն տպավորություն է ստեղծվել, որ, այսպես կոչված, այս «օպտիմիզացիան» պրակտիկորեն արվում է մի բանի համար, որպեսզի շենքերն ազատվեն ու վաճառվեն։ «Ես դեմ չեմ մասնավորեցմանը, վերանորոգված լավ վիճակում հիվանդանոցներին։ Բայց, ավելի լավ կլիներ՝ մտցվեր ոչ միայն մասնավորը, այլեւ ապահովագրականն ու անվճարը։ Մամոգրաֆիայի կենտրոնը, որը դիագնոստիկ կենտրոն է եւ զբաղվում է շատ նեղ՝ կրծքագեղձի պրոբլեմով, իսկապես շատ լավ եւ բարձր մակարդակի գործ է կատարում։ Բայց չպետք է մոռանալ, որ այս շենքում կան հիվանդներով լի երեք աշխատող բաժիններ, որոնց վրայով չի կարելի հենց այնպես անցնել։ Չստուգված տեղեկություններով, երբ երկրի նախագահը գտնվում էր ԱՄՆ-ում, այնտեղ նրա հետ հանդիպել է Ռիթա Պալեանը եւ խնդրել, որ այդ շենքը տրվի Մամոգրաֆիայի կենտրոնին։ Բնականաբար, խնդրին շտապ ընթացք է տրվել։ Առողջապահության նախարարն այդ հարցը մտցրել է կառավարություն եւ, երբ նրան հարցրել են, թե ինչ է գտնվում այդ շենքում, պատասխանել է, թե ամայի տարածքներ են։ Ուրեմն՝ կամ մինիստրը կատարում է ինչ-որ մեկի պատվերը, կամ տեղյակ չէ, որ այդտեղ երեք ծանրաբեռնված բաժիններ կան։ Երկրորդ հարցը. ինչո՞ւ է շենքը տրվում որպես նվիրատվություն, երբ պետք է վաճառվեր եւ գումարը մուտք արվեր պետբյուջե։ Շատ ծիծաղելի է, երբ գրպանումդ փող չկա, իսկ դու նվերներ ես անում։ Ուրեմն ուրիշ հոտ է փչում։ Սա էլ մի կողմ. ինչ խոսք, Ռիթա Պալեանը մեծ բարերար է եւ շատ գործեր է արել Հայաստանի համար։ Բայց հավատացեք, որ ոչ ես՝ որպես բժիշկ եւ ոչ էլ մեր բոլոր բժիշկները պակաս գործ չենք արել Հայաստանի համար եւ մինչեւ հիմա մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել ու չենք էլ ուզում։ Մենք ուզում ենք, որ մեզ չխանգարեն աշխատել»,- ասում է Գ. Պողոսյանը։ Հրանուշ Հակոբյանին հատկապես զայրացրել է վերոնշյալ բաժանմունքների աշխատակիցների զայրույթը, որոնք, ըստ տիկին Հակոբյանի, պիտակավորել են եւ վիրավորել բարերար Ռ. Պալեանի գործունեությունը։ «Անընդունելի է մարդուն պիտակավորել։ Եթե այս պետությունը նպատակահարմար է գտնում ընդլայնել ծրագիրը՝ ինքը որեւէ կոպեկ չծախսելով, ընդամենը տարածք տրամադրելով… Իսկ Հայաստանում ի՞նչն է շատը՝ տարածքները, ինչո՞ւ բառեր շպրտել, որ Ռիթա Պալեանն այնտեղ բիզնես է անում։ Ի վերջո, կարելի է պատիվ պահանջել։ Իսկ ո՞վ ասաց, որ սա իրենց սեփականությունն է, հոր օժիտն է, եւ մեկը եկել է՝ իրենց ձեռքից վերցնում է։ Կա պետություն, կա կառավարություն, որը տնօրինում է պետական գույքը եւ այդպես է նպատակահարմար գտնում, ինչո՞ւ են վիրավորում բարերարին, որը մեկուկես միլիոնի ներդրում է արել։ Ես չեմ որոշել այս շենքի մեզ տալը, ինքներդ էլ տեսաք որքան նեղվածք է եւ ծավալվելու տեղ չկա։ Ինքս էլ գնահատում եմ այդ բժիշկների աշխատանքը, հատկապես՝ Մանկական գինեկոլոգիայի բաժնի»։ Ընդ որում պետք է նշենք, որ կառավարության այս որոշումը մի հանելուկային կողմ էլ ունի։ Նվիրաբերությունն էլ դարձյալ հայկական ձեւով է արվում. ասոցիացիան եւ կենտրոնը պարտավոր են շենքի արժեքի չափով անվճար հետազոտություններ կատարել (՞)։ Ինչ խոսք, Մամոգրաֆիայի կենտրոնն էլ, վերոնշյալ երեք բաժիններն էլ կարեւոր են։ Օրական տասնյակ հիվանդներ են ընդունում եւ կարիքավորներին անվճար սպասարկում։ Երկու կողմում էլ բժիշկներ են, ովքեր գնահատում են միմյանց աշխատանքը: Այս դեպքում կառավարության ու առողջապահության նախարարի չգիտակցված քայլերն են պատճառը, որ բախում է առաջանում առողջապահության աշխատակիցների միջեւ։ Ինչո՞ւ չէր կարելի, եթե հանրապետությունում այդքան ազատ շենքեր կան, դրանցից մեկը տրամադրել Մամոգրաֆիայի կենտրոնին։ Վերջին տվյալներով, երեք բաժանմունքներին փոքրիկ տարածք է տրամադրվել կողքի ծննդատան շենքում, որը գտնվում է անմխիթար վիճակում, եւ ուր անհնար է հիվանդ ընդունել։ Սակայն ներկայացված վիճակից էլ պարզ է դառնում, որ այս հարցը ի սկզբանե եւ, այժմ էլ, մեր պետական այրերին երբեք էլ չի հուզել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ